23/12/2024

Նիկոլ Փաշինյանը փորձում է փնտրել իր համար նոր ելքեր

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար իրականացնում է, ըստ էության, ներկուսակցական «փրայմերիզ», իհարկե, Գյումրու շրջանակում՝ հայտարարելով, որ ԺՊ համար ընտրված թեկնածուն էլ կլինի քաղաքապետի ՔՊ թեկնածուն արդեն Գյումրու ավագանու արտահերթ ընտրությանը:

Հանրապետության երկրորդ քաղաքի կառավարումը, ըստ էության, կաթվածահար է այն բանից հետո, երբ ավագանու մեծամասնություն Բալասանյան դաշինքն ու քաղաքապետը, որը ներկայացնում էր դաշինքը, հայտարարեցին իրենց մանդատը վայր դնելու և հրաժարականի մասին: Իսկ դա տեղի ունեցավ Բալաասանյանների հանդեպ քրեական գործից հետո: ՔՊ-ն այդ քայլը գնահատեց ոչ թե քաղաքական նպատակով ճնշման հետևանք, այլ անպատասխանատվություն Գյումրու նկատմամբ: Եթե ՔՊ-ն այդ անպատասխանատվության համար մեղադրում էր Բալասանյան դաշինքին, ապա փաստորեն Գյումրու համար իր վրա պատասխանատվություն չի վերցնում նաև Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հարցը թողնելով փաստորեն կուսակցության վրա:

Արդեն իսկ բավականին տարածված է գնահատականը, որ Փաշինյանն այդ կերպ փորձում է ստուգել, թե ինչ հնարավորություններ ունի Գյումրիում: Գուցե նաև դա, բայց Գյումրիում իր հնարավորությունները ստուգելու համար նա ունի շատ այլ, առավել հաստատուն ստուգման մեխանիզմներ: Գյումրու «փրայմերիզով» Նիկոլ Փաշինյանը բուն իմաստով «թեստավորման» է ենթարկում կամ ստուգում է ՔՊ-ն, ոչ թե Գյումրու հանրության տրամադրոությունները: Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական խնդիրը, ըստ էության բոլոր առումներով դարձել է ՔՊ-ն, ինչքան էլ դա չհնչի տարօրինակ:

Խոսքն այն մասին չէ, որ Փաշինյանն ունի որևէ դավադրության տագնապ: Նիկոլ Փաշինյանը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է բախվում իր առաջնորդած ուժի ըստ էության անկենսունակությանը: Այլ կերպ ասած, ՔՊ-ն դարձել է մի համակարգ, որն ինքը չի ստեղծում ոչինչ՝ լոկ Փաշինյանի ներքաղաքական կենսունակության հույսին է, բայց, ըստ էության, պահանջում է ամեն ինչ: Չտալ՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող, բայց ամեն ինչ տալն էլ ժամանակի ընթացքում դառնում է բարդ, որովհետև եթե որոշակի ժամանակ առաջ կար ՔՊ վարկանիշի հարց, սակայն անձնական վարկանիշի կրիտիկական խնդիր Նիկոլ Փաշինյանը չուներ, ապա այժմ նա ունի նաև այդ խնդիրը:

Այստեղ նա փնտրում է լուծումներ և անկասկած է, որ դրանք փնտրում է իր ու ՔՊ հարաբերության փոփոխության տրամաբանության մեջ: Այստեղ է ներկուսակցական վայրիվերումների ամբողջ այս գործընթացի «բանալին», որը, անկասկած, Փաշինյանի ձեռքում է, և որով նա փորձում է փնտրել իր համար նոր ելքեր: