26/12/2024

ՔՊ-ն Գյումրիում չունի կադրային ռեզերվ ու Փաշինյանը մոգոնել է փրայմերիզը

«Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ։ Գյումրու բնակիչների շրջանում որոշակի սկզբունքով կիրականացնենք քվեարկություն։

Հաղթած թեկնածուին կնշանակենք Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որն էլ մեծ հավանականությամբ կլինի մեր թեկնածուն»,- սա էր Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձի գլխավոր իմաստը:

Ընդամենն օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը միանձնյա կադրային ջարդ իրականացրեց՝ ազատվելով վեց առանցքային պաշտոնյայից, այսօր ժողովրդավարության իմիտացիա է անում:

Այդ իմիտացիայի պատճառները մի քանիսն են:

Գլխավոր խնդիրն այն է, որ Փաշինյանն իրազեկված է, որ ՔՊ-ն Գյումրիում պարտվելու է և փորձում է Վանաձորի մոդելով հետաձգել ընտրությունները կամ դրանք նշանակել իր համար հարմար պահի, մեր ունեցած տեղեկատվությամբ՝ փետրվար ամսին:

Մինչ այս պահը ՔՊ-ի թեկնածուն պատգամավոր Կարեն Սարուխանյանն էր, ով, սակայն, Գյումրիում վարկաբեկված է ու հաղթելու շանս գրեթե չունի:

Մյուս կողմից, ՔՊ-ն Գյումրիում չունի կադրային ռեզերվ ու այս արանքում Փաշինյանը Գյումրիում մոգոնել է փրայմերիզը:

Եթե դրա ընթացքում Սարուխանյանը, այնուամենայնիվ, դառնա քաղաքապետի ԺՊ ու քաղաքապետի թեկնածու, Փաշինյանը ՔՊ հնարավոր պարտության պատասխանատվությունը կդնի կուսակցության, գյումրեցիների վրա:

Իհարկե, այլ աղբյուրների հայտնում են, որ Փաշինյանի ընտրությունը կանգ է առել Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանի վրա, ով պետք է նշանակվի քաղաքապետի ԺՊ, ապա գլխավորի ՔՊ ցուցակն ընտրություններում:

Սրանով հանդերձ, եթե ընդդիմությունն արդյունավետ գործի, հեղափոխության սիմվոլ Գյումրին դառնալու է Փաշինյանի պարտության սիմվոլ:

Սուրեն Սուրենյանց