«Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության եւ այս թունավոր պաշտոնում` իբրեւ ամենաերկարը դիմացած ղեկավար». իսկ այժմ ԲԴԽ-ն ունի նախագահի հավանական թեկնածու՝ ԲԴԽ անդամ եւ Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արթուր Աթաբեկյանը 2004 թվականին աշխատել է Երեւան քաղաքի Արաբկիր համայնքի թաղապետարանում` որպես կոմունալ տնտեսության բաժնի առաջին կարգի մասնագետ։ 20 տարի անց առաջին կարգի մասնագետից դարձել է դատավոր եւ ԲԴԽ անդամ։
Հեղափոխությունը Աթաբեկյանի կյանքում եւս արգասաբեր եղավ. ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նա նշանակվեց Սնանկության դատարանի դատավոր:
2022 թվականին, ՀՀ նախագահի որոշմամբ, Աթաբեկյանը նշանակվել է Սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով, իսկ 2023 թվականին ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: 2024 թվականին, ՀՀ նախագահի որոշմամբ, նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:
Այժմ ուսումնասիրենք, թե ինչ ունեցվածք ունի Արթուր Աթաբեկյանը: Համաձայն դատավորի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ Աթաբեկյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 1 բնակելի տուն, 1 անհատական բնակելի տուն, 3 հողամաս, 1 ավտոկայանատեղի։ Գույքերը գտնվում են Երեւան քաղաքում եւ Տավուշի մարզի Սարիգյուղում։
Որպես տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտային միջոց՝ Աթաբեկյանը հայտարարագրել է 2019 թվականի արտադրության TOYOTA մակնիշի մեքենա, որը գնվել է 2022 թվականին։
Արթուր Աթաբեկյանը հայտարարագրել է նաեւ մեկ TOYOTA մակնիշի մեքենա, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է իր կողմից։
Դատավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 355 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 6 մլն 700 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 979 հազար դրամ, որից 16 մլն 194 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդից։
Որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ՝ Աթաբեկյանը հայտարարագրել է 264 հազար դրամ, որը ստացել է «ՀՀ Փաստաբանական ակադեմիա» հիմնադրամից։
ԲԴԽ անդամի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 043 հազար դրամ, որը 2 բնակարանի եւ 1 ավտոկայանատեղու հիփոթեքային վարկ է, որի համար էլ եկամտահարկի վերադարձի օրենքով ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 3 մլն 521 հազար դրամ եկամտահարկի վերադարձ՝ հիփոթեքային վարկի մայր գումարը մարելու համար։
ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Աթաբեկյանը հանգստի համար կատարել է 3 մլն 500 հազար դրամի ճանապարհածախս։ Վարկերի մարմանն ուղղել է 4 մլն 049 հազար դրամ։
Արթուր Աթաբեկյանը ՀՀ դատավորների միություն անդամ է»:
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ