Նոյեմբերի 1-ին Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Մագդալենա Գրոնոն: Նա հարցազրույց է տվել jam-news կայքին, որտեղ անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում` հայ-ադրբեջանական փոխհարաբերություններին:
Մեջբերենք Գրոնոյի ասած մտքերից մի քանիսը. «Մենք ԵՄ-ում շատ ուրախ էինք՝ տարբեր դրական միտումներ եւ որոշումներ նկատելու համար, որոնք ընդունվել են Երեւանի եւ Բաքվի կողմից՝ անցած տարվա ընթացքում, երկկողմ ձեւաչափով: Խոսքը 2023 թվականի դեկտեմբերին ձեռնարկված քայլերի մասին է, մասնավորապես, բանտարկյալներին ազատ արձակելու, COP-29-ի շուրջ համաձայնության գալու եւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում առաջընթացի, որն ի վերջո հանգեցրեց 2024-ի ապրիլ-մայիսին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ սահմանի մի հատվածի առաջին գործնական սահմանազատմանն ու սահմանագծմանը։ Դա թույլ տվեց վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնել, ինչպիսիք են սահմանների դելիմիտացիա/դեմարկացիան, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը, հաղորդակցության ուղիների վերագործարկման քննարկումը, ապագա խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը եւ տարբեր տեսակի մարդասիրական արդյունքները»:
Գրոնոն ստանձնել է բավականին պատասխանատու պաշտոն, եւ առնվազն զարմանալի է, որ նա կա՛մ չի տիրապետում իրավիճակին, այսինքն, կոմպետենտ չէ, կա՛մ միտումնավոր հանցավոր հայտարարություններով է հանդես գալիս: Նախ հայտարարում է, որ բանտարկյալներ չկան, այնինչ Բաքվի բանտում ապօրինաբար պահվում են ռազմագերիներ՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային բոլոր կոնվենցիաների ամենասարսափելի խախտումներով։ Հետաքրքիր է՝ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան միտումնավո՞ր է նման ապատեղեկատվություն տարածում, թե՞ զբաղված է Բաքվի ֆաշիստական ռեժիմի մաքրագործմամբ: Եվ հայկական կողմին պետք է մտահոգի, որ նման պատասխանատու պաշտոնի նշանակվել է մի կին, որը փորձում է հավասարության նշաններ դնել ագրեսորի ու զոհի միջեւ եւ իրականությանը հակասող հայտարարություններ է անում։
Երբ նա խոսում է գոյություն չունեցող հայ-ադրբեջանական հարաբերությունների, երկկողմանի ինչ-որ ֆանտաստիկ գործընթացի մասին, գուցե լրատվամիջոցներ չի՞ կարդում, տեղյակ չէ՞, որ իր ներկայացրած խաղաղության շուրջ բանակցող Ալիեւի ահաբեկչական խմբավորումները ՀՀ սուվերեն տարածքներն են զավթել, Արցախն են դատարկել, հիմա էլ ավերում են հայկական շինությունները եւ խոսում են Հայաստանը գրավելու մասին` այն անվանելով «Արեւմտյան Ադրբեջան»:
Մի՞թե տիկին Գրոնոն հենց այսպես է տեսնում երկկողմանի համերաշխությունն ու համագործակցությունը։ Կարո՞ղ ենք արդյոք սա գնահատել որպես Եվրամիության վերաբերմունք հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլին: Երբ Հայաստանի գոյությունը հարցականի տակ է դրված, Եվրամիությունը սա որակում է որպես գոհացուցիչ բանակցային գործընթա՞ց: Տպավորություն է, որ Գրոնոն Հարավային Կովկասում հայտնվել է մեկ այլ զուգահեռ իրականությունից, որտեղ կյանքին նայում են վարդագույն ակնոցով կամ նավթի հոտից մթագնած ուղեղով: Տիկին Գրոնոյի՝ տարակուսանք հարուցող հայտարարությունները վերաբերում են նաեւ, այսպես կոչված, սահմանագծման ու սահմանազատման գործընթացին, որը նա ողջունում է: Իսկ տիկին Գրոնոն չգիտի՞, որ դրանք միակողմանի ձեւով` շանտաժի ներքո արվող զիջումներ են, այլ ոչ թե սահմանազատում կամ սահմանագծում: Մի՞թե նա տեղյակ չէ, որ Ադրբեջանը դեմ է արտահայտվում ԵՄ դիտորդական առաքելությանը, եւ նրա ուլտիմատումն է պատճառը, որ առաքելությունը չի երկարաձգվել եւ, ըստ ամենայնի, չի էլ երկարաձգվի:
Ի՞նչն է ստիպում եվրոպացի պաշտոնյային՝ այսչափ աղավաղել իրականությունը եւ այսքան քծնել ադրբեջանական ռեժիմին` զոհին ու դահճին իրար հավասարեցնելով եւ ոչ մի վտանգ ու ապօրինություն մեր տարածաշրջանում չտեսնելով: Այս նույն Եվրոպան, որն ամեն ինչ անում է, որ Ուկրաինային թեւութիկունք լինի եւ վերադարձնի նրա տարածքային ամբողջականությունը, չի՞ նկատում ադրբեջանական ագրեսիան ու ապօրինությունները, հրաժարվե՞լ է մարդու իրավունքների պաշտպանության իր դոկտրինից:
Բաց մի թողեք
Հայաստանի անկումը հետևանք է բացառապես գաղափարազրկության. Էլբակյան
Ռուսաստանն ու Իրանը չեն վստահում Փաշինյանի իշխանությանը. Օսկանյան
«Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». դիմում Աննա Վարդապետյանին