Պուտինը հրամանով Ուկրաինայի Դնեպր (Դնեպրոպետրովսկ) քաղաքի «Յուժմաշ» արտադրական միավորը թիրախավորվել է «Օրեշնիկ» հրթիռով: Այդ առթիվ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով և ասել, որ տեղի է ունեցել գերձայնային բալիստիկ հրթիռի մարտական փորձարկում, նախանշված թիրախը խոցվել է:
Ռուսաստանի նախագահը Միացյալ Նահանգներին մեղադրել է ուկրաինական հակամարտությունը գլոբալ դիմակայության փոխակերպելու մեջ և սպառնացել, որ Ուկրաինային սպառազինություններ տրամադրող երկրները կարժանանան «հայելային պատասխանի»:
Որպես կանոն՝ նոր սպառազինությունների սերիական արտադրությունն սկսվում է հաջող փորձարկումից հետո: Ռուսաստանի նախագահը, ըստ այդմ, Միացյալ Նահանգներին և Մեծ Բրիտանիային ու, իհարկե, առաջին հերթին Ուկրաինային զգուշացրել է, որ պատերազմը երկարաձգվելու դեպքում կկիրառի նոր հրթիռներ, իսկ ծայրահեղ դեպքում՝ նաև տակտիկական միջուկային զենք:
«Օրեշնիկ» հրթիռի կիրառման վերաբերյալ Կրեմլի մամուլի խոսնակը միմյանց հակասող երկու հայտարարություն է արել: Նա նախ ասել է, թե քանի որ «Օրեշնիկը» միջմայրցամաքային հրթիռ չէ, այլ միջին հեռահարության, ուստի այն փորձարկելու մասին ԱՄՆ-ին տեղեկացնելու պայմանագրային պարտավորություն ՌԴ-ն չունի: Կարճ ժամանակ անց, սակայն, նա ասել է, որ ամերիկյան կողմն ավտոմատ ռեժիմով տեղեկացվել է:
Ուշագրավ է, որ Ռուսաստանի կողմից նոր հրթիռի մարտական փորձարկմանը Միացյալ Նահանգներն արձագանքել են ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմի մամուլի խոսնակի մակարդակով: Նա ասել է, որ ամերիկյան ժողովուրդը Թրամփին վերստին ընտրել է, որպեսզի ԱՄՆ հզորությունը վերականգնվի և ավելացրել, որ պաշտոնն ստանձնելուց հետո նա աշխարհում խաղաղություն կհաստատի ուժի միջոցով:
Արևմտյան փորձագիտական շրջանակներից տեսակետ է հնչել, որ Ռուսաստանի տարածքում ամերիկյան հրթիռներով թիրախներ խոցելու արտոնությունը Դոնալդ Թրամփի համար բանակցային ռեսուրս է այն իմաստով, որ նա Պուտինի հետ կարող է քննարկել Բայդենի որոշումը չեղարկելու հնարավորությունը, եթե Ռուսաստանի նախագահը կարգավորման Թրամփի ծրագիրը գոնե ընդհանուր առմամբ ընդունի:
Մոսկվան, ինչպես հայտնի է, մերժել է ուկրաինական կարգավորման «Թրամփի ծրագիրը» և պնդել, որ նախագահ Պուտինի կողմից հունիսի 14-ին հնչեցրած նախապայմանները մնում են ուժի մեջ: «Օրեշնիկ» հրթիռի «շնորհանդեսի» առթիվ ուղերձում Վլադիմիր Պուտինն ավելի է կոշտացրել դիրքորոշումը և հայտարարել, որ Ռուսաստանը հասնելու է «հատուկ ռազմական գործողությամբ առաջադրված բոլոր նպատակներին»: Մոսկվայի նպատակը մեկն է՝ ամբողջական Ուկրաինայի օկուպացիա, ուկրաինական պետության լուծարում, նրա ժողովրդի ուծացում:
Պուտինի ռազմական նոու-հաուի կիրառմանն ինչու՞ է առաջինը Թրամփի գրասենյակն անդրադարձել: Վաշինգտոնում իշխանափոխությունն արդեն տեղի՞ է ունեցել, Ռուսաստանի հետ դիվանագիտական «պինգ-պոնգի» իրավունքը վերապահված է ընտրված նախագահի՞ն: Թրամփի մամուլի խոսնակը չափազանց պատասխանատու հայտարարություն է արել: Բացառված չէ, որ դա դիվանագիտական ազդակ է, որ մինչև Թրամփի կողմից նախագահի պաշտոնի ստանձնումը դեռևս ժամանակ կա, որպեսզի Մոսկվան և Վաշինգտոնը մի համաձայնության գան:
Եվ եթե դա տեղի չունենա, ապա Թրամփը Պուտինի հետ կխոսի ուժի լեզվով: Ըստ էության՝ գոնե հրապարակային խոսույթի մակարդակում ցրվել են պատրանքները, որ Թրամփն Ուկրաինան կհանձնի Պուտինի տնօրինությանը: ԱՄՆ ընտրված նախագահը, ինչպես մամուլն է փոխանցում, առաջարկում է ուկրաինական կարգավորման բավական օպտիմալ տարբերակ՝ սառեցնել իրավիճակը, տարանաջատել պատերազմող բանակները, հետաձգել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը:
«Օրեշնիկ» հրթիռը Վաշինգտոնին ուղերձ է, որ Մոսկվան պատերազմը կդադարեցնի միայն Կիևի կապիտուլյացիայի պայմանով: Դա ապոկալիպսիսից հինգ րոպե պակաս իրավիճակի անոնս է, թե՞ դիվանագիտական բլեֆ: Երևի առաջինի հետ գործ ունենք
Բաց մի թողեք
Հանրությունը էդպես էլ չիմացավ՝ Փաշինյանն էր ճի՞շտ՝ նախկինները պատերազմը նրա «ջեբը քցեցին», թե՞ …
Բոլորը սպասում են «մոլլապետության ինքնափլուզմանը»
Փաշինյան – Պուտին հանդիպում նախատեսվում է Սանկտ Պետերբուրգում