26/12/2024

Փաշինյանը պլանավորել է ևս մի քանի փորձության ենթարկել Սարուխանյանին

Հանրապետության երկրորդ քաղաքը՝ Գյումրին, ուղիղ մեկ ամիս է՝  կառավարիչ չունի։ Շուրջ 12 տարի քաղաքը կառավարելուց հետո «Բալասանյան» դաշինքի անսպասելի հրաժարականը նոր զարգացումների պատճառ դարձավ։

Հրապարակ թերթը գրել է․ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախ հայտարարեց, թե արտահերթ ընտրությունների է պատրաստվում,  քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակելու իրենց տարածքային կառավարման ղեկավարին՝ Կարեն Սարուխանյանին,  իսկ հետո էլ հայտարարեցին, թե իրավական խոչընդոտ է առաջ եկել․ արտահերթ ընտրությունների հնարավոր չէ գնալ, քանի որ պետք է ունենալ համայնքի ղեկավար, որը պետք է ընտրացուցակները ստորագրի ու ընտրական տեղամասերի ցանկը հաստատի։

Առաջարկում  են ՏԻՄ օրենքը փոփոխության ենթարկել, ըստ որի՝  վարչապետը Գյումրիում համայնքապետի պաշտոնակատար նշանակելու լիազորություն կստանա, արտահերթն էլ անորոշ ժամանակով կհետաձգվի։ Մինչդեռ ավագանու ընդդիմադիր անդամների կարծիքով, այս քայլերով ՔՊ-ն իշխանազավթման իր ծրագիրն է իրագործում ։

Նկատենք, սակայն, որ համայնքապետի ՔՊ թեկնածու Կարեն Սարուխանյանի շուրջ դեռևս անորոշություն է պահպանվում։ ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ մոտ երկու շաբաթ առաջ Սարուխանյանը սկանդալի կիզակետում հայտնվեց ոչ պատահական ։Հիշեցնենք, որ թմրանյութ օգտագործելու կասկածանքով ձերբակալվեց նրա քեռորդին եւ մյուս կուսակից ընկերը, որոնք թեև ազատ արձակվեցին, բայց այդ դեպքով քրեական վարույթ է հարուցվել։

Այս դեպքին անմիջապես հաջորդեց այն, որ Նիկոլ Փաշինյանը Սարուխանյանին էլ թեստ հանձնելու ուղարկեց՝ պարզելու՝ արդյոք քաղաքապետի թեկնածուն թմրանյութ օգտագործում է, թե ոչ։ Բանն այն է, որ Շիրակի նախկին փոխմարզպետ Արա Մելիքջանյանի՝  «Ո՞վ է ՔՊ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանը» վերտառությամբ ֆեյսբուքում արված բացահայտումները, Սարուխանյանի անվան շուրջ պպտվող անհաճո խոսակցությունները, շարժել են վարչապետի կասկածամտությունը եւ կուսակցության վերնախավում քննարկելու  տեղիք է տվել՝ արժե արդյոք   վտանգված հեղինակությամբ Սարուխանյանին այդքան լարված մթնոլորտում առաջադրել քաղաքապետի թեկնածու։

Մինչ մամուլում լուր տարածվեց, թե նրա թեստի պատասխանը դրական է, օրեր անց ՔՊ-ական պատգամավորը ծավալուն գրառմամբ հերքեց իր մոտ թմրանյութերի հայտնաբերման մասին պնդումները՝ հրապարակելով նաև մեզի  հետազոտությունների արդյունքների լուսապատճենները:

Չխախտելով Կարեն Սարուխանյանի անմեղության վարկածը, թմրանյութերի ախտորոշման թեստերի տեսակները ուսումնասիրելիս  պարզեցինք, որ յուրաքանչյուր թեստի համար գոյություն ունի ժամանակահատված, որի ժամանակ հնարավոր է օրգանիզմում  հայտնաբերել որևէ միացություն ։ Մեզի թեստերի համար այն կազմում է մոտ 2-4 օր (ընդ որում՝ թմրանյութերի ընդունումից մինչև մեզի անալիզի հանձնումը պետք է անցնի 6-8 ժամ)։

Արյան և թքի հետազոտությունների համար այդ ժամանակահատվածը մինչև 2 օր է (որոշ միացությունների համար, օրինակ՝ ֆենոբարբիտալի դեպքում՝ մինչև մեկ շաբաթ)։ Բայց բժիշկ-փորձագետների պնդմամբ ՝ մազի միջոցով թմրանյութերի ախտորոշման մեթոդն է միայն ,  որը հնարավորություն է տալիս բացահայտել թմրանյութերի ընդունումը 1-3 ամիս ժամանակահատվածում ։

Նշենք, որ մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը պլանավորել է ևս մի քանի փորձության ենթարկել Սարուխանյանին, որից հետո միայն որոշում կկայացնի՝ արժե փոխել Գյումրիում քաղաքապետի թեկնածուին, թե` ոչ։