23/12/2024

Մեկ անձ և նրա ղեկավարը միանձնյա են որոշել ոչնչացնել Երևանի կանաչ միջավայրը

Արդեն երկու օր է՝ երեւանցիները չեն ճանաչում Ալեք Մանուկյան փողոցը։ Անգամ 90-ականների ծառահատումներից հետո այս փողոցն այնքան ամայի ու ծառազուրկ չի եղել, ինչքան այս երկու օրերին։ Ֆիզկուլտինստիտուտի հարակից տարածքում, որտեղ հարյուրամյա թեղիներ էին, այժմ անապատ է։

Հրապարակ թերթը գրել է․ Երեւանի քաղաքապետարանի եւ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ծրագրով, թեղիները փոխարինվելու են ալբիցիաներով։ Այս մասին քաղաքապետարանն օրեր առաջ հաղորդել էր` ասելով, որ սա անցած տարի սկսված «հին ծառերը» նորերով փոխարինելու ծրագրի շարունակությունն է:

«Նշված բույսը նույնիսկ մոտ չէ թեղու փոշին նստեցնելու եւ սաղարթի թափանցիկության պատճառով ՈՒՄ ճառագայթներից ու ջերմությունից բոլորիս պաշտպանելու հատկանիշներին։ Բացի այդ, մեր թռչունների համար սննդի բազա չէ, ի տարբերություն բարձր յուղայնությամբ օժտված թեղիների սերմին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու անդամ, Բժշկական համալսարանի էկոլոգիայի եւ հիգիենայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը։ Ըստ նրա՝ ալբիցիաները դեկորատիվ ծառատեսակ են, չունեն սանիտարական ֆունկցիաներ, չեն կարող դիմանալ քամուն, նաեւ ցրտադիմացկուն չեն, փայտը շատ նուրբ է եւ քամուց ջարդվում է։ «20-25 աստիճան ցրտի դեպքում այս բույսերը ցրտահարվում են։ Դրանք շատ ուժեղ հոտ ունեն։ Զանգվածներով տնկում են, եւ այդ հոտի պատճառով մոտենալ չի լինելու։ Սրանք չեն հասկանում, որ կլիմայի գլոբալ տաքացման պայմաններում, ուրբանիզացված Երեւանում` այն պարագայում, երբ ծով չունենք, կանաչ մակերեսներ չունենք, սա անթույլատրելի է։ Ես մտնում եմ լսարան, ուսանողներին մի բան եմ բացատրում, նրանք դուրս են գալիս եւ այս անգրագիտության ականատեսն են դառնում»,- ասում է Քրիստինա Վարդանյանը։

Ալբիցիաները տնկում են այգիներում, պուրակներում, մեկ-մեկ կամ խմբով` ուղղակի դեկոր ստանալու համար։ Դրանք ունեն թափանցիկ սաղարթ, որը հասանելի է արեւի ճառագայթների համար։ «Այսինքն, ասֆալտն այդ ծառերի տակ տաքանալու է։ Սա այն ծառը չէ, որ կոմպակտ սաղարթ ունի ու պաշտպանում է արեւի ճառագայթներից։ Այստեղ նաեւ Երեւանի փոշու խնդիրն է։ Այս բույսը հաճախ վարակվում է սնկային հիվանդություններով, նրա կյանքի տեւողությունը կարճ է։ Անհասկանալի է, մի խոսքով, քաղաքապետարանին հարցերը շատ-շատ են»։

Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը կարծում է, որ թեղիները որոշել են փոխարինել միայն այն պատճառով, որ չեն կարողանում ժամանակին ներարկումներ անել, խնամք ապահովել։ «Հենց հիմա Մյունխենում, օրինակ, եվրոպական այլ քաղաքներում թեղիներ են տնկում, ինչ է թե չեն կարողանում խնամել, ժամանակին սրսկել, պարարտացնել, որոշում են կտրել։ Սրսկելու տեխնիկա էլ չունեն, մի տրակտոր ունեն, որը զուտ պտղատու ծառեր սրսկելու համար է։ Մայիսից հունիսը ընդամենը պետք է մի քանի անգամ սրսկել, ու կունենան առողջ, գեղեցիկ ծառեր։ Մեկ անձը կամ նրա ղեկավարը միանձնյա որոշում ու կտրում են քաղաքի ծառերը։ Անգամ հիվանդ ծառը չի կարելի այդպես վայրենավարի կտրել, այն դեռ 30 տարի գուցե ապրի»,- ասում է Կենտրոնի նախկին համայնքապետը։

Ստացվում է, որ կանաչապատման ՀՈԱԿ տնօրենը միանձնյա, ոտնահարելով հազարավոր երեւանցիների իրավունքները, որոշում ու ոչնչացնում է սերունդների դարավոր աշխատանքը, փարթամ, գեղեցիկ ծառերը՝ աղճատելով Երեւանի կենտրոնի հարազատ միջավայրը։