21/11/2024

Թուրքիան հանդարտ գրավում է Ռուսաստանը՝ կուլ կտա՞ ․․․

«Նեզավիսիմայա գազետան» ահազանգում է, որ Թուրքիան Կենտրոնական Ասիան «վերանվանել է Թուրքեստան» և մեծացնում է այդ կարևորագույն տարածաշրջանում ազդեցությունը: Ընդ որում՝ «Մեծ Բրիտանիայի հովանավորությամբ»:

Պարբերականը ձևակերպում է, որ դա ուղղված է Ռուսաստանի և Չինաստանի աշխարհաքաղաքական շահերի դեմ: Ո՞րն է հակազդեցության Մոսկվայի հնարավորությունը՝ վերլուծականի հեղինակը նույնիսկ չի ակնարկում:

Պետք է հիշել Թուրքիայի MIT-ի ներկայիս տնօրեն Քըլըչի հայտարարությունը, որ նա արել է՝ զբաղեցնելով նախագահ Էրդողանի գլխավոր խորհրդականի պաշտոնը: «Մենք կարող ենք Ռուսաստանը պայթեցնել ներսից». ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին Էրդողանի մասնակցության մասին նրա գրասենյակը ծանուցել է, որ նախագահը «մեկնում է Թաթարստանի մայրաքաղաք Կազան»:

Բայց տեղեկատվությունը, որ սոցիալական ցանցերում է տարածվել, բոլոր առումներով սենսացիոն է. չեչենական «Ահմատ» զորախմբի հրամանատար Ապտի Ալաուդինովը հայտարարել է, որ իրենք Կուրսկի մարզում հյուսիսկորեացի զինվորների հետ միասին չեն կռվի, քան որ նրանք «աստվածուրաց աթեիստներ են»:

Ալաուդինովը ՌԴ ԶՈՒ գեներալ-մայոր է, զբաղեցնում է ՊՆ անձնակազմի հետ աշխատանքի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը: Եթե խորհրդային բանակի օրինակով բնութագրենք, ապա չեչեն գեներալը ԶՈՒ անձնակազմի քաղաքական պատրաստվածության թիվ երկրորդ պատասխանատուն է:

Այդ կարգավիճակի պաշտոնյան նախ հրապարակային բացահայտել է, որ ռուսական բանակի շարքերում հյուսիսկորեացի զինվորներ կան, ինչը Մոսկվան կտրականապես հերքում է, ապա «Ահմատը» փաստացի առանձնացրել ՌԴ ԶՈՒ-ից և վերջապես քարոզել էթնիկ-կրոնական այլատյացություն:

Ռուսաստանի ԶՈՒ գեներալ-մայորի գնահատմամբ՝ ովքեր հավատացյալ չեն, լիարժեք մարդ և, մանավանդ, զինվոր չեն կարող լինել: Իսկ եթե հաշվի առնենք, որ չեչեններն իսլամադավան են, ապա Ալաուդինովի ասածից հետևում է, որ նրանք կռվում են «Ալլահ աքբար» կարգախոսով:

Ո՞ւմ դեմ են կռվում չեչենները, հայտնի է. ուկրաինացիներն ուղղափառ քրիստոնյաներ են: Իսկ ովքե՞ր են ռուսները: Նույնպես ուղղափառ քրիստոնյաներ են: Եվ եթե պատերազմը գնահատենք Ալաուդինովի տրամաբանությամբ, ապա կստացվի, որ ՌԴ ԶՈՒ «Ահմատ» հատուկ նշանակության զորախումբն «Ալլահ աքբար» կարգախոսով պատերազմ է մղում ռուս ուղղափառ հավատի, Ռուսաստանի քրիստոնեական ինքնության դեմ:

Ահա թե ուր կարող է հասցնել ԱՄՆ-ի, հավաքական Արևմուտքի, եվրաատլանտյան քաղաքակրթության դեմ Ռուսաստանի ռազմաքաղաքական էլիտայի պաթոլոգիկ ատելությունը: Ալաուդինովի հայտարարությունը մի բան է նշանակում. Ռուսաստանը ներսից օկուպացված է թուրք-իսլամական ծայրահեղականության կողմից:

Ի՞նչ է լինելու հետպատերազմական Ռուսաստանում: Նույնիսկ ստալինյան բռնատիրության պայմաններում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տարիներ են պահանջվել, որպեսզի կազմակերպված հանցավորությունը չեզոքացվի: Դրան, ըստ երևույթին, գումարվելու է «Ալլահ աքբար» ինքնության լեգիտիմացման պահանջը: Եվ ի՞նչ, Ռուսաստանում Ոսկե հորդայի գերիշխանությո՞ւն է հաստատվելու:

Գուցե Ռուսաստանի «բացառիկ ինքնություն» ասելիս Վլադիմիր Պուտինը հենց դա էլ նկատի՞ ունի: Այդ դեպքում Թուրքեստանի խնդիրն ինքնին կկարգավորվի: