23/12/2024

Սպիտակ տան ապագա «տերը» Մոսկվայի հոռետեսությունը լուրջ չի ընդունել

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հաղորդագրություն է տարածել և կանխատեսել, որ ՆԱՏՕ-ն ձգտում է սառեցնել ուկրաինական հակամարտությունը, որպեսզի հրադադարի հնարավորությունն օգտագործի՝ վերականգնելու և վերազինելու Ուկրաինայի զինված ուժերը` Կիևին «նախապատրաստելու ռեւանշի»։

ՌԴ ԱՀԾ-ն եզրակացրել է, որ Արևմուտքն ունի Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի վերականգնման և արդիականացման ծրագիր։

Հասկացվում է, որ Ռուսաստանը դեմ է պատերազմը ներկա շփման գծով դադարեցնելու, բուֆերային գոտի ստեղծելու, ուկրաինական կողմում եվրոպական «խաղաղապահ ուժեր տեղաբաշխելու» ծրագրին, որը, ինչպես ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցներն են տեղեկացնում, ուկրաինական ճգնաժամի կարգավորման «Թրամփի ծրագիրն է»։

Ավելի վաղ Ռուսաստանը դրական չի արձագանքել ԱՄՆ ընտրված նախագահի թիմից հնչած գաղափարին, որ Դոնալդ Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակել։

Երևում է, Սպիտակ տան ապագա «տերը» Մոսկվայի հոռետեսությունը լուրջ չի ընդունել և, այնուամենայնիվ, նախատեսված նշանակումը կկատարի։ Մամուլի տեղեկացվածությամբ՝ Ուկրաինայի հարցով Թրամփի հատուկ ներկայացուցիչ կնշանակվի պաշտոնաթող գեներալ Քիթ Քելլոգը։

Վերջինս Թրամփի պաշտոնավարման առաջին շրջանում զբաղեցրել է փոխնախագահ Մայք Փենսի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը։ Քելլոգը նախկինում Ուկրաինան անվանել է «նոր Սպարտա» և լիովին աջակցել Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու քաղաքականությանը։

Այս փուլում, սակայն, էականը ոչ այնքան Քելլոգի կամ նույնիսկ ԱՄՆ ընտրված նախագահի դիրքորոշումն է, որքան՝ հարցը, թե Վլադիմիր Պուտինը տեղի՞ կտա Թրամփի համառությանը, Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ-բանագնաց կնշանակի՞։

ՀԱՊԿ-ի գագաթաժողովում Վլադիմիր Պուտինի ելույթի շեշտադրումներից դատելով՝ նա շարունակում է մնալ իր տեսակետին՝ Ուկրաինայի հետ կարգավորումը կարող է տեղի ունենալ միայն Մոսկվայի պայմաններով։ Իսկ դա նշանակում է, որ նա չի ընդունում «Թրամփի ծրագիրը»։ ՌԴ ԱՀԾ մամուլի բյուրոյի տարածած տեղեկատվությունն այդ իմաստով ոչ թե հետախուզական տվյալների վերլուծության հիման վրա եզրակացություն է, այլ քաղաքական հայտարարություն։

ԱՄՆ հեռացող նախագահ Բայդենի մերձավոր շրջապատին հղում անելով՝ ամերիկյան մամուլը գրում է, որ Վաշինգտոնում միջուկային զենք կիրառելու մասին Վլադիմիր Պուտինի սպառնալիքները «լուրջ չեն համարում»։ Հնարավոր է դա տեղեկատվական խայծ է, կամ ԱՄՆ-ը տպավորություն է ձեւավորում, որ Ռուսաստանի նախագահը, որքան էլ հրապարակային հայտարարություններում պահպանում է անզիջում կեցվածք, մնում է բանակցունակ։

Խնդիրն այն է, որ դիվանագիտության ժամանակ ամեն օր կրճատվում է, իսկ ռուս-ուկրաինական պատերազմը հասել է մի կուլմինացիայի, որ եթե քաղաքական հանգուցալուծումն ուշանա, ապա տեխնոլոգիական մրցակցությունը կարող է հասնել անդառնալիության կետի։ Ամենևին էլ պատահական չէ, որ ՌԴ նախագահը բաց տեքստով ասում է, որ «Օրեշնիկ» հրթիռների կոմպլեքս հարվածները նույն ավերածությունը կգործեն, ինչ միջուկային զենքը։

Ուշագրավ է, որ Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին որոշում Դոնալդ Թրամփը կայացրել է կամ այդ մասին տեղեկատվությունը հանրայնացվել է ՀԱՊԿ-ի գագաթաժողովից ընդամենը մեկ օր անց։

Կարելի է ենթադրել, որ այդ ուղերձով ԱՄՆ ընտրված նախագահը Պուտինին ակնարկել է, որ առավելագույն զիջումը, որ կարող է անել, ռուս-ուկրաինական հակամարտության սառեցման ծրագիրն է։ Պուտինը կընդունի՞ այդ «վերջնագիրը»։ Ուկրաինական կարգավորումից է կախված, երևի, հետխորհրդային տարածքում Ռուսաստանի դոմինանտ մնալ-չմնալու հարցը։