21/11/2024

Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»

Եվրոպայի խորհրդի Էթնիկ փոքրամասնությունների շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեն հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ հերթական՝ հինգերորդ զեկույցը, որին բարեխղճորեն կցված են նաև պաշտոնական Բաքվի առարկությունները, որտեղ աչքի է զարնում մի դիտողություն:

Զեկույցի հեղինակներն արժանացել են կշտամբանքի, որ ուշադրություն են սևեռել միայն մեկ էթնիկ փոքրամասնության խնդիրների վրա և մոռացության մատնել մյուսներին։

Խոսքը զեկույցում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի, նրա անվտանգության, քաղաքական, հոգևոր-մշակութային և սեփականության իրավունքի երաշխիքների վրա «ուշադրություն սևեռելու» մասին է: Զեկույցի հեղինակներն Ադրբեջանի կառավարությանը կոչ են անում անհապաղ անցկացնել ԼՂ հայ բնակչության պատմամշակութային ժառանգության, քաղաքակրթական արժեքներ, անհատական և համայնքային սեփականության «արժանահավատ գույքագրում»։

Ի՞նչ հետևանքներ կունենա այդ զեկույցը, առաջին հերթին, թերևս, կախված է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների, քաղաքական ուժերի, ՀԿ-ների հետագա քայլերից: Իրավիճակը չափազանց հետաքրքրական է այն առումով, որ Ադրբեջանի կառավարությունը փաստացի Եվրոպայի խորհրդին կշտամբում է, թե ինչո՞ւ է ծանրանում միայն հայ բնակչության խնդիրների և նրա իրավունքների պաշտպանության հարցերի վրա, իսկ Ադրբեջանի ազգային այլ փոքրամասնություններին մատնում անուշադրության:

Պաշտոնական Բաքուն, ամենայն հավանականությամբ, հերթական անգամ ցանկացել է Եվրոպայի խորհրդին քննադատել «երկակի ստանդարտներ կիրառելու» և «միակողմանի-հայամետ դիրքորոշում ցուցաբերելու» մեջ, բայց ստացվել է այնպես, որ Իլհամ Ալիևը փաստացի «կրակը հրավիրում է իր վրա»։ Նա փաստացի ասում է, որ Ադրբեջանում բոլոր էթնիկ փոքրամասնություններն ունեն իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդիր։

Այս խոստովանությունը Եվրոպայի խորհրդին, եվրոպական մյուս կառույցներին հնարավորություն է տալիս Ադրբեջանում էթնիկ փոքրամասնությունների, ավելի ճիշտ՝ նախաբնիկ ոչ թուրքական ծագման ժողովուրդների քաղաքական, հոգևոր-մշակութային և քաղաքացիական ազատությունների խնդիրը քննարկել համալիր մոտեցման դիրքերից:

Ադրբեջանն իրեն ճանաչում է 1918-20 թվականներին գոյություն ունեցած ԱԴՀ իրավահաջորդ: Այդ կազմավորումը 1918թ. մայիսի 28-ին հռչակվել է որպես Արևելյան Անդրկովկասում բնակվող բոլոր ժողովուրդների պետություն և երաշխավորել է նրանց ազատ զարգացման իրավունքը: Ըստ էության՝ քաղաքականապես պոլիէթնիկ է եղել նաև Ադր.ԽՍՀ-ը, կուսակցական-պետական վերնախավում յուրաքանչյուր ազգություն ունեցել է ներկայացուցչական քվոտա:

Եվրոպայի խորհուրդն, ինչ խոսք, Ադրբեջանի սահմանադրական կարգի բարեփոխում իրականացնելու լիազորություն չունի: Բայց քանի որ Ադրբեջանի կառավարություն խոստավանել է, որ էթնիկ փոքրամասնությունների խնդիրն ունիվերսալ է, ուրեմն կարգավորումներն էլ պետք է լինեն ամբողջական-համալիր: Էթնիկ փոքրամասնությունների եվրոպական կոնվենցիայի կողմ հանդիսացող Ադրբեջանը պետք է իր պարտավորություններն ամրագրի ազգային օրենսդրությամբ:

Հակառակ դեպքում փոքրամասնությունների խնդիրները ոչ մի լուծում չեն ստանալու: Ադրբեջանի իշխանությունը համարում է, որ եթե թալիշներն իրենց խոհանոցում ազգային կերակրատեսակներն են պատրաստում և մայրենի լեզվով հաղորդակցվում, ուրեմն նրանք իրավունքները լիովին պաշտպանված են։ Ինչ վերաբերում է ԼՂ հայ բնակչությանը, ապա Բաքվի ներկայացմամբ՝ «նա չի կարող ավելի արտոնյալ լինել, քան Ադրբեջանի մյուս փոքրամասնությունները»։

Ստացվում է, որ գործնականում բոլորն իրավազուրկ են: Ադրբեջանի կառավարության վերոնշյալ առարկությունները լավագույնս են բնութագրում էթնիկ փոքրամասնությունների խնդիրը: Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»։ Այս դեպքում նա չի կարող պաշտպանվել ներքին գործերին չմիջամտելու սկզբունքով, չէ՞ որ ինքն է խոստովանել, որ մյուս փոքրամասնությունների և ԼՂ հայ բնակչության խնդիրները նույնական են։