21/11/2024

Թբիլիսիում ի՞նչ է ծրագրվում, հեղաշրջում կլինի՞

Վրաստանի խորհրդարանի երեսուն պատգամավորներ դիմել են Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս հոկտեմբերի 26-ի ընտրությունները հակասահմանադրական ճանաչի: Համանման հայց հարուցել է նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Ո՞րն է ընդդիմության հիմնավորումը՝ մանրամասնություններ հայտնի չեն, բայց, որքանով հասկացվում է «Միասնություն՝ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Թամար Կորձեայի հայտարարությունից, այդ քայլը մի նպատակ է հետապնդում՝ իրավական խոչընդոտ ստեղծել և թույլ չտալ, որ խորհրդարանը նոյեմբերի 25-ին նիստ գումարի:

Կորձեայի մեկնաբանությամբ՝ քանի որ երեսուն պատգամավոր վիճարկում է ընտրությունների սահմանադրականությունը, խորհրդարանի մանդատային հանձնախումբը չի կարող պատգամավորների լիազորությունները լեգիտիմ ճանաչել, ուստի վարչապետ Կոբախիձեի կողմից խորհրդարանի անդրանիկ նիստի գումարումը «կլինի հակասահմանադրական»:

Վրաստանի Սահմանադրական դատարանը նախագահ Զորաբիշվիլիի և երեսուն պատգամավորի հայցը պետք է քննության առնի մեկամսյա ժամկետում: Մինչ այդ ընդդիմությունը կշարունակի բողոքի ակցիաները: Ըստ տեղեկությունների՝ ցուցարարները կենտրոնացել են Թբիլիսի պետական համալսարանի տարածքում: Նոյեմբերի լույս 19-ի գիշերը ոստիկանությունը ցրել է Մելիքիշվիլիի պողոտայի վրանային ճամբարը, կան ձերբակալվածներ:

Այս համատեքստում Ռուսաստանի ՏԱՍՍ պետական գործակալությունը, հղելով «տարածաշրջանի աղբյուրին», տեղեկություն է տարածել, որ ԱՄՆ-ը Վրաստանում «կազմավորել է բողոքավորների խմբեր, որ նախապատրաստվում են գրոհել պետական հաստատությունները և հասնել նրան, որ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորությամբ ձևավորվի անցումային կառավարություն՝ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և արևմտամետ ուժերին իշխանության բերելու համար»:

ՏԱՍՍ-ի «տարածաշրջանային աղբյուրը» նաև ասել է, որ ցուցարարները և գրոհային խմբերի անդամները շուրջօրյա ակցիաների դիմաց կվճարվեն, այդ նպատակով «հատկացված կանխիկ գումարն արդեն ԱՄՆ Թբիլիսիի դեսպանատանն է»:

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Վրաստանում «պետական հեղաշրջման վտանգի» մասին երկու անգամ ահազանգել է Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության մամուլի բյուրոն: ՏԱՍՍ-ի «տարածաշրջանային աղբյուրի» հաղորդած տեղեկությունը շատ նման է ՌԴ ԱՀԾ մամուլի բյուրոյի հաղորդագրություններին:

Բարդ է ասել, թե իրականում ինչ և ում օգնությամբ է ծրագրում վրացական ընդդիմությունը, ինչպես է հնարավոր զարգացումներին նախապատրաստվում իշխանությունը: Աչքի է զարնում Աբխազիայում ներքաղաքական լարվածության բավական անսպասելի և խաղաղ հանգուցալուծումը. դե ֆակտո առաջնորդ Բժանիան հրաժարական է տվել, ընդդիմությունը համաձայնել է, որ կառավարությունը շարունակի աշխատել, խորհրդարանը վերադառնա լիազորությունների կատարմանը, իսկ թե երբ կանցկացվեն արտահերթ ընտրություններ, կորոշվի փոխադարձ համաձայնությամբ:

Ակնհայտ է, որ հանգուցալուծումը տեղի է ունեցել Ռուսաստանի միջնորդությամբ: Իսկ Թբիլիսիում ի՞նչ է ծրագրվում: