Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենաառանցքային պաշտոնները սկսել է վստահել կանանց: Կա՛մ որոշել է հիմա էլ ֆեմինիստական նկրտումներով առաջնորդվել, առաջադեմ երեւալ, կա՛մ էլ գուցե կանանցով շրջապատված լինելը հաճելի է, հեշտ է, եւ կանայք ավելի լավ են կատարում իր հրահանգները` ո՛չ դիմադրում են, ո՛չ ինչ-որ սկզբունքայնություն դրսեւորում, երբեմն նաեւ ո՛չ խիղճ ունեն, ո՛չ ամոթ: Եվ նման պաշտոնյաներին ղեկավարելը դյուրացնում է վարչապետի աշխատանքը:
Հրապարակ թերթը գրել է․ Ստացվեց, որ Հայաստանի ներքին գործերի նախարարը կին է, գլխավոր դատախազը կին է, արդարադատության, ԿԳՄՍ, առողջապահության նախարարները կին են, մարդու իրավունքների պաշտպանը կին է, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը կին է: Կանայք են նաեւ առաջին դեմքերից շատերի տեղակալները, օգնականները, խորհրդականները: Աշխարհում, իհարկե, կանայք եւ տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ, եւ մենք, բնականաբար, նկատի չունենք, որ կանայք չեն կարող բարձր պաշտոններ զբաղեցնել: Բայց կին լինելը չի կարող պաշտոն զբաղեցնելու միակ պատճառը լինել, կամ կանանց արտոնություն տալ` տղամարդկանց համեմատ, եւ պաշտոնի նշանակելիս չի կարող սեռը դերակատարում ունենալ:
Առաջներում Հայաստանում շատ քիչ էին կին պաշտոնյաները: Մենք ունեցել ենք սոցապահովության, ապա սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան: Բայց բարձր պաշտոններում հիմնականում տղամարդկանց էին նշանակում: Թեմայի մասին զրուցել ենք նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ:
Հրանուշ Հակոբյան – Ես չեմ գտնում, որ պաշտոնը սեռի հետ որեւէ կապ ունի, ես դրան խիստ դեմ եմ, պետք է մարդը բավարարի իր պաշտոնի պահանջները, այսինքն, անկախ նրանից՝ կին ես, թե տղամարդ, պետք է կարողանաս կատարել քո առջեւ դրված գործառույթները: Երկրորդ․ իմ կենսագրությունը եթե նայեք, ապա կտեսնեք, որ ես աճել եմ` պիոներիա- կոմերիտմիությունից մինչեւ Կենտկոմի առաջին քարտուղար, դրանից հետո ընտրվել եմ շուրջ վեց անգամ պատգամավոր: Ինձ ընտրել է ժողովուրդը, այլ ոչ թե նշանակվել եմ կուսակցության կողմից: Աշխատել եմ, պառլամենտում ելույթներ եմ ունեցել, ինձ ցույց եմ տվել, 100-ից ավելի օրենքներ եմ գրել, դրանից հետո նոր ստացել եմ առաջարկություններ: 5 անգամ նախարարի առաջարկություն եմ ստացել, որից միայն երկուսին եմ համաձայնել, մյուսները՝ դժվարությամբ, բայց մերժել եմ: 1999-ին մերժեցի դառնալ սոցապնախարար, 2000 թվականին էլ մերժեցի դառնալ կրթության նախարար: Մի առաջարկ էլ եմ մերժել, բայց դա կարեւոր չէ: Հրապարակ բերված մարդիկ, որոնք ստանում են պաշտոններ, պետք է կարողանան բավարարել պաշտոնին համապատասխան պահանջները: Կին լինելը բոլորովին չի խանգարում: Ես իմ աշխատանքի ընթացքում նման բան երբեք ու երբեք չեմ նկատել, ո՛չ ես եմ ունեցել նման խնդիր, ո՛չ էլ իմ ենթականերն են ունեցել նման խնդիր: Այստեղ սեռն ընդհանրապես կապ չունի: Ես գտնում եմ, որ կան մարդու իրավունքներ, այլ ոչ թե առանձին կանանց իրավունքներ: Կանանց իրավունքները նեղ հարցերի մասին են, իսկ մարդու իրավունքներն իրավահավասարության մասին են: Պետք է լինել իրավահավասար, եւ էական չէ` դու կին ես, թե տղամարդ: Ես անկեղծ կլինեմ` այսօրվա տեղի ունեցող պրոցեսներին ժամանակ չունեմ հետեւելու` գրում եմ, այլ կարեւոր հարցերով եմ զբաղվում:
Նաիրա Կարապետյան – Քաղաքականության մեջ կին-տղամարդ բաժանումն արհեստական կատեգորիա է: Արդյունավետ աշխատանքի համար պետք է մարդու կառավարման փորձի վրա հենվել: Պետք է հայրենանպաստ գործունեությունը կարեւորել: Իհարկե, վատ չէ, երբ կանանց ներգրավում են քաղաքականությանը, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այնքան դուրս է քաղաքական բացատրություններից, քաղաքագիտական նորմերից, ընկալումներից, որ նրանց քննարկելն անգամ անշնորհակալ գործ է: Երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, ուստի չկա տարբերություն, թե որ նախարարությունն ով կղեկավարի: Ինչպես տեսնում ենք` նրա բոլոր հրամանները, հանձնարարականները կատարվում են: Թե ովքեր կլինեն կատարողները, դա հարցի մյուս կողմն է: Չէի ցանկանա ՀՀԿ-ի կառավարման տարիների ու այսօրվա միջեւ զուգահեռներ տանել, քանի որ ահռելի է տարբերությունը: Այսօր ամեն ինչ կորցնում ենք` սահմանների կորստից սկսած, Արցախի կորստով վերջացրած: Ամեն հնարավոր բան: Ահռելի թանկացումներ են, մարդու կյանքի որակն օրեցօր փոխվում է: Ցանկացած ոլորտում քաոս է: Եվ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, իր նախարարները կատարելու են իր հրահանգները: Իսկ կանանց ցուցադրական առաջ տանելը հերթական արեւմտյան որոշ ուժերին հաճոյանալու, դեմոկրատ երեւալու փորձ է: Ուզում են ցույց տալ, որ Հայաստանը դեմոկրատիայի բաստիոն է, ուզում են փրկել իրենց դեմքը…. Խնդիրն այն չէ, թե նախարար ով կնշանակվի, խնդիրն այն է` ով է կառավարության ղեկավարը: Մեր ժամանակ կանանց ներկայությունն Ազգային ժողովում խիստ անհրաժեշտ էր, բայց այսօր մենք տեսնում ենք, որ ԱԺ նախագահը վիրավորում է ընդդիմադիր կին պատգամավորին, եւ ոչ մի իշխանական կին չի միջամտում, չի սաստում, չի արձագանքում, դեռ մի բան էլ տեղից նստած` ուրախանում են: Մեր ժամանակ չկար նման բան, կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում դրական ազդեցություն ուներ: Կինը պետք է լինի քաղաքականության եւ կառավարության մեջ, այս ամենն ունի հստակ հիմնավորումներ, բայց դրանք Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ չկան: Փաշինյանի կողմից կանանց պաշտոններ տալը շատ արհեստական է: Ու այստեղ խնդիրն այդ նախարարները չեն, խնդիրն այն մթնոլորտն է, որը տիրում է իշխանական ճամբարում, այն ոչ մի լավ տեղ չի տանում երկիրը:
Բաց մի թողեք
Թող ինչ-որ մեկն ասի մի անուն ազգանուն, որին ազատել ենք, որովհետև ՔՊ-ական է եղել․ Դավիթ Ղազինյան
Ինչի՞ վրա են հրճվել այդ հորթերը, որոնք խոսում են Սյունիքում դարպաս բացելով՝ շահույթի մասին․ Մանասարյան
Հանգստի թեժ սեզոնն է՝ «ավազ, պեսոկ, արև, մուլատկեք, բլանդինկեք ու լիքը աղջիկ…»