09/12/2024

Ուկրաինայի հուժկու գրոհը․ Պատերազմը շուտով կավարտվի․ Զելենսկի

Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հրթիռակոծության են ենթարկել Ռուսաստանի Կուրսկի մարզը:

Նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովի խոսքով՝ ռուսական հակաօդային պաշտպանությունը մինչ այժմ խոցել է 27 անօդաչու թռչող սարք և 2 ուկրաինական հրթիռ։

Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ անցած գիշեր ռուսական ՀՕՊ ուժերը ոչնչացրել և որսացել են ուկրաինական 34 անօդաչու թռչող սարք: Գերատեսչությունից հայտնել են, որ Կուրսկի մարզում ոչնչացվել է 27 ԱԹՍ։

Եվ 2 ԱԹՍ խոցվել է Բելգորոդի, մեկը՝ Օրյոլի մարզում։ Բացի այդ, Լիպեցկի մարզի երկնքում էլ խոցվել է չորս անօդաչու թռչող սարք։ Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևն ունի բոլոր հնարավորությունները հաջորդ տարի ավարտելու պատերազմը, իսկ հունվարին պետք է հստակեցվեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատերազմին վերջ տալու առաջարկները։

«Մենք բաց ենք, կրկնում եմ, և, ի դեպ, աֆրիկյան երկրների, ասիական, արաբական երկրների ղեկավարների համար… Մենք պատրաստ ենք լսել նրանց առաջարկները։

Ցանկանում եմ տեսնել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր նախագահի առաջարկները։ Կարծում եմ, որ հունվարին կտեսնենք այդ առաջարկները։ Եվ ես կարծում եմ, որ մենք այս պատերազմին վերջ տալու ծրագիր կունենանք»,- նշել է Ուկրաինայի առաջնորդը:

Նրա խոսքով, ինքը «չի ցանկանա, որ ռուսական ապատեղեկատվության որակը ազդի մարդկանց վրա, թե Կիևն, իբր, ունի միայն իր ծրագիրը և որ չի ցանկանում լսել առաջարկներ այլ մայրցամաքների այլ գործընկերներից»:

Զելենսկին միաժամանակ ընդգծել է, որ գլոբալ հարավը կլինի Ուկրաինայի կողքին և պատերազմի ավարտի կողքին, երբ ԱՄՆ-ն ավելի ուժեղ դիրքերում լինի։

«Վստահ եմ, որ մենք բոլոր հնարավորություններն ունենք դա անելու հաջորդ տարի, դրա համար կան համապատասխան քայլեր… Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը չի ձեռնարկի այդ բոլոր քայլերը, բայց կա ՄԱԿ-ի կանոնադրությունը և մեր բոլոր քայլերը, որոնք հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության վրա, աջակցություն կստանան մեր գործընկերներից»,- ասել է նա:

Ուկրաինայի պաշտպանության ուժերը վերջերս Storm Shadow հրթիռներով իրականացված հարձակման ժամանակ ջախջախել են Ռուսաստանի Կուրսկի մարզի Մարինո գյուղի ստորգետնյա հրամանատարական կետը, որտեղ, ի թիվս այլոց, ընդգրկված են եղել բարձրաստիճան հրամանատարներ:

Այս հարձակման արդյունքում սպանվել են ռուս գեներալ-լեյտենանտ Վալերի Սոլոդչուկը, ռուսական բանակի 18 սպա, ինչպես նաև 500 հյուսիսկորեացի զինվոր, ովքեր ժամանել են Ռուսաստան՝ մասնակցելու Ուկրաինայի դեմ պատերազմին։ Այս մասին հայտնում է Global Defense Corp պորտալը՝ հղում անելով աղբյուրին։

Բացի այդ, վիրավորվել է 33 ռուս զինվոր։ Վիրավորվել են նաև հյուսիսկորեացի երկու սպա և մի կին, ով ենթադրաբար թարգմանիչ է: Զոհված ռուս սպաների մեծ մասը Հարավային և Արևելյան ռազմական շրջանների ներկայացուցիչներ են, պնդում է պորտալը։

Ավելի վաղ, ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, թե հարձակումների հետևանքով վիրավորվել է ԿԺԴՀ բանակի գեներալներից մեկը: Թե ինչ աստիճանի վիրավորում է ստացել բարձրաստիճան սպան՝ չէր նշվում:

Մինչդեռ Reuters-ը հայտնում է, որ Ուկրաինան շարունակում է վերահսկել Կուրսկի մարզում 800 քառ. կմ տարածքը: Ուկրաինայի Գլխավոր շտաբում գործակալության աղբյուրի տվյալներով՝ զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքը կրճատվել է մոտավորապես 40%-ով՝ 1376-ից հասնելով 800 քառակուսի կիլոմետրի։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարությունները՝ կապված ռուսական տարածքի վրա հեռահար հրթիռներ արձակելու թույլտվության հետ:

«Սա ոչ թե Ուկրաինային աջակցելն է, այլ դրա վերջնական ջախջախումը»,- ասել է Զախարովան։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, որ Ֆրանսիայում վերապատրաստված ևս մեկ ուկրաինական բրիգադ մարտական ​​գոտի ուղարկելը և «ֆրանսիացի պատերազմ մղողների ցանկացած այլ փորձ չի փոխի հակամարտության ելքը»։

Ուկրաինան կարող է ֆրանսիական հրթիռներ կիրառել Ռուսաստանի տարածքում, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում։

Ֆրանսիացի նախարարը հավելել է, որ Ռուսաստանի դեմ ֆրանսիական հեռահար հրթիռների հարվածները կարող են իրականացվել «ինքնապաշտպանության տրամաբանությամբ»։ Սակայն Բարրոն չի հաստատել, որ ֆրանսիական զենքն արդեն օգտագործվել է։

Նա չի բացառել նաեւ երկիրը զորքեր ուղարկի Ուկրաինա. «Մենք չենք բացառում որևէ տարբերակ»: Նա նաև պատրաստակամություն է հայտնել Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ։