Ադրբեջանական պրոպագանդան կաշվից դուրս է գալիս Cop29-ին միջազգային հնչեղություն, դիվանագիտական, քաղաքական մեծ նշանակություն հաղորդելու, ավելի շուտ Բաքվում տեղի ունեցող միջոցառումը այդպիսին ներկայացնելու համար:
Որքան շատ են աղմկում այդ առնչությամբ, այդքան առավել ակնառու է դառնում այն, որ իրավիճակը մեղմ ասած հեռու է այդ հնչեղությունից, այլապես ադրբեջանական պրոպագանդայի փոխարեն կխոսեր միջազգային մամուլը:
Բայց միջազգային մամուլը Բաքվում կայացողի առնչությամբ չունի որևէ խոսելիք, որովհետև այն միջազգային քաղաքականության տեսանկյունից չի ներկայացնում որևէ հետաքրքրություն: Բաքվի համաժողովը չարժանացավ մի շարք առանցքային պետությունների առաջին դեմքերի ուշադրության:
Տարբեր պատճառներով Բաքու ժամանելուց հրաժարվել են ԱՄՆ, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իրանի նախագահները, Հնդկաստանի վարչապետը, Սաուդյան Արաբիայի արքայազնը, Իտալիայի վարչապետը, այլ երկրների ղեկավարներ ու նախագահներ: Ադրբեջանում անցկացվող գագաթնաժողովը Կլիմայի հարցերի գագաթնաժողովների շարքում ստացվել է թերևս ամենանվազ ներկայացուցչականը, փոխարենը սկանդալներով լեցունը:
Այդպիսով, համաշխարհային առաջնորդները, առանցքային դերակատարներն իրենց որոշումներով ու դիրքորոշումներով Իլհամ Ալիևին ցույց տվեցին իր տեղը, այն հավակնությունների համատեքստում, որ նա ունի: Ալիևը հավակնում է լինել ռեգիոնալ տերություն, սակայն նրան ցույց տվեցին, որ համենայն դեպս որևէ առանցքային օրակարգում չկա այդ հավակնության հետ հաշվի նստելու կամ այն դիտարկելու ցանկություն:
Այո՛, Ադրբեջանին դիտարկում են էներգետիկ կարևոր գործընկեր, էական հանգույց Հյուսիս-հարավ և Արևելք-արևմուտք հոսքերում, Կասպիցի ավազանում: Բայց այդ ամենով հանդերձ, նրան դիտարկում են ավելի մեծ օրակարգերը «սպասարկող», այլ ոչ թե օրակարգերի ձևավորման թեկուզ ռեգիոնալ մասնակից: Սա է պատճառը նաև, որ ադրբեջանական պրոպագանդան դուրս է գալիս կաշվից՝ ցույց տալու համար, թե միջազգային ինչ կարևոր միջոցառում է Ադրբեջանում:
Անշուշտ, Ալիևի «երազախաբությունը» ամենևին չպետք է խաբկանք դառնա Հայաստանի համար, որովհետև Ադրբեջանն իր հավակնություններով շարունակում է լինել Հայաստանի համար լրջագույն մարտահրավեր, իսկ բուն Կլիմայի գագաթնաժողովն իր հերթին նաև պարունակում է Հայաստանի տնտեսության համար լուրջ ռիսկեր, որ բխում են Ադրբեջանի շինծու մեղադրանքներից՝ շրջակա միջավայրը վտանգելու հետ կապված:
Բաքուն թիրախավորում է Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկություններն ու ատոմակայանը՝ լավ պատկերացնելով, որ այդ կերպ հարվածի տակ է դնում Հայաստանի տնտեսության համար առանցքային, համակարգային, համակարգաստեղծ նշանակություն ունեցող ձեռնարկությունների աշխատանքը, նաև միջազգային վարկը, հետևաբար նաև Հայաստանի ներդրումային իմիջը:
Այլ կերպ ասած, եթե աշխարհի առաջատարները Բաքվին ցույց են տվել իր տեղը, ապա դա որևէ ուղիղ ազդեցություն չունի Ադրբեջան-Հայաստան գործընթացի հանդեպ նրանց վերաբերմունքի և պատկերացումների վրա:
Հետևաբար, Հայաստանն այդ առումով պետք է չթուլանա, և ավելին՝ պատրաստ լինի համակարգային և իստիտուցիոնալ դիմակայության, քանի որ Ադրբեջանը շարունակելու է կառուցել Հայաստանի տնտեսության թիրախավորման իր արշավը՝ ձգտելով Կլիմայի գագաթնաժողովը օգտագործել այդ արշավին այսպես ասած միջազգային օժանդակության պատրանք ստեղծելու համար:
Այդ ռիսկը թերագնահատելը հավասարազոր կլինի անվտանգության ռիսկերը թերագնահատելուն, առավել ևս, որ տնտեսությունն անվտանգության հիմքն է:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հեռանկարի տեսանկյունը