23/12/2024

Բրյուսելն ինչպես է հարաբերություններ կառուցելու Բաքվի հետ

Ռուսաստանի ԳԱ Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Եվրոպայի քաղաքական ուսումնասիրությունների բաժնի պետ Նադեժդա Արբատովայի գնահատմամբ՝ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով ձևավորված նոր Եվրահանձնաժողովն ավելի աջ-պահպանողական չէ, քան նախորդը, չնայած նման ակնկալիքներ կային:

Նա կարծում է, որ Եվրահանձնաժողովը լիազորությունների առաջիկա ժամկետում կենտրոնանալու է ոչ թե բնապահպանական, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, այլ միասնականության և կայունության պահպանման հարցերի վրա։ Արբատովայի կարծիքով՝ դա պայմանավորված է նաև ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով, քանի որ նա հայտնի է Եվրամիության նկատմամբ բացասական վերաբերմունքով։

Արբատովան այս տեսակետն արտահայտել է՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի անդամների թեկնածուների նախնական քննարկման արդյունքները: Ըստ էության՝ հանձնակատարի բոլոր թեկնածուները Եվրախորհրդարանի խմբակցությունների կողմից արժանացել են հավանության, վերջնական քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, և ռուսաստանցի քաղաքագետն անակնկալներ չի կանխատեսում, որովհետև երեք ազդեցիկ խմբակցությունները, որ ձայների կեսից ավելին ունեն, տեւական քննարկումներից հետո հասել են կոնսենսուսի:

Արբատովան առանձնահատուկ ուշադրության է արժանացրել Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Կայա Կալասի թեկնածության քննարկմանը և նկատել, որ Էստոնիայի նախկին վարչապետի՝ Ռուսաստանին վերաբերող ձևակերպումները որոշակիորեն մեղմացել են։

Ի մասնավորի՝ պատասխանելով ԵՄ տարածքում ՌԴ սառեցված ակտիվների մասին հարցին, Կալասն ասել է, որ դրանք կարող են ծառայել Ուկրաինայի վերականգնմանը, բայց չի խոսել բռնագրավման մասին։ Կալասը նաև անպատասխան է թողել հարցը, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ նրա ամուսնու մասնավոր ընկերությունը մինչ օրս առևտրական հարաբերություններ է պահպանում ռուսաստանցի գործընկերների հետ:

Ընդհանուր առմամբ, սակայն, Արբատովան Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության քաղաքականության փոփոխություն չի կանխատեսում։ Նա կարծում է, որ առաջիկա տարիներին Բրյուսելը շարունակելու է հետխորհրդային տարածքի երկրների հետ կապերի ամրապնդման, հնարավորության դեպքում՝ խորացման քաղաքականությունը, բայց ընդլայնման ճակատային քայլեր ձեռնարկելու հավանականությունը մեծ չէ: Եթե նոյեմբերի 27-ին Եվրախորհրդարանը հաստատի Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայացրած «կառավարությունը» և անակնկալներ չլինեն, ապա Եվրահանձնաժողովը դեկտեմբերի 1-ին կմտնի լիազորությունների մեջ։

Ռուսաստանցի փորձագետի գնահատականը, որ Եվրամիության արտաքին քաղաքականությունը սկզբունքային փոփոխության չի ենթարկվի, ավելին՝ Բրյուսելը կկենտրոնանա միասնականության և կայունության պահպանման հարցերի վրա, ուշագրավ է նաև Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունների կանխատեսելիության առումով: Արբատովան փաստացի կանխատեսում է ԵՄ քաղաքական ուղեգծի հաջորդայնություն: Դա հնարավորություն է, որպեսզի Երևանը Բրյուսելին ավելի մոտ լինի:

Եվրահանձնաժողովի, հատկապես անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատարի դիրքորոշումը, ըստ էության, սկզբունքային է լինելու նաև Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման հարցում:

Բարդ է կանխատեսել, թե Բրյուսելն ինչպես է հարաբերություններ կառուցելու Բաքվի հետ։ Ադրբեջանի նախագահը Եվրախորհրդարանն անվանել է քաղաքական կոռուպցիայի կառույց և խստորեն քննադատել անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելին։ Գործնական քաղաքական ռեժիմում, իհարկե, նման «կսմիթները» հաճախ մոռացության են մատնվում, բայց անհավանական է թվում, որ Բրյուսելը ենթարկվի Բաքվի վարչակազմի ճնշումներին։