23/12/2024

«Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը ինչ է հայտարարագրել. Լուսանկար

«Հակակոռուպցիոն կոմիտեն, որը Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով 2 շաբաթ Է ղեկավար չունի, առաջիկայում կպատրաստվի Կոմիտեի նախագահի ընտրություններին, որը երկարատեւ գործընթաց է: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունների համար նախ պետք է հայտարարվի մրցույթ, ապա ձեւավորվի ընտրող հանձնաժողով։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սասուն Խաչատրյանի՝ sms-ով հեռանալուց հետո Հակակոռուպցիոն կոմիտեն, որպես նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ղեկավարում է Փաշինյանի վաղեմի ծանոթ, «Մարտի 1»-ի քննչական խմբի ղեկավար, արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանը։ Հարկ է նշել, որ Էդիկ Հակոբյանը «Հաց բերող» Արթուր Սարգսյանին կալանավորողն է եղել, ում 2024 թվականի գարնանը ՀՀ նախագահի հրամանով շնորհվել է երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Իսկ ինչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի նրա հայտարարագիրը, ըստ որի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ 1 անհատական բնակելի տուն, 1 հողամաս։ 2023 թվականին Հակոբյանը ձեռք է բերել 2022 թվականի արտադրության Lexus մակնիշի մեքենա, որն արժեցել է 15 մլն 300 հազար դրամ։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 800 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է գրեթե 500 հազար դրամով։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 400 հազար դրամ (կանխիկ դրամական միջոցները գրեթե կրկնապատկվել են)։ Նախորդ տարվա՝ 2022 թվականի համեմատ տարեկան եկամուտներն ավելացել են գրեթե 4 մլն դրամով։ Կոմիտեի նախագահի տեղակալի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 44 մլն 369 հազար դրամ, որից 27 մլն 840 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Էդիկ Հակոբյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 35 մլն 437 հազար դրամ, որից 21 մլն 313 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչի համար էլ Հակոբյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացել է 2 մլն 875 հազար դրամ՝ եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարը մարելու համար։ Վարկի մարմանն ուղղել է 8 մլն 222 հազար դրամ։

Հիշենք եւ չմոռանանք լեգենդար «պոզով-պոչով կոռուպցիան», որն անտարբեր չի անցել նաեւ Էդիկ Հակոբյանի ընտանիքի կողքով։

Հակոբյանի կինը՝ Աննա Խաչատրյանը, Երեւանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցի տնօրենն է, իսկ նրանց հետ համատեղ բնակվող Արմենակ Հակոբյանը նույն դպրոցում աշխատում է որպես պահակ։

Ահա թե ինչպիսին է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարի ունեցվածքը։»:

«Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը ինչ է  հայտարարագրել. «Ժողովուրդ»