23/12/2024

Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներին հիվանդանոց են տեղափոխել․ Լուսանկարներ

Վերին Լարսի անցակետում խայտառակ վիճակ է․ հարյուրավոր հայեր օրեր շարունակ նույն կետում կանգնած սպասում են, որ կարողանան գալ դեպի Հայաստան։

«Երեք օր է՝ այստեղ կանգնած ենք, ցուրտ է, մարդիկ էլ չեն դիմանում։ Անմարդկային վիճակ է, մեքենաների վառելիքը վերջացել է, մեր մոտի գումարն էլ է վերջանում, արդեն ուտելիք գնելու հնարավորություն էլ չունենք»,- MediaHub-ի հետ զրույցում ասել է քաղաքացիներից մեկը, որը ՌԴ-ից յոթ տեղանոց մեքենայով գալիս է դեպի Հայաստան։

Նա տեղեկացրեց՝ իրենց հետ կանայք կան, երեխաներ։ «Երեկ երկու երեխայի տարել են հիվանդանոց, մրսել, հիվանդացել են։ Մենք էլ չգիտենք՝ ինչ անել։ Որևէ արձագանք Հայաստանից չկա։ Կցորդն էլ չի կապվել մեզ հետ։ Չգիտենք՝ ինչ անել»,- նշեց նա։

Մեր զրուցակիցը նաև պատմեց, որ անգամ զուգարանից օգտվելու հնարավորությունից են շուտով զրկվելու, քանի որ դրա համար էլ պիտի վճարեն, սակայն արդեն գումար չունեն։

«Ու մեզ ուղղակի նյարդայնացնում է, որ հայկական կողմը հայտարարում է, թե Լարսը բաց է, խնդիր չկա։ Մեր հարազատներն էլ զանգում են, զարմանում, թե ոնց չենք հասնում, եթե պաշտոնապես հայտարարվում է, որ ճանապարհը բաց է»,- նշեց զրուցակիցը։

Նա տեղեկացրեց՝ այս պահին էլ է ձյուն տեղում, և իրենց ասում են, որ եղանակային անոմալ պայմաններից ելնելով, իրենք ուղղակի պիտի սպասեն։