26/12/2024

Աբխազիայում ապստամբող ընդդիմությունը նախագահի թեկնածու է առաջադրել․ Լուսանկար

Աբխազիայի նախագահի հրաժարականի պահանջը չկատարելու դեպքում համակարգող խորհուրդը կստեղծի ժամանակավոր կառավարություն։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է պատերազմի վետերանների «Արուա» (Ռազմիկներ) հասարակական կազմակերպության նախագահ, ընդդիմության ներկայացուցիչ Թեմուր Գուլիան։

«Եթե նախագահը հրաժարական չտա մինչև երեկո, մենք համակարգող խորհրդի կազմից ժամանակավոր կառավարություն կստեղծենք, կկանչենք բոլոր քաղծառայողներին աշխատանքի, կապահովենք աշխատանքային պայմաններ և կվերահսկենք պետական ​​կառավարման գործընթացը»,- ասել է Գուլիան։

Վետերանների կազմակերպության նախագահը նշել է, որ «երկիրը պետք է շարունակի ապրել»։

«Այսօր երկուշաբթի է։ Մենք չենք կարող ամեն ինչ այսպես թողնել, քանի որ մտածում ենք ժողովրդի ու պետության մասին, որը պետք է ապրի։ Դրա համար պետական ​​ծառայողները պետք է զբաղեցնեն իրենց աշխատատեղերը և աշխատեն»,- ասել է նա:

Գուլիան նաև հայտնել է, որ ընդդիմությունը Աբխազիայի պետական ​​հեռուստառադիոընկերությունից առավելագույն անաչառություն է պահանջում։ «Հիմա լրիվ կողմնակալ են, լուսաբանում են մի կողմը՝ իշխանությունների կողմը, իսկ մենք նրանց համար սահմանադրություն խախտողներ ենք, ավազակներ, ծայրահեղականներ։ Շուտով ժողովրդի թշնամիներ կկոչեն»,- ասել է վետերանների կազմակերպության նախագահը։

Ընդդիմությունը նախքան նոր ընտրությունների անցկացումը վարչապետի և նախագահի պաշտոնակատարի պաշտոնների համար առաջարկում է փոխվարչապետ, ֆինանսների նախարարության ղեկավար Վլադիմիր Դելբայի թեկնածությունը, նշել է պատերազմի վետերանների «Արուա» հասարակական կազմակերպության նախագահը։

«Մեր պահանջները հետևյալն են․ մենք առաջարկել ենք փոխվարչապետ և ֆինանսների նախարար Վլադիմիր Դելբային նշանակել վարչապետ և նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ միաժամանակ արձակելով կառավարության ողջ կազմը, ներառյալ ուժայիններին։ Միանգամայն ընդունելի պայման է»,- ասել է Գուլիան։

Ընդդիմությունը Աբխազիայի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու է առաջադրել