09/12/2024

Վրաստանում նոր նախագահ կընտրեն, ներքաղաքական քաոսը խորանում է

Վրաստանում նախագահական ընտրությունները, ինչպես նախագահի երդմնակալությունը տեղի կունենան այս տարի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Մենք պետք է նախագահ ընտրենք հինգ տարի ժամկետով, հետևաբար, որպեսզի նախագահն ընտրվի հինգ տարով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի»,- ասել է Պապուաշվիլին։

Հիշեցնենք, որ երկրի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քաղաքականապես տարանջատվել է իշխող «Վրացական երազանք»-ից. կողմերի միջև սկզբունքային և խորը տարաձայնություններ կան երկրի վարած ներքին ու արտաքին կուրսի հարցում:

Ավելին, Զուրաբիշվիլին պահանջում է չեղարկել հոկտեմբերի 26-ին հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ դրանք կեղծված համարելով: Նա դրանք վիճարկելու համար դիմել է Սահմանադրական դատարան:

Բացի այդ, նա հակասահմանադրական է անվանել 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստի անցկացումը, որը երկրի պատմության մեջ առաջին անգամ նախագահը չի նշանակել: Օրենսդիր մարմնի անդրաանիկ նիստը նախատեսված է այսօր՝ նոյեմբերի 25-ին:

Հիշեցնենք նաև, որ բացի «Վրացական երազանքից» երկրի պառլամենտ են անցել չորս ընդդիմադիր ուժեր, որոնք հրաժարվել են իրենց մանդատներից և շարունակում են խորհրդարանի առջև բողոքի ցույցերը: Ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները գիշերել են պառլամենտի առջև՝ այնտեղ վրաններ տեղադրելով: Նրանք շարունակում են պահանջել ընտրությունների չեղարկում և նոր ընտրությունների անցկացում:

Այս պահին Վրաստանի խորհրդարանի բոլոր մուտքերը փակ են. հատուկ ռեժիմ է մտցվել անվտանգության նկատառումներով, իրավապահները ուժեղացված ծառայության են անցել: