22/11/2024

Ինչի շուրջ են հավաքված՝ քյարի ու վախի, շանտաժի ու կոմպրոմատների

Ենոքավանում մատաղի մասին ֆեյսբուքյան հրապարակման գիշերը Փաշինյանը մատաղ արեց թիմին։

Հրապարակ թերթը գրել է․ Մի գիշերվա մեջ պաշտոններին հրաժեշտ տվեցին Փաշինյանին հլու-հնազանդ ծառայած մի խումբ բարձրաստիճաններ՝ համադասարանցի ու «զեմլյակ» ՆԳ նախարար Վահե Ղազարյանից մինչեւ «նախկինների» դեմ հարուցված քրեական գործերի ձգձգման մասին Փաշինյանի համար կինո նկարած ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյան, եկամուտների հավաքագրումը գերակատարող ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան, երկրով մեկ ասֆալտ փռած ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան, Հովիկ Աղազարյանին բացահայտող ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյան ու նախկիններին պատժելու գործում հմտացած Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյան։

Այս պաշտոնանկությունները՝ կառավարության վերջին նիստին իրեն «քյասիբի ռադիոյի» հետ համեմատած Փաշինյանի ելույթից հետո սպասելի էին։ Նա դժգոհ է, որ «նույն մարդիկ, որ ճռիկ-վռիկներ էին անում, էլի նույն բանն անում են», «ո՞նց կարա պետության մեջ ընդհանրապես որեւէ մեկը թպրտա»,- ասաց բոլոր ձախողումներում մեղավորներ փնտրելու եւ կարգելու գործում վարպետացած Փաշինյանը եւ սկսեց հասարակության աչքին թոզ փչել, քավության նոխազ սարքել թիմակիցներին։

Շատերի կարծիքով, Փաշինյանի կերպարանափոխությունն ու աջուձախ բոլորին քննադատող «հին Նիկոլի» վերադարձի շոուն եթե ոչ արտահերթի նախապատրաստություն է, ապա աշխատանք՝ ուղղված նվազող էլեկտորատին՝ թեկուզ 2026-ի հերթական ընտրությունների համար։

Կառավարության նիստում «պետության դեմ թպրտացողների» մասին Փաշինյանի հայտարարությունը, Հարվարդի համալսարանի մագիստրոս, Հանրային կառավարման եւ քաղաքականության փորձագետ Հովհաննես Ավետիսյանի կարծիքով, ուղղված էր ընդդիմադիր դաշտին։ «Ինքը դժգոհ է ոչ թե նրա համար, որ իրավապահ համակարգի պատասխանատուներն օրինական դաշտում չեն գործում, այլ որ իր հրամանները չեն կատարում կամ կատարում են մասնակի, օրինակ` իմ դեպքում։ Քանի որ Փաշինյանը պոպուլիստ ավտորիտար ղեկավար է, նա չի գործում ընդունված կանոններով եւ ժողովրդավարական սկզբունքներով՝ հանրությանը չի ներկայացնում, թե այս կամ այն մարդուն ինչ արժանիքների, ինչ փորձառության ու գիտելիքի հիման վրա է նշանակում եւ ազատում։ Նա չափում է նրանց աշխատանքի որակն իր անձին ծառայելու եւ իր հրահանգները կատարելու աստիճանով։ Սա նաեւ հաղորդագրություն է մյուսներին, որ խելոք պետք է կատարեք իմ հրամանները, հակառակ դեպքում բոլորիդ հետ այսպես եմ վարվելու»,- «Հրապարակ»-ին ասում է Ավետիսյանը, որը եւս հետապնդվում է Փաշինյանի իշխանության կողմից։

Նա կարծում է՝ Փաշինյանը փորձում է կերպարանափոխման միջոցով կեղծ օրակարգ ստեղծել, որ մարդիկ խորքայինը թողնեն ու դա քննարկեն։ Ըստ մեր զրուցակցի՝ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին հրապարակավ պատժում է նաեւ արեւմտյան կառույցներին ուղերձ հղելով, որոնք պաշտոնից հեռացված որոշ անձանց մասով վերապահումներ ունեին։

«ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն հարյուրավոր միլիոններ են դրել իրավապահ համակարգում, եւ իրենք էլ իրենց խաղն ունեն՝ նրանց ոչ հրապարակային պահանջն է եղել, որ անձանցից ոմանք, որոնք հեռացվել են, չլինեն համակարգում։ Քանի որ նա աջակցություն ունի արեւմտյան կառույցներից, նաեւ նրանք շատ լավ գիտեն, թե Հայաստանում այդ ապօրինի հրահանգների մասով ինչ է կատարվում։ Նաեւ մենք ենք ծանուցել ԱՄՆ դեսպանին, ԵՄ գրասենյակին, եւ սա առաջին դեպքը չէ, չհաշված կոռուպցիոն դրսեւորումները։ Այս պաշտոնանկություններով նրանց էլ է մեսիջ հաղորդում, որ, տեսեք՝ ես զբաղվում եմ, փորձում եմ համակարգը կարգավորել, դուք շարունակեք ինձ աջակցել։ Այնինչ, ամեն ինչի խնդիրը հենց ինքն է՝ իր անձը։ Քանի որ նա անպատասխանատու եւ ստախոս ղեկավար է ու խաբել է հանրությանը, պաշտոնների է նշանակել միջակությունից ցածր կարողություն ունեցողներին, որոնք պատրաստ են իր հրահանգները կատարել ու սպասում են իրենց հերթին, քանի որ միայն այդ կարողություններով մարդիկ են համաձայնում իր հետ աշխատել։ Հիմա մենք տեսանք՝ որոշ ժամանակ այս մի քանիսին օգտագործեց, հետո մյուսներին կօգտագործի, եւ իր համար կապ չունի՝ իր կուսակիցն է, թե ոչ, նա բոլորին է օգտագործելու»,- բացատրում է մեր զրուցակիցը։

Տեղի ունեցածը վկայում է ներթիմային ճաքերի՞ մասին։ Հովհաննես Ավետիսյանը կարծում է՝ այո, Փաշինյանի հենասյուների ճաքերը կան, բայց, ցավոք, ընդդիմությունը դրանից չի կարողանա օգտվել՝ հաշվի առնելով անկազմակերպ լինելու հանգամանքը։ «Գործիքի առկայությունը շատերը չեն տեսնում։ Ոչ բռնի պայքարը շատ մեծ գործիքակազմ ունի, դա վերաբերում է նրան, երբ դու իշխանությանը հակադարձում ես ոչ բռնի պայքարով եւ գրագետ գործողություններով, որին իշխանությունը հակադարձելու է բռնի ուժով։ Երբ իշխանությունն անհամաչափ ուժ է կիրառում, դա պետք է օգտագործվի իր դեմ, որովհետեւ, երբ այն օգտագործում ես իր դեմ, նրա հենասյուներում ճաք է առաջանում»։ Ավետիսյանը շեշտում է՝ երբ իշխանությունը սկսում է իբրեւ թե մաքրել համակարգը, այդ համակարգի մյուս անդամները տեսնում են, որ նա կայուն գործընկեր չէ, ու ճաքերն ավելանում են համակարգի ներսում։

«Այստեղ հաջորդ քայլը հարվածելը շարունակելն է, որը տեղի է ունենում ե՛ւ տեսանելի, ե՛ւ անտեսանելի գործիքակազմով՝ բանակցություններ, զրույցներ այդ սյուներում տեղավորված համակարգին աջակից անձանց հետ, որոնք այս պաշտոնանկությունների օրինակով տեսնում են, որ իրենց օգտագործում են, ու երբ նրանց հետ չկա տարվող աշխատանք, եւ իրենք վախեր ունեն, որ իշխանափոխության ժամանակ իրենց պատժելու են, նրանք շարունակելու են հլու-հնազանդ ծառայել ռեժիմին»,- բացատրում է մասնագետը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն աղմկահարույց պաշտոնանկությունները հին անեկդոտով մեկնաբանեց. «Մեկին հարցնում են, թե դու գուլպաներդ փոխո՞ւմ ես՝ հիգիենայի տեսանկյունից, պատասխանում է՝ այո, ամեն օր աջ գուլպան հանում եմ, ձախ ոտքին եմ հագցնում, ձախ գուլպան՝ աջին։ Սա է իմ վերաբերմունքը Փաշինյանի կադրային փոփոխություններին։ Ակնհայտ է, որ Փաշինյանը փորձում է առաջ տանել царь хороший, бояре плохие ռուսական ասացվածքը եւ ստեղծել պատրանք, որ ինքը շատ է ուզում բարեփոխումներ իրականացնել, բայց թիմն իրեն խանգարում է։ Փաշինյանն անձամբ ինքն է կրում քաղաքական պատասխանատվություն՝ բոլոր ոլորտներում ձախողումների համար, եւ նրա այս շոու-ծրագրերն իր պատասխանատվությունը ոչ մի կերպ չեն մեղմացնում»։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասում է, որ արտահերթ ընտրություններին իրենք դեմ են, քանի որ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրությունները չեն կարող լինել մրցակցային ու արտահայտել ժողովրդի կամքը։

«Մենք համարում ենք, որ իշխանափոխությունը պետք է տեղի ունենա փողոցային գործընթացների ճնշման ներքո։ Տեղի ունեցած թե՛ ՏԻՄ ընտրությունները, թե՛ 2021 թ. արտահերթ ընտրությունները վառ ցույց են տալիս այն փաստը, որ Փաշինյանը չի կարող իրականացնել նորմալ էլեկտորալ եւ հետէլեկտորալ պրոցեսներ, վկան՝ Երեւանի ավագանու ընտրությունները։ Այնպես որ, մենք չենք համարում դա իշխանափոխության գործիք։ Կանխատեսում չեմ անի՝ նա պատրաստվում է դրան, թե ոչ, որովհետեւ տրամաբանական կանխատեսումները Նիկոլ Փաշինյանի պարագայում անշնորհակալ գործ են»,-նշում է Մամիջանյանը։

Ինչ վերաբերում է ներթիմային ճաքերին, ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, մեկնաբանության կարիք չունի այն, որ Փաշինյանը թիմին պահում է շանտաժի եւ կոմպրոմատների տրամաբանության մեջ․ «Իրենք են հայտարարում, որ գաղափարական հենք չունեն, արժեքաբանական հենք նույնպես չունեն, բա ինչի՞ շուրջ պետք է հավաքված լինեն։ Պարզ չէ՞, որ օգուտի, իսկ իրենց պարագայում՝ քյարի եւ վախի, շանտաժի ու կոմպրոմատների։ Այս երկու կապող բանը կա այդ թիմում»։