27/12/2024

Հայաստանին Ռուսաստանի պաշտպանության վրա եփած հավի ծիծաղը կգա

Ռուսաստանն այսօր էլ հավատարիմ է Հայաստանի անվտանգության հարցում իր պարտավորություններին՝ թե՛ երկկողմ մակարդակում, թե՛ ՀԱՊԿ շրջանակում:

«Իզվեստիա» պարբերականին իր հարցազրույցում այդ միտքն արտահայտել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Կոպիրկինը հայտարարել նաև, որ Ռուսաստանը Հայաստանից ակնկալում է նաև Եվրասիական մայրցամաքում հավասար և ամբողջական անվտանգության համակարգի մշակման աշխատանքի գործնական մասնակցություն:

Եվրասիայում անվտանգության նոր ամբողջական համակարգի շուրջ երկկողմ և բազմակողմ քննարկումների անհրաժեշտության մասին ամռանը հայտարարել էր ՌԴ նախագահ Պուտինը՝ ասելով նաև, որ դրան իրենց մասնակցությունը կարող են ունենալ նաև ՆԱՏՕ անդամ եվրոպական երկրներ:

Այստեղ, իհարկե, դեսպանի հայտարարություններում հարցերը, թերևս, պետք է առանձնացնել: Առանձին հարց է Հայաստանի անվտանգության առնչությամբ ՌԴ պարտավորությունների խնդիրը: Մի բան է դրա վերաբերյալ հայտարարությունները, որ կարող են հնչել դեսպանի կամ այլ մակարդակներում, մեկ այլ բան է այն, որ այդ պարտավորությունները գործնական մակարդակում չեն կարող չենթարկվել այն փոփոխությունների ազդեցությանը, որ կատարվում են թե՛ Կովկասում, թե՛ դրա անմիջական շրջանակը կազմող ռեգիոններում և թե՛ աշխարհում ընդհանրապես:

Այդ փոփոխություններն իրենց մասշտաբով, ծավալով ու բնույթով այնպիսին են, որ գործնական մակարդակում չեղարկում են հայ-ռուսական անվտանգային համաձայնությունների այսպես ասած ավանդական ընկալումը: Ընդ որում՝ չեղարկում են ոչ թե այսօր, այլ չեղարկել են շատ վաղուց:

Պարզապես այսօր դա ակնառու է դարձել բոլորի համար, այն դեպքում, երբ տասնամյակ առաջ Հայաստանում այդ խնդիրը տեսնում ու դրա վերաբերյալ մտահոգություն արտահայտում էին եզակի անձինք և լրատվամիջոցներ:

Ահա այդ իմաստով, հայ-ռուսական անվտանգային հարաբերությունը ենթակա է լինելու արդեն այն գործընթացներին, որ կծավալվեն Եվրասիական ամբողջական անվտանգային համակարգի շուրջ քննարկումներում:

Հայաստանը, այո՛, պետք է լինի այդ գործընթացի մասնակիցն այն պարզ տրամաբանությամբ, որ Հայաստանը եվրասիական մայրցամաքի մաս է, ընդ որում իր անվտանգության զգայուն խնդիրներով գտնվում է այդ մայրցամաքի ամենազգայուն կետերից մեկում, նույնիսկ՝ «հատման կետերից» մեկում: Ըստ այդմ` Երևանի համար անվտանգության համակարգի տեսանկյունից իրապես շատ կարևոր է եվրասիական անվտանգության հավասարակշռված և ամբողջական համակարգի ձևավորումը, ինչը Հայաստանին կտա «հատման կետից» դուրս լինելու հնարավորություն:

Իհարկե ոչ միայն Հայաստանին, այլ գործնականում Կովկասին ընդհանրապես: Անշուշտ, դա շատ մեծ ու բարդ գործընթաց է, ահռելի խութերով և դժվարություններով, որը Հայաստանի համար զուգահեռ ուղեկցվում է նաև ընթացիկ օպերատիվ մարտահրավերներով:

Սակայն, իր համեստ հնարավորությամբ, Հայաստանը, այդուհանդերձ, կարող է ունենալ գործնական մասնակցություն՝ օգտագործելով թե՛ Եվրոպայի հետ իր սերտ հարաբերությունը, թե՛ լավ հարաբերությունը, այսպես ասած, Գլոբալ հարավի ուղղությամբ: Այդ իմաստով հատկանշական է, որ ՌԴ դեսպան Կոպիրկինը, իր հարցազրույցում խոսելով Հայաստան-ԲՐԻԿՍ գործակցության մասին, Ռուսաստանի հանգամանքից զատ մատնացույց է անում այդ կառույցում նաև Հայաստանի համար բարեկամ այլ երկրների՝ Իրանի, ԱՄԷ, Հնդկաստանի, Չինաստանի առկայությունը: Այստեղ հարկ է ավելացնել նաև Եգիպտոսը: Սրանք երկրներ և ուղղություններ են, ինչի առնչությամբ կա երկու հանգամանք:

Այս երկրները մի կողմից սերտ աշխատելով Ռուսաստանի հետ, մյուս կողմից հրաժարվում են այդ աշխատանքը «հակաարևմտյան» դիրքավորման ենթարկելուց: Իսկ սա Հայաստանի համար կարևոր ասպեկտ է:

Մյուս կողմից, դրանք երկրներ են, որոնց մի զգալի մասի առնչությամբ Հայաստանն ունի աշխատանքի ընդհուպ պատմաքաղաքական արժեքավոր հենք: Սա թույլ է տալիս Հայաստանին, համենայն դեպս գործել յուրօրինակ աշխարհաքաղաքական հաբի դիրքավորմամբ՝ ձգտելով դառնալ ոչ թե բախման կետերից մեկը, այլ գոտի, որտեղ կարող են համադրվել տարբեր ռազմավարություններ:

Այդ խնդիրը լուծելու համար, սակայն, Հայաստանին անհրաժեշտ է լուրջ որակական փոփոխություններ ներքին կյանքում, հասարակական-քաղաքական միջավայրում և պետական կառավարման համակարգում:

Այդ խնդիրը լուծելու համար պետք է էապես փոխվի Հայաստանի ընկալումը և ձևավորվի լուրջ ռազմաքաղաքական գործընկերոջ լայն իմիջ, որպեսզի նաև աշխարհում ձևավորվի այդ սուբյեկտի հետ, այլ ոչ թե նրա փոխարեն որոշումներ մշակելու ցանկություն: