Աղմկահարույց հրաժարակաները տարատեսակ քննարկումների առիթ են տվել։
«Հրապարակը» քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի հետ փորձեց պարզել, թե ի՞նչ հնարավոր դրդապատճառներ կարող էին ունենալ Փաշինյանի այս քայլերը ու ի՞նչ զարգացումներ կարող են լինել։
– Այս ազատումները բավականին կարևոր ինստիտուտների ղեկավարների հետ կապված ինչո՞վ էր պայմանավորված: Նոր մեղավորներ գտնելու խնդի՞ր էր դրված, թե՞ այլ գործընթացներ են գնում:
– Երբ նա փորձեց ներկայացնել իր նախկին կերպարը, այսինքն, ընդդիմադիր Նիկոլի կերպարը, որը եկել է ցույց տալու, որ ինքը մեղավոր չէ, իսկ մեղավորներին մաքրում է: Կա հասարակության բողոք, ու ինքն այդպիսով ցույց է տալիս, որ այդ բողոքի հետքերով է գնում: Գիտակցելով իր հանդեպ գահավիժող անվստահությունը, Փաշինյանը փորձեց հեղափոխության ժառանգներին փուռը տալ: Հեղափոխությունը խժռում է իր զավակներին, այդ սկզբունքով ինքը փորձում է վերադասավորվել և հանրության աչքին լավը երևալ։ Ամբողջ ողբերգությունն այն է, որ սեփական ժողովրդին հրամցնելով այդ հրաժարականները, փորձում է հավատացնել, թե ինքը նույնիսկ իր թիմակիցներին է պատժում, եթե բողոք կա: Բայց հաշվի չի առնում, որ ձկան գլուխն է առաջինը փտում, եթե ինչ-որ բան կա փոխելու՝ առաջինն իրենից պիտի սկսի: Սա ընդամենը քաղաքական շոու է, որոնք իր համար երկրորդական, երրորդական էշելոնի ներկայացուցիչ հանդիսացող մարդիկ են, որովհետև առաջին էշելոնը դա Ավինյան Տիգրանն է, Արարատ Միրզոյանն է, Ալեն Սիմոնյանն է, Սուրեն Պապիկյանն է, որոնց մասին ակնարկ եղել է, բայց իրենց մասով պարտադիր պայման, որ լքեն իրենց պաշտոնները՝ չի եղել: Նա տալիս է փուռը դեռևս երկրորդ, երրորդ էշելոնների կազմերը, և դրանով ամբողջ հանրությանը կտերով է կերակրում: Եվ անգամ չի մտածում, որ եթե մեկ տարվա մեջ միայն առանց թշնամու կրակոցի 39 զոհ է տալիս Պաշտպանության բանակը, առաջիններից ամենաառաջինը պետք է լիներ Սուրեն Պապիկյանը, որի հրաժարականը պիտի պահանջեր կամ ինքը սեփական դիմումով դուրս գար: Բայց արի ու տես, որ նման բանի մենք ականատես չեղանք:
– Եվ ի՞նչ է Փաշինյանը այսպիսով անում:
– Ենթադրում եմ, որ հունվար-փետրվար ամիսներին պատրաստվում է արտահերթ ընտրությունների: Անգամ դրանով ժողովրդին ցույց տալով, որ տեսեք, ես ունեմ հնարավորություն մինչև 2026 թվականը, մինչև հերթական ընտրությունները, բայց հարգելի ժողովուրդ, քանի որ ճգնաժամային ներքաղաքական իրավիճակ է, ես պատրաստ եմ թեկուզ մենակ գնալ ընտրությունների: Ես ավելին քան վստահ եմ, որ իրենց ներքին խոհանոցում, նրանք նաև խոսել են, թե ով է նավակը լքելու, ով է մնալու նավակում: Ով որ պատրաստվում է նավակը լքել՝ հիմիկվանից դիմումը թող գրի, դուրս գա: Նման խոսույթներ, առավել քան վստահ եմ, եղել են իրենց ներքին խոհանոցում:
– Այսինքն, հեռացողների համար սա հանկարծակի չի՞ եղել:
– Կարծում եմ, որ ոչ, որովհետև կառավարության նիստի ժամանակ, երբ նա ուժային կառույցների մասով իր դժգոհությունը հայտնեց, նորություն չէր: Ոչ մի ուժային կառույցի ղեկավարի համար այդ հայտարարությունից հետո նորություն չպետք է լիներ: Իր համար ինչ-որ Գնել Սանոսյան, իր մանկության ընկեր Վահե Ղազարյանին հեռացնելը, ովքեր երկրորդ-երրորդ էշելոնային խմբի մեջ են, նրանք հեղափոխության անմիջական մասնակիցները չէին, ջանք ու ամագ չունեին դրած, իսկ երբ որ հասնի Ալեն Սիմոնյան և այլն, առաջին էշելոնում ընդգրկվածներին, ինչ-որ տեղ կասեմ, որ իրոք ուզում է փոփոխություն: Բայց փաստն այն է, որ նման մարդը, այն էլ ղեկավար մարդը, ինչքան էլ մարդկանց փոխի բարձրաստիճան ղեկավարներից, կադրային փոփոխություններով հարցերը չեն լուծվի, խնդիրներն ու ճգնաժամերը չեն վերանա, որովհետև մեծագույն գերխնդիրն իր անձն է, այսինքն, ում էլ փոխեն, ում էլ բերեն փոխարենը, ինչ է տեղի ունենալու` ինստիտուցիոնալ փոփոխություննե՞ր են լինելու այդ կառույցներում, իհարկե` ոչ: Եվ այստեղ դեռ հարց է, թե այս ժամանակահատվածում որքանով է ճիշտ այդքան մարդու աշխատանքից ազատելը, կամ ովքեր են նրանց փոխարինողները, որոնց վաղը նորից «ժերտվա» է տալու:
– Իսկ առաջին էշելոնին «ժերտվա» տալու ժամանակը գալո՞ւ է:
– Ես ենթադրում եմ, որ այո, որովհետև ինքը վաղ թե ուշ կանգնելու է երկընտրանքի առաջ: Վաղը մյուս օրը ինքը իր բոլոր մեղքերը բարդելու է թե Պապիկյան Սուրեն պաշտպանության նախարարի վրա, թե Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վրա: Ես ավելի քան վստահ եմ, որ նույնիսկ այդ մարդիկ դա գիտակցում են, ես չգիտեմ, իրենք իրենց ապահովագրել են, թե ոչ, բայց համենայնդեպս թող իրենք էլ արդեն նկատի ունենան, որ իրենց ղեկավարն այնքան անկանխատեսելի մարդ է, որ վաղը իրենց էլ շատ մեծ սիրով «ժերտվա» կտա:
– Քյարամյանին հեռացնելը զարմանալի չէ՞ր:
– Զարմանալի էր, բայց ես կարծում եմ, որ եզակի բացառությամբ, ենթադրում եմ, Սասուն Խաչատրյանի ու Արգիշտի Քյարամյանի հետ կապված, կա ներքին համաձայնություն և չի բացառվում, որ նրանց այլ պաշտոնում կնշանակեն:
– Նշեցիք, որ պատրաստվում է արտահերթ ընտրություններին․ ուրեմն վստա՞հ է հաղթանակին:
– Ես ենթադրում եմ, որ ինքն այս քաղաքական տեխնոլոգիաները, ընդհուպ մինչև սափրվելն ու ժողովրդին նոր Նիկոլ ներկայանալը՝ չակերտավոր ասած, ժողովրդականություն վայելող, ղժղժան, ճվճվան Նիկոլը, ընդդիմադիր Նիկոլը, որը մինչ այդ հեղափոխական Նիկոլն էր, որը Մոնթեի, Լեոնիդ Ազգալդյանի, Մովսես Գորգիսյանի պատկերներով էր եկել, նրանց բառամթերքով էր ներկայանում և հեղափոխության ամբողջ տեխնոլոգիան դրված էր այդ հիմքի վրա: Իսկ հիմա ինքը սափրված նախկին Նիկոլն է՝ հեղափոխական, ղժղժան, ճվճվան, ով ինչ-որ տեղ կրկին վերադարձել է, որ ասի հանրությանը, որ ինքն արդար է, անկողմնակալ է ու որ իր համար նույնիսկ իր կադրերը կարող են պաշտոնները լքել, եթե լավ չեն աշխատել, որ մեղավորները կպատժվեն կամ կկորցնեն իրենց պաշտոնները:
– Իսկ այս հեռացումները ինչ-որ նոր զարգացումների առիթ կդառնա՞ն:
– Դատելով այս իրավիճակից, հակված եմ կարծել, որ ներքին լարվածություն կա ՔՊ-ի ներսում՝ առաջին էշելոն ասվածի ներսում, որոնք հիմա, վստահ եմ, մտահոգ են, բա լավ` մեր հերթը բա որ գա, ի՞նչ ենք անելու: Ապահովության համար անգամ կարող է հականիկոլական ինչ-որ կոալիցիաներ կամ շարժումներ սկսեն հենց ՔՊ-ի ներսում՝ դա էլ չի բացառվում: Եվ երկրորդը, հակված եմ կարծել, որ ինչպես առաջին դեմք Նիկոլ Փաշինյանն ունի հազար ու մի կոմպրոմատ բոլորի դեմ, այնպես էլ բոլորն իր դեմ ունեն կոմպրոմատներ, որոնք ինչ-որ ժամանակահատվածում, երբ ինչ-որ մեկի ոտքը տրորվի՝ նա ի ցույց կդնի: Ես իհարկե չգիտեմ իրենց ներքին պայմանավորվածությունները, բայց հակված եմ կարծել, որ այս լարվածությունը հիմա յուրաքանչյուրն է գիտակցում և բոլորն են փորձում վերադասավորվել։
Բաց մի թողեք
Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել, ինչու ․․․
«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ Լուսանկարներ
Թուրքական հովանոց չի լինում, այն յաթաղան է․ Աբովյան