09/12/2024

Հիմա էլ անցել են օրենքը խմբակային բռնաբարելու գործին

Նիկոլ Փաշինյանի հռչակած ժողբաստիոնում Սահմանադրությունը տրորելու, օրենքները բռնաբարելու օրգիաների ենք ականատես լինում, երբ օրենքը խախտում է անձամբ վարչապետ Փաշինյանը, իսկ թիմը շարունակում է նրա սկսած հակաիրավական պրոցեսը եւ արդարացնում ամեն ինչ:

Հրապարակ թերթը գրել է․ Իրավիճակն այնքան ողբերգական ու զավեշտական է, որ անգամ իրենց իրավաբանության գուրու համարող ՔՊ-ականները ստիպված են խաչ քաշել սեփական գիտելիքների ու անցած ճանապարհի վրա եւ Փաշինյանի տգետ ուսապարկի նման արդարացնել առաջնորդին։ Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ երկրում շեքսպիրյան հարցի պես կախված է Հովիկ Աղազարյանի մանդատի հարցը՝ «դնե՞լ, թե՞ չդնել»։ Եթե անցյալում լիներ նման բան, հիմա բոլոր արեւմտյան դեսպանություններն ու քաղհասարակություն կոչված ՀԿ-ները փողոցներում պաստառներով ցույցեր կանեին՝ «բռնապետական» կարգերի, Սահմանադրության ոտնահարումների դեմ: Այսօր բոլորի աչքի առաջ Նիկոլ Փաշինյանը քրեորեն պատժելի գործընթաց է սկսել. բոլորը լռում են, եւ կա մեկ մարդ՝ Հովիկ Աղազարյանը, որը խելագարի համառությամբ պայքարում է համակարգի դեմ՝ իր վրա զգալով թիմակիցներից շատերի եւ պետական պատժիչ մեքենայի ճնշումները։

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՍԴ-ում երկար տարիներ աշխատած, իրավաբանական գիտությունների թեկնածու Վլադիմիր Վարդանյանը, օրինակ, «կռուտիտի» յուրօրինակ ձեւ է գտել` նա Սահմանադրությունից առավել «քաղաքական պատասխանատվության» ինստիտուտն է կարեւորում։ «Մենք մշտապես պետք է առաջնորդվենք հետեւյալ կարեւոր կանոնով, որ քաղաքական թիմում կա քաղաքական պատասխանատվության էլեմենտ, եւ քաղաքական պատասխանատվությունը պետք է տարբերել իրավական պատասխանատվությունից»: Դիտարկմանը, թե երբ վարչապետը «խնդրանքի» անվան տակ հորդորում է պատգամավորին՝ մանդատից հրաժարվելու դիմում գրել, դա հակասահմանադրական չէ՞, պատգամավորը լղոզեց․ «Այդ տեսանկյունից ներթիմային հարցերում՝ առաջադրումներ, նշանակումներ, պաշտոնից տեղափոխումներ, պետք է որոշակի կանոններ գործեն, որոնք քաղաքական են»։ Ապա վստահեցրեց՝ որեւէ պատգամավորի նկատմամբ ճնշում չկա։ Իսկ եթե իր մասնակցությամբ ինչ-որ միջադեպ լինի, վարչապետը մի sms էլ իրեն գրի… «Իմ մոտեցումը շատ ավելի հստակ է, ցանկացած քաղաքական գործիչ պետք է ունենա քաղաքական պատասխանատվություն` իր քաղաքական վարքագծի հետ կապված»: Չհասկացվեց, թե այդ ինչ է արել Աղազարյանը, որ պետք է քաղաքական պատասխանատվություն կրի` գուցե Արցախի հանձնո՞ւմը նկատի ունի: Վարդանյանն անպատասխան թողեց հարցը, որ եթե ճնշում չկա, ինչո՞ւ են Աղազարյանին կանչում հարցաքննությունների։ Ստացվում է, որ ՔՊ-ականներն այս միջադեպից հետո, հակառակ սահմանադրական նորմին, կաշկանդվա՞ծ են լինելու` այլեւս չե՞ն կարող համարձակ ելույթներ ունենալ, որը կարող է Փաշինյանին դուր չգալ: Բայց մայր օրենքի 94-րդ հոդվածն ասում է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով»։ Վարդանյանը պատասխանեց․ «Յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է իր կողմից տրված երդմամբ, խղճով, իր համոզմունքներով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:

Մանդատից հրաժարված պատգամավոր Նարեկ Զեյնալյանին էլ հարցրինք՝ ինչո՞ւ էիք խաբում՝ հայտարարելով, թե «սեփական նախաձեռնությամբ» եք վայր դնում մանդատը, իր այդ հայտարարությունից հետո Փաշինյանը խոստովանեց, որ ինքն է «խնդրել», որ մանդատները հանձնեք։ Պատգամավորն անհասկանալի բառակույտ արտաբերեց՝ պնդելով, թե իր կամքով է դրել. «Հորդոր չի եղել, եղել է խնդրանք, եւ ես կայացրել եմ որոշում»: Այս մարդիկ անգամ չգիտեն, որ «հորդոր» ու «խնդրանք» բառերն իմաստային առումով իրարից գրեթե չեն տարբերվում: Մանավանդ որ վարչապետը դրանով, ըստ էության, միջամտել է օրենսդիր իշխանության գործին, ինչը հակասահմանադրական է։ «Խնդրանքը սահմանադրական կատեգորիա չէ, եւ խնդրանքի արդյունքում ես կայացրել եմ որոշում: Սահմանադրության ոտնահարում չի եղել»,- ասաց Զեյնալյանը:

ՔՊ-ական Էմմա Պալյանն էլ նկատում է՝ մեր գործընկերները կարող էին դիմադրել, քանի որ վարչապետը չի պարտադրել, խնդրել է։ Բայց նաեւ «ամոթանք» տվեց` եթե ինքը լիներ նման իրավիճակում, անմիջապես կկատարեր վարչապետի խնդրանքը․ «Ես քաղաքական թիմի անդամ եմ, հարգում եմ կուսակցության վարչության, առավել եւս՝ վարչապետի որոշումը, եւ եթե ինչ-որ պահի նման միջադեպի մեջ հայտնվեմ, եւ ինձ նման հորդորով վարչապետը դիմի, ես պատրաստ եմ այդ հորդորին ընդառաջ գնալ»։ Որոշում, հորդոր` ՔՊ-ականները լրիվ խճճվել են:
Հարցրինք՝ իրենց գործընկերների նկատմամբ այս վերաբերմունքն այսուհետ իրենց չի՞ կաշկանդի՝ ազատ, համարձակ ելույթներ ունենալ, առաջնորդվել խղճով եւ համոզմունքներով։ «Ոչ, իհարկե, ոչ, մենք կշարունակենք մեր բնականոն աշխատանքը»։

Հովիկ Աղազարյանը, որ մեկ շաբաթից ավելի դիմադրում է, երեկ լրագրողներին փոխանցեց, թե ինչու է հետաձգել վարչապետի «խնդրանքին» արձագանքելու որոշման հրապարակումը, ասաց, որ ռուսաստանաբնակ մի ընկեր ունի` նա է խնդրել։ «Երեկ ես հեռախոսազանգ եմ ստացել Մոսկվայից՝ իմ մանկության, դպրոցական, ուսանողական ընկերոջ կողմից, որ ինքը շատ կնեղանա ինձնից, եթե արձագանքեմ վարչապետի հրապարակավ խնդրանքին՝ առանց իրեն տեսնելու։ Հիմա ես սպասում եմ իր գալուն, երեկոյան կասի` երբ է գալու»,- ասաց նա՝ չբացառելով, որ ընկերը կարող է մեկ ամիս կամ մեկ տարի հետո Հայաստան գալ։ Թե ում մասին է խոսքը, պատգամավորը չակերտներ չբացեց՝ շեշտելով, որ ընկերն իր համար բացարձակ հեղինակություն է, որի խնդրանքը չի կարող մերժել։

Իրականում Աղազարյանը նման զավեշտալի պատմություններով փորձում է ձգել որոշման հրապարակումը, քանի որ չի պատրաստվում ընդառաջել վարչապետի խնդրանքին։ Մենք գրել ենք, որ ՔՊ-ում քիչ չեն նաեւ Աղազարյանին աջակցողները եւ մանդատից չհրաժարվելու խորհուրդ տվողները․ երեկ նա հաստատեց այս տեղեկությունը՝ բնականաբար, անուններ չհրապարակելով, որ գործընկերներին հարվածի տակ չդնի։