03/12/2024

Ինչպիսի՞ դիրքորոշում կունենա Հունգարիան ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման ժամկետի երկարաձգման հարցում

Լեհաստանի նախագահի այցը Երասխ՝ Եվրոպական Միության դիտորդական առաքելության դիտարկման համատեքստում, Ադրբեջանում առաջացրել է վրդովմունք, և Լեհաստանի դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳՆ:

Նախօրեին կառավարության նիստում Հայաստանը կայացրեց Հունգարիայում դեսպանատուն բացելու որոշում: Այդ հարցը երկու երկրները քննարկում են արդեն տևական ժամանակ՝ 44-օրյա պատերազմից հետո:

Ինչպես հայտնի է, մինչ այդ հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունը սառեցված էր, այն բանից հետո, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որին հենց հունգարական դատարանն էր դատապարտել ցմահ ազատազրկման՝ առանց արտահանձնման իրավունքի: Հունգարիան Սաֆարովին, ըստ էության, «վաճառել» էր Ադրբեջանին՝ 3 միլիարդ դոլարի դիմաց:

Բաքուն այդ քանակությամբ գնել էր հունգարական եվրաբոնդեր: 44-օրյա պատերազմից հետո Երևանն սկսեց Հունգարիայի հետ հարաբերության «ապասառեցում» և այժմ կայացվել է Բուդապեշտում դեսպանատուն բացելու որոշում: Հունգարիան էլ դեսպանատուն կունենա Երևանում:

Ինչպիսի՞ դիրքորոշում կունենա Հունգարիան ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման ժամկետի երկարաձգման հարցում, որը քննարկվում է այժմ Հայաստանի ու Եվրամիության միջև, դատելով պաշտոնական հայտարարություններից:

Լեհաստանի նախագահի այցը Երասխ վկայում է, որ Վարշավան աջակցելու է առաքելության տեղակայումը երկարաձգելու և հայ-ադրբեջանական սահմանի դիտարկումը շարունակելու հեռանկարին: Բայց այդ հեռանկարը որոշելու են ԵՄ անդամ բոլոր երկրները, այդ թվում՝ Հունգարիան:

Կասկած չկա, որ Ադրբեջանը Հունգարիայի հետ իր հարաբերությունը փորձելու է օգտագործել ԵՄ դիտորդական առաքելության հարցում իր համար ցանկալի «նարատիվներն» առաջ մղելու համար: Հունգարիան ոչ միայն ԵՄ անդամ է, այլ նաև Թյուրքալեզու պետությունների կազմակերպության դիտորդ երկիր:

Իսկ Ադրբեջանը, ինչպես հայտնի է, պահանջում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին չարվի եվրադիտարկում, և ընդհանրապես չլինի երրորդ ուժ: Հայաստանի վարչապետ Փաշինյանն օրերս արեց հայտարարություն, որի իմաստն այն է, որ Երևանը համաձայն է Ադրբեջանի այդ մոտեցմանը, բայց սահմանագծված և սահմանազատված հատվածների պարագայում:

Ինչպե՞ս է վերաբերում Երևանի այդ մոտեցմանն օրինակ Լեհաստանը, ու Եվրամիության մյուս երկրները: Նրանք համաձա՞յն են լինել Հայաստանում, բայց հեռու մնալ Ադրբեջանի հետ սահմանից: