Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում բյուջեի քննարկման ընթացքում ունեցած ելույթում հայտարարել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի ազգ-բանակ տրամաբանությունից, քանի որ այն ազգ-նահատակ տրամաբանության շարունակությունն է:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե աշխարհում Հայաստանն ունի «ազգ-նահատակի» ընկալում: Նա իր և իր կառավարության առաքելությունն է համարել Հայաստանն «ազգ-նահատակի» ընկալումից դուրս բերելը:
Նիկոլ Փաշինյանը քարոզչական էֆեկտ ստանալու և դրա քաղաքական կապիտալիզացիայի ակնկալիքով միմյանց է խառնում տարբեր հասկացություններ՝ միտումնավոր, թե ակամա նենգափոխելով դրանք:
Նախ՝ Հայաստանը խոշոր հաշվով ազգ-բանակ հայեցակարգի չի էլ անցել, թեև Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում՝ ապրիլյան քառօրյայից հետո, ազդարարվել է այդ հայեցակարգը: Հայաստանը դրան անցնելու շանս ուներ, բայց չի օգտագործել այդ շանսը թե՛ մինչև 2018-ը, թե՛ դրանից հետո: Իսկ 2020 թվականի պատերազմի պարտությունից հետո ընդհանրապես ավելորդ էր խոսել ազգ-բանակի մասին:
Ազգ-բանակ կոնցեպտն արժանանում է միարժեք, աներկբա գնահատականի՝ պետությունը զորանոցի վերածելու տրամաբանության կանխավարկածով: Բայց որևէ տեղ սահմանված չէ, որ ազգ-բանակ կոնցեպտը նշանակում է հենց դա՝ պետություն զորանոց կամ զորանոց պետություն:
Ազգ-բանակ կոնցեպտը կարող է ունենալ ամենատարբեր մոդելներ և փիլիսոփայություն՝ միտված հավաքական մի նպատակի՝ ձևավորել հասարակական-քաղաքական, տնտեսական, պետական կյանքի այնպիսի ուղենշային ընթացք և համակեցության արժեքային կողմնորոշիչներ, որոնք թույլ են տալիս ունենալ անվտանգային համակարգում որոշակի և շոշափելի ծավալով ավելի բարձր արդյունավետության գործակից, քան այսպես ասած դասական պետական մոդելի պարագայում:
Ու դա որևէ կապ չունի ազգ-նահատակի հետ: Ավելին՝ ազգ-բանակ կոնցեպտը ազգ-նահատակ կոնցեպտից դուրս լինելու հնարավորություններից մեկն է: Եվ հակառակը, նահատակության փիլիսոփայությունը Նիկոլ Փաշինյանի ներկայումս գեներացրած մտայնության հիմքում է, տողատակային, ենթագիտակցական հիմքում:
Այսինքն, նահատակությունից խուսափելու միակ միջոց է դիտվում սեփական ինքնությունից հիմնահատակ հրաժարումը: Ի՞նչ է դա, եթե ոչ հենց նահատակության սինդրոմ, եթե անգամ՝ բարոյական նահատակության: Նիկոլ Փաշինյանը առաջարկում է հանրությանը ֆիզիկական նահատակության վտանգից զերծ մնալու՝ բարոյական, սոցիալ-հոգեբանական նահատակության տարբերակը:
Բաց մի թողեք
Հարավային Կովկասում խաղաղությունը ԱՄՆ առաջնահերթությունների շարքում չէ՞` ինչ է ասում Փաշինյանը
Թուրքիային խաղաքարտ կտա Հայաստանի թեմայով այլ խաղացողների հետ ավելի վստահ խոսակցության համար
Փաշինյանի այցը Վաշինգտոն ու Ալիեւի ուղերձները Թրամփին