ՔՊ ղեկավարության` մանդատից հրաժարվելու պահանջին դիմադրող Հովիկ Աղազարյանին ակնհայտորեն փորձում են ծնկի բերել ամեն կողմից իրականացվող ճնշումներով:
Հրապարակ թերթը գրել է․ Թիմակիցներն են փորձում համոզել, թե` «մանդատդ դիր, Նիկոլը մի գործ կտա»: Ընկեր-բարեկամներն են հորդորում` «մի դիմադրի` Նիկոլը կնստացնի»: Եվ ամենաէականն իրավապահների ճնշումներն են, որոնք թարմ մսի հոտ առած գազանների նման` վրա են տվել տարեց պատգամավորին եւ արագացված տեմպերով գործ են կարում, այդ մասին «սլիվներ» անում: Աղազարյանի դեմ միավորվել են նրա բոլոր «չուզողները», եւ անգամ ընդդիմությունն է նրան խփում` չգիտակցելով, որ այս պարագայում պետք է աջակցել ցանկացած մարդու, ով պայքարում է իր իրավունքների համար:
Արդեն գրվել է, որ նոյեմբերի 19-ին, մինչեւ ՔՊ վարչությունը կքններ Աղազարյանի հարցը, նրան ոչխարների հայտնի գործով կանչել էին Հակակոռուպցիոն կոմիտե՝ առերեսման։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Աղազարյանն իր ծանոթներից ոմն Սլավիկ Պողոսյանի ընկերոջը՝ Աշոտ Կամավոսյանի բիզնեսին օժանդակելու դիմաց իբր 100 հազար դոլար կաշառք է պահանջել, որպեսզի նորահայտ բիզնեսմենը կարողանա «սահմանված ընթացակարգերի խախտմամբ», Հայաստանից մանր եղջերավոր անասուններ արտահանել Արաբական Միացյալ Էմիրություններ։
Ինքը` Աղազարյանը, լրատվամիջոցներին հայտնել է, որ ոչ մեկից կաշառք չի պահանջել, իրեն խնդրել են թեկուզ գումարի դիմաց օժանդակել` մերժել է, այդ թեմայով նաեւ հեռախոսազրույց է ունեցել Սլավիկ Պողոսյանի հետ, եւ վերջ։
Պարզվում է՝ նույն Պողոսյանն անցնում է նաեւ մեկ այլ քրեական գործով․ ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցներից մեկի հետ նա «պռավաների» գործ է արել, միջնորդել է, որ տասնյակ քաղաքացիներ գումարի դիմաց վարորդական իրավունքներ ստանան, եւ բռնվել է։ Այս մասին կա հարուցված քրեական վարույթ եւ պաշտոնական հաղորդագրություն առ այն, որ․ «Նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի ընթացքում Ս. Պ.-ի օժանդակությամբ Ս. Կ.-ն, վարորդական վկայական ստանալու համար դիմած շուրջ 30 քաղաքացիներից ընդունելով ձեւական բնույթ կրող տեսական եւ գործնական քննություններ, կազմել է կեղծ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել վարորդական վկայական տրամադրելու համար: Դրա դիմաց ՃՈ տեսուչը նշված բոլոր քաղաքացիներից 2023-ի ընթացքում, ընդհանուր առմամբ, ստացել է 6,5 միլիոն դրամ կաշառք»: Նշվում է, որ որոշ դեպքերում թեկնածուներն առհասարակ քննության չեն մասնակցել: Ս. Կ.-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով (Կաշառք ստանալը, Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով՝ 15 դրվագ, իսկ Սլավիկ Պ.-ին՝ 46-435-րդ հոդվածի (Հանցակից կաշառք ստանալուն) 2-րդ մասի 3-րդ կետով՝ 29 դրվագ, որը 5 տարվա ազատազրկում է նախատեսում, վարույթն ուղարկվել է դատարան։ Հենց այս գործի շրջանակներում են իրավապահները լսել Սլավիկ Պողոսյանի հեռախոսազրույցները, այդ ժամանակ էլ Աղազարյանի հետ զրույցն է բացահայտվել։
Վերադառնալով նոյեմբերի 19-ի առերեսմանը, նշենք, որ Աղազարյանը չի ճանաչել Սլավիկի բիզնեսմեն ընկերոջը` Աշոտ Կամավոսյանին, ենթադրել է, թե Կոմիտեի աշխատակից է: Բայց Սլավիկ Պողոսյանը ցուցմունք է տվել՝ պնդելով, թե պատգամավորը 100 հազար դոլար կաշառք է ուզել իրենցից՝ ոչխարների արտահանման գործը կազմակերպելու համար: Սակայն այս մեղադրանքը, բանավոր ցուցմունքից բացի, որեւէ այլ ապացույցով չի հաստատվել: Եվ սա հիմնավոր կասկածի տեղիք է տալիս, որ նա ինքնակամ չէ ցուցմունք տվել, այլ, ամենայն հավանականությամբ, իրավապահների հետ գործարքի է գնացել՝ համաձայնել է պատգամավորի դեմ ցուցմունք տալ, ինչի դիմաց խոստացել են կրճատել պատժի ժամկետը մյուս` «պռավաների» քրեական գործով։
Բաց մի թողեք
3 միլիոն դրամը փող չԷ՞․ Լուսանկար
Նարեկ Զեյնալյանը կնշանակվի Առողջապահության նախարար․ Լուսանկար
Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են