«Մենք «զանգեզուրյան միջանցքի» հարցով օպերատիվ աշխատում ենք Ադրբեջանի հետ»,-հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը՝ ասելով, թե Ադրբեջանն է որոշելու՝ այդ միջանցքը կանցնի Հայաստանի՞, թե՞ Իրանի տարածքով:
Սա բավականին ուշագրավ հայտարարություն է, որը, իհարկե, չարժե ընկալել թուրքական քաղաքականության միարժեք արտացոլում, սակայն ուշադրության արժանացնել այդուհանդերձ պետք է: Թուրքիան հրաժարվո՞ւմ է «զանգեզուրյան միջանցքի» հարցում Ադրբեջանին օժանդակելուց և Բաքվի՞ն է թողնում որոշումը, թե որ տարբերակով է առավել նպատակահարմար Նախիջևանի հետ կապվելը՝ Հայաստանի՞, թե՞ Իրանի տարածքով:
Եթե Բաքուն ընտրում է Իրանի տարբերակը՝ ինչ-ինչ հանգամանքների, նաև քաղաքական սակարկությունների, Հայաստանի դիմադրության, այդ դիմադրությանն Իրանի աջակցության բերումով, հնարավոր է նաև այլ հանգամանքների ու գործոնների, ապա Անկարան ինքը չի՞ տածում Հայաստանի տարածքով ճանապարհի որևէ հավակնություն: Թե՞ Թուրքիայի նախարարը պարզապես խոսում է, իսկ իրական քաղաքականությունն այլ է:
Սա, իհարկե, բարդ խնդիր է, բարդ է եղել միշտ, ու շարունակում է լինել այդպիսին, որքան էլ Հայաստանում օրինակ այդ բարդ խնդիրը մատուցվել ու ընկալվել է սև-սպիտակի պարզությամբ: Առիթ ունեցել եմ ասելու և գրելու, որ Անկարային դուր չի գալիս Բաքվի խաղը Ռուսաստանի և Իրանի հետ, որի միջոցով Մոսկվան ու Թեհրանն Ադրբեջանին փորձում են կենտրոնացնել Հյուսիս-հարավ երթուղու վրա՝ այդ կերպ թույլ չտալով այսպես ասած Միջին միջանցքի ձևավորում, որը դուրս կլինի իրենց վերահսկողությունից:
Այդ ֆոնին Անկարան արեց Երևանի հետ շփումների մի քանի ժեստ, թերևս Բաքվին ցույց տալով, որ կարող է նաև Ադրբեջանից անկախ պայմանավորվածություններ ունենալ Հայաստանի հետ: Իհարկե, միամտություն է մտածել, թե դա կարող էր վերածվել իրական քաղաքականության:
Անկարայի այդ ժեստի իմաստը, թերևս, այն էր, որ ինքը ոչ թե Հայաստանի, այլ Արևմուտքի հետ կունենա Ադրբեջանից «անկախ» քննարկումներ: Իսկ այդպիսի քայլի դիմել Թուրքիան, իհարկե, կարող է: Էրդողանն ամռանը հրաժարվեց նաև մասնակցել օկուպացված Շուշիում կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովին:
Իսկ օրեր առաջ, Անկարան թույլ չտվեց իր օդային տարածքով Իսրայելի նախագահի օդանավի անցումը դեպի Ադրբեջան, ինչից հետո Իսրայելի նախագահը ընդհանրապես չեղարկեց մասնակցությունը Բաքվում Կլիմայի գագաթնաժողովի միջոցառումներին:
Իհարկե, Անկարան ունի Իսրայելի հետ իր հաշիվները, բայց Իսրայելի նախագահի օդանավը չթողնելով, նա փաստորեն խառնեց նաև ադրբեջանա-իսրայելական հաշիվներ: Սա, անշուշտ, Ադրբեջանից դժգոհության ևս մի արտահայտություն է:
Այդ պարագայում, մեծ հաշվով զարմանալի չէ, որ Թուրքիան կարող է առնվազն տակտիկական նկատառումով հրաժարվել «զանգեզուրյան միջանցք» կոչվածի հարցում ակտիվությունից՝այդ կերպ մի կողմից անուղղակի ճնշում բանեցնելով Բաքվի վրա, մյուս կողմից, սակայն, սակարկության դուռ բացել Միջին միջանցքի ջատագով արևմտյան խաղացողների համար:
Թե՞ Անկարան համոզված է, որ ԱՄՆ նոր վարչակազմը չի ունենալու այդ նախագծի հանդեպ նախկինի հետաքրքրության աստիճանը, հետևաբար չարժե էական ջանք կենտրոնացնել դրա ուղղությամբ, ինչի համար էլ թողել են Ադրբեջանի «որոշմանը»:
Բաց մի թողեք
Ադրբեջանը կարող է քաղաքական լուրջ խաղաքարտ կորցնել
Չնայած ումի՞ց ինչ ենք ուզում․ Թող Արցախը վերադարձնեն
Վանգան ասում էր՝ Երկիր մոլորակը դեռ չի կործանվի, քանի դեռ Հալեպը չի ընկել՝ ընկավ