Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության ամփոփիչ արձանագրությունը:
Սահմանադրության համաձայն՝ տասը օր հետո Վրաստանի նախագահը պետք է գումարի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, բայց Սալոմե Զուրաբիշվիլին ոչ միայն հրաժարվել է նման որոշում ընդունելուց, այլեւ դիմել է սահմանադրական դատարան՝ ընտրությունները «հակասահմանադրական ճանաչելու հայցով»։
Վրաստանի նախագահը հիմնավորել է, որ քվեարկության օրը խախտվել են սահմանադրության երկու նորմերը. չի ապահովվել քվեարկության գաղտնիությունը, արտերկրում Վրաստանի քաղաքացիները զրկվել են ընտրելու իրավունքից: Ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու հայցով Սահմանադրական դատարանին դիմել է նաև դեռևս լիազորությունների մեջ գտնվող խորհրդարանի երեսունչորս պատգամավոր:
Վարչապետ Կոբախիձեն հայտարարել է, որ անկախ ամեն ինչից՝ խորհրդարանի նիստը նոյեմբերի 25-ին կգումարվի: Փորձագետները, սակայն, ընդգծում են, որ Վրաստանի խորհրդարանի կանոնակարգը թույլ չի տալիս, որ մանդատային հանձնաժողովը ճանաչի այն պատգամավորի լիազորությունը, որի ընտրության օրինականությունը վիճարկվում է Սահմանադրական դատարանում:
Կանոնակարգը նաև սահմանում է, որ խորհրդարանը մտնում է օրինական լիազորությունների մեջ, եթե մանդատային հանձնաժողովը վավեր և լեգիտիմ է ճանաչում առնվազն 100 պատգամավորի ընտրության օրինականությունը: Վրաստանի նախագահը և գործող խորհրդարանի երեսունչորս պատգամավորները վիճարկում են առհասարակ ընտրությունների օրինականությունը: Ֆորմալ առումով Սահմանադրական դատարանը պետք է վճիռ կայացնի՝ ընտրվա՞ծ են խորհրդարանի բոլոր պատգամավորները, թե մանդատ են ստացել Սահմանադրության նորմերը խախտելու արդյունքո՞ւմ:
Նախագահի և պատգամավորների հայցը ՍԴ-ն պետք է քննության առնի մեկամսյա ժամկետում: Այդ ընթացքում, ինչպես ընդդիմությունն է պնդում, խորհրդարանը չի կարող նիստ գումարել և որոշումներ ընդունել: Թբիլիսիում բողոքի ակցիաները դադարել են: Ընդդիմությունը հայտարարել է, որ հարկ եղած դեպքում կրկին դուրս կգա փողոց:
Ըստ երևույթին՝ նման անհրաժեշտություն կծագի նոյեմբերի 25-ին, երբ, ինչպես վարչապետ Կոբախիձեն է պնդել, խորհրդարանն իրավունքի ուժով կգումարի առաջին նիստը։ Նախօրեին հայտնի է դարձել, որ Թբիլիսիի պետական համալսարանի, այլ բուհերի շուրջ հինգ հարյուր պրոֆեսորներ և դասախոսներ հայտարարել են ընդդիմությանը և, մանավանդ, ուսանողությանն աջակցելու և բողոքի ակցիաներին միանալու մասին։
Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանը դեռևս չի հայտնել՝ նախագահ Զուրաբիշվիլիի և երեսունչորդ պատգամավորի հայցը քննության «առնելու» է, թե՞ ոչ: Փորձագետները նշում են, որ Սահմանադրական դատարանը նախկինում երկու վճիռ կայացրել է իշխող քաղաքական ուժի օգտին՝ օրինական է ճանաչել նախագահին իմպիչմենթ հայտնելու հիմքը և ժամանակավորապես չի կասեցրել «արտասահմանյան գործակալների մասին» խնդրահարույց օրենքը:
Ակնարկվում է, որ ներքաղաքական սրացումն իրավական ճանապարհով կարգավորելու հավանականությունը չափազանց նվազ է, ՍԴ-ն հազիվ թե ընտրությունները հակասահմանադրական ճանաչի: Ի՞նչ է հետևելու դրան:
Civil.ge-ն փոխանցել է Սալոմե Զուրաբիշվիլիի այն միտքը, որ ընդդիմությունը պետք է բողոքարկման ներպետական բոլոր ատյաններն անցնի: Բայց կա՞ որևէ երկրի ընտրությունների սահմանադրականությունը միջազգային դատական ատյաններում վիճարկելու իրավական հնարավորություն:
Ընդսմին, քաղաքական ընդդիմությունը Զուրաբիշվիլիին միանշանակ չի ընդունում: «Նա չի կարող միավորող դեր ունենալ, եթե ներում չի շնորհում Միխեիլ Սաակաշվիլիին», – ասել է նախկին նախագահի կուսակցության ներկայացուցիչ Թամար Գորձեիան:
Նոյեմբերի 25-ին Վրաստանում հակասությունների հաղթահարման ելք կգտնվի՞, թե իրավիճակը «կգլորվի դեպի առճակատում»։
Բաց մի թողեք
Փաշինյանը պարզապես չի հասցնի դա անել, ժամանակը քիչ է՝ Արարատը սասանելու համար
Հավերժ ուսանող մարզպետը․ Կարեն Սարգսյանն ինչո՞վ է զբաղվել 2015-2019 թթ․-ներին, հայտնի չէ
ԵԱՀԿ-ն սկսել է Մինսկի խմբի և դրա հետ կապված ինստիտուտների լուծարումը. գործընթացի ավարտի ժամկետ է նշվել