21/11/2024

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հեռանկարի տեսանկյունը

Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման շարունակության հարցը քննարկման փուլում է և չկա վերջնական որոշում: Ինչպես հայտնի է, դեկտեմբերին լրանում է առաքելության տեղակայման ժամկետը և առայժմ չկա պատասխան, թե ինչ է լինելու հետո:

Դրան զուգահեռ, օրեր առաջ Բաքուն բացահայտեց Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի չհամաձայնեցված բովանդակությունը, որտեղ, ըստ ադրբեջանական այդ գաղտնազերծման, Բաքվի պահանջներից մեկը հայ-ադրբեջանական սահմանին երրորդ ուժերի տեղակայում բացառելն է:

Եթե ԵՄ դիտորդները ներկայություն չեն ունենալու սահմանին, ապա նրանց ներկայությունը փաստացի իմաստազրկվում է: Արդյո՞ք այն քննարկումները, որոնց մասին խոսում է ԵՄ դեսպանը, ենթադրում են նոր իմաստի փնտրտուք, կամ գուցե ձևակերպում:

Բայց կարևոր է նաև, թե որոնք են քննարկումների կողմերը՝ Հայաստանն ու ԵՄ՞-ն՝ այդ թվում առանձին անդամներով, թե՞ նաև Ադրբեջանը: Հատկանշական է, որ, երբ շաբաթներ առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հայտարարեց, թե սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկից հետո չկա ԵՄ դիտորդների սահմանային մոնիտորինգի կարիք, ԵՄ ներկայացուցիչ Ստանոն հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է աշխատել և քննարկել հարցը նաև Ադրբեջանի հետ:

Հետևաբար, հարցադրումը, թե ո՞րն է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հեռանկարի վերաբերյալ քննարկումների մասնակիցների շրջանակը, միանգամայն հիմնավոր է:

Որովհետև եթե դրանում կա Բաքուն, ապա կասկածից վեր է, որ կա, ուրեմն գազը,չ և Ադրբեջանը խաղարկելու է այդ գործոնը՝ իր համար ցանկալի սակարկության համար: Սրան զուգահեռ, կա նաև ավելի լայն հարց՝ Թրամփի քաղաքականությունը: Պետք է արձանագրել, որ Եվրոպան ներկայումս գործոն է ԱՄՆ հովանու շնորհիվ: Հետևաբար, այդ հովանու այս կամ այն կողմ շարժվելը, կարող է իր մեծ ազդեցությունը թողնել Եվրամիության քաղաքականության վրա այն ռեգիոններում, որտեղ պահանջվելու է իսկապես կուռ վարքագիծ:

Մինչդեռ, Թրամփի քաղաքականությունը կարող է լինել այնպիսին, որ Եվրոպայում նույնիսկ խորանան բաժանարար գծերը, որոնք կան, իհարկե, շատ վաղուց, բայց որոշակիորեն ենթարկվում էին ամերիկյան քաղաքականությանը:

Թրամփը կպահի՞ դրանք, թե՞ բաց կթողնի: Սա կախված է մի շարք գործոններից, չունի միարժեք պատասխան, սակայն հարցը էական է և հիմնարար նաև Հայաստանում դիտորդական առաքելության հեռանկարի տեսանկյունից՝ դրա շարունակության բացառումից, մինչև նոր իմաստի ձևակերպում: