Զուգադիպությո՞ւն է, թե՞ Ալիևն այդպես է ծրագրել, բայց Թրամփի հետ Ալիևի հեռախոսազրույցը նախորդել է Մոսկվայում ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հերթական հանդիպմանը:
Բացման խոսքում ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը չափազանց սկզբունքային հայտարարություն է արել: Նրա գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ն ամրապնդում է դիրքերը Ռուսաստան-Բելառուս միութենական պետության սահմաններին, Բալթիկ ծովում, Արկտիկայում, Սև ծովում և ուղիներ է փնտրում՝ հաստատվելու Կասպյան ավազանում:
Բոլորովին վերջերս Կասպյան ավազանում արևմտյան երկրների ռազմական ներկայության վտանգավորության մասին խոսել է ՌԴ ԱԴԾ նախկին տնօրեն Պատրուշևը: Նա ասել է, որ միայն Ռուսաստանի ներկայությունն է խոչընդոտում, որպեսզի մերձկասպյան որոշ երկրներ իրենց ջրային տարածքը չտրամադրեն ՆԱՏՕ-ի անդամ պետության:
Ո՞ւմ է հասցեագրված Պատրուշև-Բորտնիկով զգուշացումը: Փորձագետների համար գաղտնիք չէ, որ վերջին քառորդ դարում Ադրբեջանի ռազմա-ծովային ուժերն արդիանացվել, սպառազինվել և տեխնոլոգիապես հագեցվել են նաև Միացյալ Նահանգների ուղղակի ֆինանսավորման շնորհիվ:
Բայց Կասպից ծովը փակ ավազան է, օվկիանոսների հետ ուղղակի հաղորդակցություն չունի: Միակ լոգիստիկան վերահսկում է Ռուսաստանը: Անցած տասնամյակներին ՌԴ ԶՈՒ ԳՇ-ն, ԱԴԾ-ն, Արտաքին հետախուզության ծառայությունը Կրեմլին չե՞ն զգուշացրել, որ Ադրբեջանի ռազմածովային ուժերի հզորացումը Ռուսաստանի համար խնդրահարույց կարող է լինել:
Ուշագրավ է նաև, որ Իլհամ Ալիևը Միացյալ Նահանգների ընտրված նախագահի հետ հեռախոսազրույց է ունեցել Աստանայում ՀԱՊԿ գագաթաժողովից երկու օր առաջ: Նոյեմբերի 27-ին Ղազախստանի մայրաքաղաքը կհյուրընկալի Ուկրաինայի դեմ «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռ կիրառած Վլադիմիր Պուտինին:
ՀԱՊԿ-ի գագաթաժողովը, ըստ երևույթին, լինելու է «եվրասիական միասնական և անբաժանելի անվտանգության համակարգ ձևավորելու» Ռուսաստանի առաջարկության «շնորհանդես»: Այդ են վկայում քաղաքական գործիչների հայտարարությունները, փորձագիտական շրջանակներից գեներացվող հիմնավորումները, որ հետխորհրդային տարածքում երրորդ կողմի ներկայությունը բացառվում է:
Իր ելույթում ՌԴ ԱԴԾ տնօրենը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին քննադատել է հետխորհրդային տարածքի հակամարտող երկրներին սպառազինություններ մատակարարելու համար: Խոսքն արդյոք վերաբերում է նաև Ադրբեջանի՞ն, որի ռազմավարական դաշնակիցներից է նաև Թուրքիան:
Բայց չէ՞ որ Ռուսաստանը և Թուրքիան 2020թ. աշնանը Լեռնային Ղարաբաղում համատեղ բարդ ռազմագործողություն են իրականացնել, որի հեղինակ Շոյգուն այսօր ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար է: Թրամփի հետ Ալիևի հեռախոսազրույցից հետո Բաքվի իշխանական լրատվամիջոցը, թերևս առաջին անգամ, անուղղակի հաստատել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական արգելքը սահմանում է Մոսկվան:
«Ռուսաստանը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավոր է հաստատել միայն իր մասնակցությամբ»,-ձևակերպել է ադրբեջանցի մեկնաբանը: Բորտնիկովը Բաքվին զգուշացնում է, որ եվրասիականության գծից շեղումը «կպատժվի տեղո՞ւմ»:
Բաց մի թողեք
Էրդողանը կփորձի՞ հասնել հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրման
Ադրբեջանը հօգուտ Իսրայելի՝ մերժում է Թուրքիային. Ինչ սպասել …
Հայության սին հույսերը Թրամփից, թե նա կգա ու կհանդարտեցնի Ալիևին