09/12/2024

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը համբերատար ձգտում են Բաքվի հետ հարաբերությունները սրացումների չտանել

«Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի 29-րդ գագաթաժողովը հազիվ չի ձախողվել: Երկու շաբաթը բավական չէր, որ մոտ երկու հարյուր երկրի պատվիրակությունները համաձայնության հանգեն, և նրանք ևս երկու օր ու գիշեր են անցկացրել բանակցությունների սրահում, որտեղից դուրս են եկել տանջահար և չարացած: Ի վերջո լույս կիրակի գիշերը (նոյեմբերի 24-ին) փոխզիջում գտնվել է, որից, սակայն, բոլորը դժգոհ են», – Բաքվի COP 29-ի անփառունակ ավարտի մասին Ադրբեջանի մայրաքաղաքից տեղեկագրում է BBC-ի ռուսական ծառայության մեկնաբանը:

Նրա դիտարկմամբ՝ խորհրդաժողովի մասնակիցների համար շոկային էր Ադրբեջանի նախագահի այն միտքը, թե նավթը և գազը աստծո պարգևն են, որովհետև կլիմայի փոխոխության կամ ինչպես մասնագետների շրջանում է ընդունված ասել՝ գլոբոլ տաքացման դեմ պայքարի հիմնական սկզբունքն այն է, որ ածխաջրածնային էներգակիրների արդյունահանումը պետք է կրճատվի:

Ըստ իրազեկ աղբյուրների՝ Բաքվի խորհրդաժողովի ամփոփիչ փաստաթղթում արձանագրված է, որ գլոբալ տաքացման դեմ պայքարում զարգացող երկրներին տարեկան կցուցաբերվի 300 միլիարդ դոլար: BBC-ի մեկնաբանը, սակայն, վկայում է, որ ծանոթ է համաձայնության տեքստին, որտեղ ոչ մի երկիր որևէ գումար հատկացնելու պարտավորություն չունի, նման իրավական ուժ ունեցող պարտավորություն չի ստանձնել:

COP 29-ից Ադրբեջանը սկզբունքային երկու ակնկալիք ուներ: Առաջինը Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումն էր: Վերջին երկու տարիներին Ալիևը քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում տասնյակ փոքր հէկ-եր է կառուցել, Ապշերոնում Արաբական Միացյալ Էմիրություններն արևային էլեկտրակայան են շահագործման հանձնվել, համանման ծրագիր BP-ն կիրականացնի Ջեբրայիլում:

Այդ ծրագիրը մի նպատակ է հետապնդում՝ գազի ներքին սպառման ծավալները կրճատել, խնայածը վաճառել ԵՄ երկրներին: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բաքվի խորհրդաժողովին չի մասնակցել, նոր համաձայնագիր չի ստորագրվել:

Բաքվի երկրորդ ակնկալիքը ֆինանսական էր: Նախապես հայտարարվել էր, որ գլոբալ տաքացման դեմ պայքարի հիմնադրամը կկազմի առնվազն մեկ տրիլիոն դոլար: Համաձայնությունը կայացել է 300 միլիարդ դոլարի շուրջ, ընդ որում՝ դա զուտ հռչակագրային բնույթ է կրում: Ֆինանսական միջոցներ հավաքագրելու դեպքում անգամ հատկացումները հիմնականում բաժին են ընկնելու «երրորդ աշխարհի» երկրներին: Իսկ ադրբեջանական «կանաչ էներգիայի» նախագիծը հաշվարկված է արտաքին ներդրումների և դրամաշնորհների ներգրավման վրա:

BBC-ի մեկնաբանի վարկածով՝ Բաքվի խորհրդաժողովի բոլոր մասնակիցների վրա ծանրացած էր ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի ստվերը: Հայտնի է, որ պաշտոնավարման առաջին շրջանում նա հրաժարվել է գլոբալ տաքացման դեմ պայքարի Փարիզի համաձայնագրից: Փորձագետները հիմնավոր տպավորություն ունեն, որ պաշտոնն ստանձնելով՝ Թրամփը կարող է չեղարկել Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային համաձայնագրին ԱՄՆ մասնակցությունը:

Այս համապատկերին Բաքվի պաշտոնական քարոզչությունը նարատիվ է գեներացնում, որ Իլհամ Ալիևը «բարեկամանում է աշխարհի մեծամասնության հետ»: Դա պարզ խոստովանություն է, որ «ընտրյալների ակումբ» կամ նույնիսկ «ակումբի նախասրահ» մուտք գործելու ալիևյան համառ ջանքերը գործնական արդյունքի չեն բերել:

Ադրբեջանն առայժմ «չարիքի առանցքի» մաս չի դիտարկվում: Միացյալ Նահանգները և Եվրամիությունը համբերատար հետևողականությամբ ձգտում են Բաքվի հետ հարաբերությունները սրացումների չտանել:

Իլհամ Ալիևի ընտրությունը, սակայն, այն միջավայրն է, որտեղ իր համար կոմֆորտ է: Դա «եվրասիական ակումբն» է: Այդ ընտրությամբ նա կարող է Թուրքիայի հետ խնդիրներ ունենալ: «Մենք ԲՐԻԿՍ-ին անդամակցելու առաջարկություն ստացել ենք, մենք ասել ենք, որ հետաքրքրված ենք, բայց դեռ ուսումնասիրում ենք», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը: