21/11/2024

ՌԴ-ին ուղղված հեռահար հարվածը կփոխի հակամարտության էությունը, Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք. Զախարովա

Մոսկվայի պատասխանը Ռուսաստանի տարածքում արևմտյան հեռահար հրթիռների հարձակումներին համարժեք և շոշափելի կլինի. Կիևի կողմից նման զինատեսակների օգտագործումն արմատապես կփոխի հակամարտության էությունը:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր տարածքում Կիևի կողմից հեռահար հրթիռների օգտագործումը նշանակում է ԱՄՆ-ի և նրա արբանյակների անմիջական մասնակցությունը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին, ինչպես նաև հակամարտության էության և բնույթի արմատական փոփոխությանը»,- ասել է դիվանագետը։

Զախարովան միաժամանակ ընդգծել է, որ դեռ պարզ չէ, թե արդյոք այս տեղեկությունը տարածող լրատվամիջոցները հիմնվում են պաշտոնական աղբյուրների վրա։ Սակայն ակնհայտ է, որ Կիևի արևմտյան դաշնակիցները մարտական գոտում Ուկրաինայի զինված ուժերի պարտությունների ֆոնին «խաղադրույք են կատարում Ռուսաստանի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմը սրելու վրա՝ փորձելով հասնել պատրանքային նպատակին՝ Մոսկվային ռազմավարական պարտություն պատճառելուն։ Սակայն ոչ մի հրաշք զենք, որի համար աղոթում են Զելենսկին և նրա կամակատարները, չեն կարող ազդել հատուկ գործողության ընթացքի վրա»,- նշել է դիվանագետը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 25-ի խոսքերը, երբ ՌԴ ղեկավարը հստակ նշել էր, թե ի՞նչ է իրականում նշանակում ՆԱՏՕ-ի գերճշգրիտ հեռահար զենքի կիրառման «թույլտվություն» ձևակերպումը։