ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հարցազրույցում ասել էր, որ դեռեւս հայտնի չէ՝ ԵՄ դիտորդական առաքելությունը 2025 թ. փետրվարից հետո կշարունակի՞ առաքելությունը Հայաստանում, թե՞ ոչ։
Հրապարակ թերթը գրել է․ Ասել էր` այս պահին բանակցություններ են ընթանում, թե ինչ ավարտ կունենան, հայտնի չէ։ Զրուցել ենք քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ։
– Ադրբեջանական կողմի պահանջներից մեկն է՝ Ադրբեջան-Հայաստան սահմանին երրորդ կողմի դիտորդներ չպետք է լինեն։ Եթե Փաշինյանը չերկարացնի ԵՄ դիտորդների առաքելությունը, դա կլինի ԵՄ-ի հետ համաձայնեցվա՞ծ, թե՞ իր նախաձեռնությամբ։
– Երբ սահմանազատման ու սահմանագծման կանոնակարգը հաստատվեց, այն ժամանակ Ադրբեջանի պաշտոնյաներից մեկը հայտարարեց, որ եթե նման կանոնակարգ կա, ու եթե հիմնական նպատակը դեմարկացիա անելն է, նշանակում է, որ որեւէ դիտորդ այդ տարածքում չի կարող լինել։ Ես համոզված եմ, որ դա պայման է, որ մինչեւ դիտորդները դուրս չգան, ոչ մի դեմարկացիա չի լինի։ Ճիշտ է` Հայաստանից էլ բարձր մակարդակով ասվել է, որ եթե դեմարկացիան լինի, դրանից հետո իմաստը ո՞րն է, որ այստեղ լինեն։ Այսինքն, հայտարարում են` սկզբից դեմարկացիան անենք ու հետո հանենք դիտորդներին, ոնց որ Տավուշի հատվածում 12 կմ-անոց դեմարկացիան` այնտեղ դիտորդներ չկան։ Ադրբեջանի խնդիրն է՝ դուրս հանել դիտորդներին․ դա մեծ ստրատեգիայի հետ է կապված։ Իրենք մեղադրում են Հայաստանին, որ Հայաստանը զինվում է, մեղադրում են միջազգային կազմակերպություններին կամ երկրներին, որ զինում են Հայաստանին Ադրբեջանի դեմ, եւ որ իրենք որեւէ այլ զորք չեն ընդունում այս տարածքում՝ իրենց սահմաններին մոտ։ Այսինքն՝ այս դիրքորոշումն անընդհատ իրենց մոտ կա։ Ես չգիտեմ՝ Հայաստանի իշխանություններն ինչ պիտի անեն, բայց սա առիթ է Ադրբեջանի համար, որ դեմարկացիա չարվի` պատճառաբանելով, թե դուք մեր պայմանները չեք կատարում։
– Եթե Փաշինյանը որոշի չերկարացնել ԵՄ դիտորդական առաքելությունը, դա կազդի՞ Հայաստան-Արեւմուտք, Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա։
– Նայած թե Եվրոպայի համար դա ինչ է նշանակում՝ էակա՞ն է, թե՞ ոչ։ Իրենք երբեւէ հստակ չեն դրել խնդիրը՝ Հայաստանի խնդրանքով են եկել։ Հիմա չեն ուզում՝ չեն գա։ Եթե ԵՄ ներկայացուցիչը խոսել է, կարող է արդեն իսկ պատասխանատվությունը գցում են Հայաստանի վրա՝ Հայաստանը ոնց որոշի, այնպես էլ կանենք։ Բայց դա էլ անհասկանալի պրոցես է, որովհետեւ չգիտես, թե աշխարհում ինչ է կատարվում, Եվրոպայում ինչ գործընթացներ կարող են գնալ, Ուկրաինայի պատերազմ եւ այլն: Բայց, ի վերջո, Հայաստանն է որոշելու, եթե ասաց «ոչ», չեն կարող ստիպել։
– Իսկ Հայաստանի շահն ի՞նչ է պարտադրում։
– Որ այնտեղ լինեն: Բայց Ադրբեջանն էլ քայլեր է անում, Ալիեւի ասած՝ նոր իրականություն ստեղծելու ստրատեգիա է իրականացնում։ COP-29-ին խոսում էր Ալիեւը, պարզ, հստակ ասում է․ մենք ենք որոշելու` Հայաստանը լինելու է, չի լինելու, ոնց է լինելու, Հայաստանը պիտի ընդունի Ադրբեջանի՝ իր ասած բոլոր «արդար» պայմանները, որ Ադրբեջանը համաձայնի ընդհանրապես Հայաստանի գոյության հետ։ Նախագահի մակարդակով է դա ասվում, դրանք կատակ բաներ չեն: Էլ չեմ ասում` մամուլն ինչեր է գրում։ Այսինքն՝ մարդիկ իրենց երազանքներից չեն հրաժարվում՝ վերացնել հայկական պետականությունը կամ նենգափոխել․ անունը կարող է լինել Հայաստան, բայց մեջը լինի այն, ինչ իրենք կուզեն։ Սահմանադրությունն են ստիպում փոխել։ Այս ամեն ինչն իրականություն է, այնպես չէ, որ կատակ են անում, որ ասենք՝ դե խոսում են, էլի։
– Իսկ Նիկոլ Փաշինյանը զուգահեռ է տանում «Արեւմտյան Ադրբեջանի» ու Արեւմտյան Հայաստանի միջեւ…
– Իշխանությունն անզորության կոնցեպտ է վերցրել, որ որեւէ բան հնարավոր չէ անել: Չխոչընդոտել ոչ մի բանի, ամեն ինչ անել, մեկ էլ տեսար՝ Ադրբեջանն ինչ-որ փոքր զիջում արեց։ Այսինքն` բալանսի վրա կառուցված, դիրքորոշումների վրա հիմնված քայլերին ոչ ոք չի հավատում։ Այս իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ պետք է Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունել, ու վերջ: Կարող է դա էլ չօգնի, բայց ուրիշ ճանապարհ չկա, այսինքն՝ կապիտուլյացիայի մեջ տեսնում են ինչ-որ գարանտիաներ։ Ի վերջո, անգամ բացահայտ կապիտուլյացիան միջազգային երկկողմանի ակտ է` դու կարող ես մինիմումը վերցնել, որ որեւէ պատասխանատվություն վերցնեն քո հակառակորդները, սակայն Ադրբեջանում որեւէ պատասխանատվություն չեն վերցնում։ Անգամ ասում են` ինչի՞ ստորագրենք, ինչո՞ւ պետք է պարտավորություն վերցնենք, խաղաղության պայմանագիրն ինչի՞ համար է։ Այս տարիներին աշխատել են, արդյունքները տեսել են, որ ոչ ոք իրենց չի կարող դատապարտել անգամ, եթե դատապարտեն՝ պարտադրել չեն կարող, ու հավատում են, որ կարող են ցանկացած քայլի գնալ, անգամ՝ եթե չհաջողվի Հայաստանի գոյությունը դադարեցնել, նենգափոխել՝ ուրիշ երկիր սարքել, մեծամասնությամբ ադրբեջանցիներով բնակեցնել: Ասում են, խոսում են, ոչ մի բանի առաջ չեն կանգնում։ Այստեղ էլ կարծում են, որ եթե ամեն ինչին համաձայնեն, չեն կոտորի մեզ, դուրս չեն հանի, բայց Ղարաբաղը ցույց տվեց` չէ, դուրս էլ կհանեն, կկոտորեն էլ։
Բայց պետք է իմանալ, թե քեզ ոնց ես դրսեւորում, որ կարողանաս այս ամենին հակադրվել։ Մեզ մոտ շատ են սիրում ասել, թե դա իրենց ներքին լսարանի համար է, բայց տարիների ընթացքում Ադրբեջանում ցույց տվեցին, որ դրանք հեքիաթներ չեն։ Հայաստանում սուվերեն քաղաքականություն որ ասում են, միայն բառն են սովորել, դա այն է, թե ոնց ես կարողանում նոր իրականություն ստեղծել եւ քո ուզածը պարտադրել: Այս 4-5 տարին միայն Ադրբեջանն է դա անում եւ պարտադրում է ճանաչել։
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ