27/12/2024

Ո՞ր գրագիտության մասին է, թե՝ ով քանի՞ գիրք է կարդացել կամ քանի՞ լեզվով է խոսում

Սոցիալական մեդիան, տասնյակ լրատվամիջոցներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ, վերլուծաբաններ, հրապարակախոսներ Աննա Հակոբյանին ծաղրում են, թե ինչո՞ւ է ասել տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է պետք:

Ոմանք հարցադրում են անում ՝իսկ ի՞նչ կրթություն ունի ինքը և պատասխան ստանում: «Բարձրագույն կրթություն չի ստացել»: (Թև գրեթե նույն մարդիկ երեսուն տարի առաջ Հայաստանի գիտությունների դոկտոր նախագահին էլ ծաղրանքով անվանում էին «մեռած լեզուների գիտակ»):

Այս ֆոնին տեղեկատվություն ես կարդում, որ Ասլանդուզ տարածքում Ադրբեջանի ցամաքային զորքերի և Իրանի Իսմական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ստորաբաժանումները քառօրյա համատեղ զորավարժություններ են սկսել՝ նպատակ ունենալով օպերատիվ և տակտիկական մակարդակում մշակել ապօրինի զինված խմբավորումների դեմ պայքարի, միջպետական սահմանի պաշտպանության և ռազմական համագործակցության գործողություններ:

Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում քանի՞ տարի է իշխել մտայնություն, որ Իրանին ձեռնտու է հյուսիսային սահմանին հայկական զինված ուժերի ներկայությունը, որովհետև այդպիսով կանխվում է Ադրբեջանում Իսրայելի ռազմական ներկայության հաստատումը:

Այս տեսակետը ձևակերպել և քարոզել են բարձրագույն կրթությամբ ռազմական և քաղաքական, պետական գործիչները, ԵՊՀ արևելագիտության բաժնի դասախոսները, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները:

Հիմա եկեք, ինչպես ժողովուրդն է ասում՝ ծուռ նստենք, բայց շիտակ խոսենք. քաղաքական, քաղաքագիտական այդ խոսույթը, որ որոշակի իմաստով նաև արտաքին քաղաքականությամբ է դրսևորվել, իմացության, աշխարհաճանաչողությա՞ն, թե՞ տգիտության դրսևորում է: Իրականությունն ապացուցեց, որ «Իրան-նամեն» գործնական քաղաքականությամբ չի հաստատվում:

Հայաստանի «մեռած լեզուների գիտակ» նախագահը 1998թ. հունվարի 7-8-ին Անվտանգության խորհրդի նիստում պարզորոշ հասկացրել է, որ ցնորամտություն է ակնկալել, թե Իրանը մեզ սպառազինություն կմատակարարի, որպեսզի մենք Ադրբեջանի հետ պատերազմում հաղթենք:

Վերջին մեկուկես ամսում Ադրբեջանը և Իրանը երկրորդ համատեղ զորավարժությունն են անցկացնում: Մի քանի օր առաջ Բաքվից զինվորական բարձրաստիճան պատվիրակություն է մեկնել Թեհրան և հանդիպում ունեցել Իսլամական հանրապետության ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Աշտիանիի, ինչպես նաև ԻՀՊԿ հրամանատարության ներկայացուցիչների հետ:

Եթե զինվենք հայաստանյան «քաղաքագիտության իմացության» փորձով, ապա պետք է տարակուսենք, թե տասնամյակներ շարունակ Իսրայելի հետ ռազմավարական համագործակցություն զարգացնող Ադրբեջանն ինչպե՞ս է ռազմական համատեղ ծրագրավորումներ մշակում հրեական պետության երդվյալ թշնամի Իրանի հետ: Մեր ազգային խնդիրը, թերևս, տարակուսանքից, զարմանքից, հիասթափությունից ձերբազատվելու մեջ է: Իսկ դրան հնարավոր է հասնել ռեալ աշխարհաճանաչողությամբ:

Մերձավոր Արևելքում մի իրավիճակ է, երբ Իրանի արտաքին քաղաքականությունը գործում է մի ուղղությամբ՝ հնարավորինս նվազեցնել հակառակորդների, ոչ բարեկամ երկրներ թիվը, տրոհել թշնամական ճամբարը, ֆրագմենտացնել «պաշարման օղակը»: Ադրբեջանի համար թշնամի Իրանը բացահայտ էքզիստենցիալ սպառնալիք է: Փոխադարձ շահը պահանջում է, որ կողմերն օպերատիվ և տակտիկական մակարդակում լինեն բարյացակամ գործընկերներ: Եվ նրանք հաղթահարում են ֆոբիաները:

Նման պարզ, դասագրքային իրողությունները մեզանում որքանո՞վ են հարգի: Խոսքն այդ գրագիտության մասին է, ոչ թե՝ ով քանի՞ գիրք է կարդացել կամ քանի՞ լեզվով է խոսում: Մարդ, որպես կանոն, մտածում է մայրենի լեզվով: Հրանտ Մաթևոսյանի վերջին ցանկություններից մեկը մեր ժամանակների հայերեն ստեղծելն էր: Այդ լեզուն, մտածողությունը, աշխարհընկալումը պետք է լինի: