22/12/2024

ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցութան գործընթացը դադարեցնելու որոշումը

Եվրամիությանն անդամակցության գործընթացը դադարեցնելու «Վրացական երազանք»-ի որոշումը հակասում է վրաց ժողովրդին խոստացված, սահմանադրությամբ ամրագրված խոստմանը՝ հասնել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի լիարժեք ինտեգրման։ Նման հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

«ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը դադարեցնելով՝ «Վրացական երազանք»-ը մերժել է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի հնարավորությունը և Վրաստանին դարձրել է Կրեմլի համար առավել խոցելի։ Միացյալ Նահանգները դատապարտում է ոստիկանության կողմից ուժի կիրառումը վրացիների դեմ, որ ձգտում են կյանքի կոչել հավաքների և մտքի ազատության իրենց իրավունքը, այդ թվում՝ խաղաղ ցույցի ազատությունը։ Մենք կողմերին կոչ ենք անում ապահովել ցույցերի խաղաղ բնույթը։

«Վրացական երազանք»-ի ամենատարբեր հակաժողովրդավարական քայլերը խախտել են ԱՄՆ և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հիմնական սկզբունքները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղհասարակության, մարդու իրավունքների և հիմնական ազատությունների հարգանքի վրա։ Արդյունքում Միացյալ Նահանգները դադարեցրել են այդ մեխանիզմի գործողությունը։

Մենք կրկին կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը՝ վերադառնալ եվրաատլանտյան ուղուն, անցկացնել խորհրդարանական ընտրության բոլոր խախտումների թափանցիկ քննություն և չեղարկել հակաժողովրդավարական օրենքները, որոնք սահմանափակում են հավաքների և կարծիքի արտահայտման ազատությունը»,- հայտնում են պետքարտուղարությունից։