23/12/2024

Վրաստանի կառավարության նոր կազմը․ Միրզոյանը վաղաժամ է շնորհավորել գործընկերոջը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո նախարարների կաբինետը դեռ չի ձևավորվել, սակայն ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն արդեն շտապել է շնորհավորել Մակա Բոտչորիշվիլիին Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում «նշանակվելու» առիթով: Այդ մասին նա գրառում է արել X-ի իր էջում։

«Շնորհավորում եմ Մակա Բոտչորիշվիլիին` Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և Վրաստանի միջև` ռազմավարական գործընկերության ամրապնդման, մեր ընդհանուր նպատակների առաջմղման և տարածաշրջանում կայունության ապահովման համար»,- գրել է նա:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի նիստը նախատեսված է այսօր, որտեղ էլ կքննարկվի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Մակա Բոտչորիշվիլիի թեկնածության հարցը:

Հավելենք, որ երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կառավարության նոր կազմը: Ինչպես հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը, կառավարության կազմում երեք փոփոխություն է եղել: Դրանք ազդել են Արտաքին գործերի, Արդարադատության, ինչպես նաև Շրջակա միջավայրի պահպանության և Գյուղատնտեսության նախարարությունների վրա։ Նոր կառավարության կազմում չեն լինելու Իլյա Դարչիաշվիլին, Ռատի Բրեգաձեն և Օթար Շամուգիան։

Ներկայացնում ենք Իրակլի Կոբախիձեի առաջարկած կառավարության կազմը.

Վրաստանի արտգործնախարար՝ Մակա Բոչորիշվիլի;

Վրաստանի արդարադատության նախարար՝ Անրի Օխանաշվիլի

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար՝ Դավիթ Սոնգուլաշվիլի;
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար՝ Լևան Դավիթաշվիլի;
Վրաստանի պաշտպանության նախարար՝ Իրակլի Չիկովանի;
Վրաստանի ֆինանսների նախարար՝ Լաշա Խուցիշվիլի;
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար՝ Իրակլի Կարսելաձե;
Վրաստանի ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի;
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար՝ Ալեքսանդր Ցուլաձե;
Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար՝ Միխայիլ Սարջվելաձե;
Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար՝ Թեա Ախվլեդիանի;
Վրաստանի մշակույթի և սպորտի նախարար՝ Թինաթին Ռուխաձե: