06/12/2024

Առաջին օրվանից էին իմ դեմ պայքարում «Քաղպայմանագրում», ուզում էին մանդատը վերցնել

«Հրապարակի» զրուցակիցն ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է:

– 2020 թվականի 44-օրյա պատերազմի պարտությունից հետո Դուք, Տաթեւիկ Հայրապետյանը, Գոռ Գեւորգյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը հեռացաք իշխող թիմից` դուրս եկաք ՔՊ խմբակցությունից: Դուք կոնկրետ դարձաք անկախ պատգամավոր եւ սկսեցիք քննադատել Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությունը: Այժմ իշխանության թիրախում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն է: Նրա նկատմամբ քրեական վարույթ են ուզում հարուցել, երեկ քննիչը նրա հեռախոսն է առգրավել, բայց Աղազարյանը դիմադրում է` Նիկոլ Փաշինյանի հրամանով վայր չի դրել իր պատգամավորական մանդատը: Երբ Դուք հեռացաք Փաշինյանի թիմից, ի՞նչ իրավիճակ էր, սպառնալիքներ, հետապնդումներ, քննադատություններ կայի՞ն: Տպավորություն է, որ 20 թվին իշխող ուժն ավելի լավ վիճակում էր, այսքան կարմիր գծեր չէին հատել դեռ:

– Նրանք հենց առաջին օրվանից էին իմ դեմ պայքարում խմբակցության ներսում: Նրանք տարբեր ժամանակներում փորձել են իմ մանդատը վերցնել, բայց հասկացել են, որ վայր չեմ դնելու, քանի որ մանդատն իրենք չեն տվել ինձ, ես եմ ստացել ժողովրդի քվեն: Գիտեին, որ դառնալու եմ անկախ պատգամավոր, տարբեր միջոցներով փորձում էին կանխել ինձ: Կարեն Սարուխանյան վիժվածքը, որ թմրանյութի գործերով էր… այն ժամանակ էլ գիտեին, ու տեսանելի էր, պետք է քայլեր ձեռնարկեին, բայց տարբեր պատրվակներով փորձում էին իբրեւ թե թիմը պահել, բայց ինձ համար այդ բոլոր մանր հարցերի կողքին կար մի շատ կարեւոր հարց, որը, ի դեպ, ամենից շատն էին մանիպուլացնում․ դա Արցախի հարցն էր: Պնդում էին, որ Արցախի հանդեպ ունեն մի դիրքորոշում, որն իմ դիրքորոշումից բացարձակապես չի տարբերվում, եւ իրենք անձնվիրաբար ծառայում են հայրենիքին: Սա այն կարեւոր հարցն էր, որի պատճառով ես խմբակցությունում էի մնում, հակառակ դեպքում ավելի վաղ կդառնայի անկախ: Հետո, երբ հերթով որոշեցինք դուրս գալ Փաշինյանի թիմից, այո, նրանցից որոշների դեմ ոչինչ չարեցին, բայց կոնկրետ իմ դեպքում շատ մեծ ինֆորմացիոն պատերազմ սկսեցին, իմ դեմ կեղծիքներ սկսեցին տարածել, ստեր, թե իբր ես ընդդիմությունից գումար եմ վերցրել, որ Քոչարյանն ինձ համար տներ է գնել, որ ես ծախվել եմ Քոչարյանին, ու այդպես շարունակ: Փորձեցին տեւական ժամանակ, ինչպես ասում են` օդերս փակել, բայց ոչինչ չկարողացան անել: Ինչո՞ւ չկարողացան․ մի պարզ պատճառով, իմ դեմ ոչ մի «կրիմինալ» չգտան: Ոչ մի միջամտություն չէի անում, մարդկանց ծանոթով գործի չէի տեղավորում, հարազատներիս լավ պաշտոնների համար չէի միջնորդում, կաշառք չէի վերցնում: Այսօր մեղադրում են Հովիկ Աղազարյանին ինչ-ինչ բաների մեջ եւ ունեն իրենց ձեռքին փաստեր։ Իմ ու Աղազարյանի տարբերությունն այն է, որ ես ոչ մի նման հարցի մեջ չեմ եղել ու չկամ: Որոշ մարդիկ էլ ինձ նման ուզում էին դուրս գալ այդ թիմից, բայց իրենց սեղանին դրվեցին փաստեր, ու ասացին` վեր ընկեք տեղներդ, չեք կարող դուրս գալ այս թիմից: Օրինակ` Լուսինե Բադալյանի պարագայում այդպես եղավ: Նրանք էլ, բնականաբար, այս իշխանության հետ գործարքի գնացին: Հովիկ Աղազարյանը որ այսօր խոսում է, նախ հոխորտալուց առաջ պետք է մաքուր կենսագրություն ունենար: Քանի որ նա իրապես չունի մաքուր կենսագրություն, եղավ այսպես: Իմ պարագայում էլ էին ասում, որ ես փող եմ վերցրել, բայց սուտը երկար կյանք չի ունենում, ոչ մի բան չկարողացան ապացուցել, մարդիկ հիմար չեն ու տեսնում են` ով ով է: Հովիկ Աղազարյանը հազար ու մի հարցի մեջ թաթախված է` կեղծիքներ, միջնորդություն, օրենքների խախտում, ինչ ասես…. անգամ կռիվներ: Այսօր նա խոսում է, իշխանությունն ազատ կարող է ճնշել ե՛ւ իրեն, ե՛ւ իր ընտանիքի անդամների վրա անգամ կարող է գործեր հարուցել: Եվ ոչ միայն Աղազարյանի դեպքում, այլեւ էլի շատերի:

– Բայց հիմա Աղազարյանին սատարում են, քանի որ նա, ի տարբերություն մյուս ուսապարկերի, նվաստացուցիչ կերպով աշխատանքից ազատված նախարարների ու մյուս ղեկավարների, դիմադրում է Նիկոլ Փաշինյանին` հլու-հնազանդ նրա հրամանները չկատարելով եւ պատգամավորական մանդատը վայր չդնելով:

– Անկեղծ եթե լինեմ, կասեմ, որ ես էլ եմ Աղազարյանին այս առումով պաշտպանում: Այո, նա մեջներից տղամարդ դուրս եկավ: Բայց արդյո՞ք նա կարող է գործել որպես անկախ պատգամավոր, ողջ հարցը սրանում է, նրան ճնշելու են: Այլ հարց է, որ նա կանգնի ասի` ես արդար չեմ եղել, դատեք ինձ, բայց իրավունք չունեք մանդատս խլել, այ, այդ դեպքում նա իրապես հարգանքի արժանի մարդ կլինի, բայց նա չի անի այդ բանը, երբեք չի ընդունելու իր մեղքը եւ արժանապատվորեն մանդատի արժեքը ցույց չի տալու: Նարեկ Զեյնալյանը խելոք ելավ ու գնաց, ինչի՞ համար, որովհետեւ նա վախենում է, որ վաղը պաշտոն չի ունենալու: Կան ակնհայտ մեղավորներ, օրինակ, նույն Աղազարյանը հասարակությանը չի կարողանալու ապացուցել, որ ինքն անմեղ է, որովհետեւ մարդկանց աչքի առաջ հազար ու մի բան է տեղի ունեցել: Եթե նա իր դիրքորոշումը մինչեւ վերջ կարողացավ պահել, հալալ է իրեն, կդառնա այս պահի դրությամբ այն եզակի ՔՊ-ականը, որն ունի կամք:

– Իսկ ի՞նչ կասեք ուժայինների ղեկավարների հրաժարականների շքերթի մասին՝ կիրակի օրով, մի գիշերվա մեջ, WhatsApp-ի SMS-ների միջոցով:

– Նրանց հետ սա պետք է լիներ, օգտագործվեցին ու հեռացվեցին: 2020 թվականին պատերազմը պարտվեց մի խեղկատակ, բայց պատժվեցին զինվորականներ, հասարակ կամավորականներ եւ այլն: Թիվ մեկ մեղավորը մեկ էլ հոպ` վերցրեց ու բոլորին մեղավոր ճանաչեց, իրենից բացի: Հիմա էլ նույն բանն է տեղի ունենում: Եթե այս մարդը մի կուսակցություն անգամ, մի թիմ անգամ գաղափարական առումով չի կարողանում կառավարել, նա ո՞վ է, որ կարողանա երկիր կառավարել: Գաղափարը թիմի համար հենք պետք է լինի, բայց նրանք անգամ գաղափար չունեն: Վազող շնիկներին չհաշված, այս մարդն անգամ 50 հոգու չի կարողանում ղեկավարել: Նա կարողանում է կառավարել միայն խամաճիկի նման, բայց ո՛չ գաղափարապես: Գնում է դպրոց, տեսնում է՝ պատերը թեք են, վաղը կարող են փլվել, խոսում է դռան «ռուչկայից»: Սա է նրա խելքը: Կրթական համակարգն ավիրել են, դպրոցներ կան, որ ուսուցիչներ չկան անգամ, այս մարդիկ մտածում են դպրոցի ցնցուղի ու «ռուչկայի» մասին… հիմա ավելի կարեւոր հարցեր կան, որպեսզի շեղի մարդկանց` օրակարգ է լցրել անհեթեթություններ:

«Հրապարակ». Առաջին օրվանից էին իմ դեմ պայքարում «Քաղպայմանագրում», ուզում էին մանդատը վերցնել