ՌԴ նախագահի օգնական Ուշակովը հայտարարել է, որ Երևանի խնդրանքով ԵՏՄ Խորհրդի տարեվերջյան նիստը կկայանա դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում:
Նա հայտնել է, որ նիստը կնախագահի Նիկոլ Փաշինյանը: Հայաստանը ԵՏՄ նախագահող երկիրն է, բայց արդեն երկրորդ գագաթնաժողովը տեղի է ունենում ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում:
Մայիսին էլ Հայաստանը համաձայնել էր ԵՏՄ հոբելյանի՝ տասնամյակի առիթով գագաթնաժողովը Մոսկվայում անցկացնելուն: Թերևս, անկասկած է, որ հարցը Պուտինն է և Հռոմի ստատուտը:
Եթե ՌԴ նախագահ Պուտինն այցելի Հայաստան, ապա առաջանալու է նրա ձերբակալության հարց: Սա հայտնի է: Անկասկած ողջախոհության սահմանից դուրս կլինի պատկերացնելը, որ Պուտինը Հայաստանում կձերբակալվի:
Բայց, եթե Պուտինը Հայաստան է ժամանում ու չի ձերբակալվում, ապա Հայաստանն այդ պարագայում խնդիր է ունենում Հռոմի ստատուտի հետ, միջազգային քրեական դատարանի հետ: Օրինակ, համանման խնդիր ունի Մոնղոլիան, ուր ամիսներ առաջ պաշտոնական այց կատարեց ՌԴ նախագահն ու չձերբակալվեց, թեև Մոնղոլիան միացել է Հռոմի ստատուտին:
Մոնղոլիայի համար դա գուցե խնդիր չէ, բայց Հայաստանի համար Հռոմի ստատուտի հետ այսպես ասած անհարթ իրավիճակը կարող է լինել խնդրահարույց, որովհետև միջազգային այդ ինստիտուտը Հայաստանը դիտարկում է որպես Ադրբեջանի ագրեսիան, առավելապաշտությունը զսպելու միջոց:
Անշուշտ, այդ միջոցի դերը գերագնահատելը կլինի միամտություն, սակայն հաշվի առնելով ուժերի ներկայիս բալանսը և դրա հետ կապված մի շարք հանգամանքներ՝ Հայաստանի համար կարևոր են դառնում նույնիսկ ընթացիկ պատմաքաղաքական միջավայրում բավականին տեսական թվացող գործոններն ու մեխանիզմները:
Առավել ևս, որ հենց միայն հանգամանքը, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրում Հայաստանից այսպես ասած ակնկալում է միջազգային հայցերից հրաժարում, խոսում է այն մասին, որ, այդուհանդերձ, այդ մեխանիզմները Բաքվի համար եթե նույնիսկ այսօր հրատապ մարտահրավեր չեն, ապա հեռանկարի առումով առնվազն անկանխատեսելի են:
Հետևաբար, այստեղ, իհարկե, Հայաստանի համար կարևորէ ունենալ միջազգային քրեական դատարանի հետ կապված անբասիր «քեյս»: Ըստ ամենայնի՝ այս համատեքստում ձևավորված է նաև հայ-ռուսական փոխըմբռնում, ինչի դրսեւորումն էլ այն է, որ փոխադարձ համաձայնությամբ տեղի է ունենում երևանյան գագաթնաժողովների «տեղափոխում»:
Բաց մի թողեք
Այս ուր եք իջել, ով եք դուք․ ինչ օրակարգեր ու մարտահրավերներ են Հայաստանի առաջ այսօր
Ի՞նչն է պատճառը, որ Փաշինյանի համար անցանկալի է դարձել լինել մի տեղ, որտեղ է նաև Իլհամ Ալիևը
Փաշինյանն ինչո՞ւ որոշեց հանկարծ սրել արցախյան բանակցության թեման