23/12/2024

Ինչ է փնտրում Իրան – Ադրբեջան զորավարժություններում Իրանը, իսկ Ադրբեջանն ինչ հետհաշվարկ ունի

Դեկտեմբերի 3-ին ավարտվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Ադրբեջանի ԶՈՒ ցամաքային զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները, որ անցկացվել են Իրանի տարածքում:

Ավելի վաղ Ադրբեջանը և Իրանը ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացրել, իսկ հունիսին Թեհրանը և Բաքուն «ահաբեկչության դեմ պայքարի և ենթակառուցվածքների անվտանգության ապահովման» համաժամանակյա «վարժանքներ» են անցկացրել Նախիջևանի հետ սահմանին:

Վերջին զորավարժություններին ընդառաջ կողմերը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալների մակարդակով հանդիպումներ են ունեցել: Արդյունքում արձանագրվել է, որ կողմերը հասել են օպերատիվ և մարտավարական մակարդակում համագործակցության իրավական ամրապնդման, ինչից հասկացվում է, որ Իրանը և Ադրբեջանը պայմանագրային տեսքի են բերում ռազմական ոլորտի հարաբերությունները:

Իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ավարտը ժամանակային առումով համընկել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի Մեշհեդ այցին, որտեղ նա առանձին հանդիպում է ունեցել իրանցի պաշտոնակից Արաղչիի հետ: Այդ մասին Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունը հայտնում է, որ կողմերը հատուկ կարևորել են Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև հաղորդակցության խնդիրը:

Խոսքն Իրանի տարածքով Նախիջևանի հետ ցամաքային հաղորդակցության մասին է: Կողմերը Ջեբրայիլի Աղբենդ բնակավայրի մոտ Արաքսի վրայով ուղեանց կամրջի շինարարության հիմնարկեքի արարողություն են կազմակերպել դեռևս գարնանը: Բաքվի մամուլը տեղեկացնում է, որ կամրջի կառուցումն ընթացքի մեջ է: Այդ նախագծին աջակցում է նաև Ռուսաստանը: Ծրագիրն իրականություն դառնալու դեպքում Մոսկվան դեպի Պարսից ծոց ցամաքային երկրորդ ելքի հնարավորություն կստանա:

Իրանա-ադրբեջանական հարաբերությունների «ապասառեցումը» տեղի է ունենում մի փուլում, երբ սրվում են թուրք-իրանական տարաձայնությունները: Թուրքական իշխանամերձ մամուլը վարկած է շրջանառել, որ Իրանի դրդմամբ Սիրիայի նախագահ Ասադը «Հալեպից կառավարական զորքերի հեռացման հրաման տալուն զուգահեռ զինվորականներին կարգադրել է ռազմավարական նշանակության օբյեկտները հանձնել Քրդական բանվորական կուսակցության գրոհայիններին»:

Իրանի արտաքին գործերի նախարարի Անկարա այցի հաջորդ օրը գեներացնել նման վարկած, ընդսմին ակնարկելով նաև, որ Ասադը ռազմական օգնություն է խնդրել Իսրայելից, նշանակում է բացահայտել, որ Սիրիայի հարցում Թուրքիան և Իրանը տրամագծորեն ներհակ դիրքորոշում ունեն, եթե չասենք, որ արդեն լուրջ մրցակիցներ են:

Այս համատեքստում ի՞նչ հեռանկար է սպասում իրանա-ադրբեջանական հարաբերություններին: Ըստ երևույթին, այն, ինչ կատարվել է Սիրիայում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար անսպասելի է: Եթե նա տեղեկացված լիներ, որ Թուրքիան Սիրիայում «քաղաքացիական պատերազմ» է սկսում, որին հակառակ կողմից կարող է ներգրավվել Թեհրանը, ապա հազիվ թե «օպերատիվ և մարտավարական մակարդակի» ռազմական համագործակցություն սկսեր Իրանի հետ, այն էլ՝ համատեղ զորավարժությունների տեսքով:

Իրանա-ադրբեջանական «ջերմացումն», իհարկե, որոշակիորեն հասցեագրված է Հայաստանին: Ադրբեջանը փորձում է ներշնչել, որ Նախիջևանի հետ ցամաքային հաղորդակցություն կհաստատի Իրանի տարածքով, և Հայաստանն այդ դեպքում «վերջնականապես կման փակուղում»:

Այդուհանդերձ, Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը մնում է Թուրքիան, որի հետ հարաբերությունների բարդացումն Իլհամ Ալիևին քաղաքական ֆիասկո և դինաստիական իշխանության կորուստ կարժենա՝ Ադրբեջանի պետականության սպառնալիքներով հանդերձ:

Դեկտեմբերի 4-ին Իրանի հոգևոր առաջնորդի քաղաքական հարցերով տեղակալ Այաթոլլա Ղումին նախապես չհայտարարված այց է կատարել Մոսկվա: Այդ մասին հաղորդել է ՌԴ-ում Իրանի դեսպանատան թելեգրամ-ալիքը:

Եթե Մոսկվան և Թեհրանը Բաշար Ասադին ռազմական ուղղակի աջակցություն ցուցաբերելու համաձայնության հասնեն, ապա Սիրիայում ռուս-իրանական ուժերը «կրակային շփման» մեջ կմտնեն Թուրքիայի հետ:

Այս հավանական իրավիճակի համար Իլհամ Ալիևն ի՞նչ «հետհաշվարկ» ունի: Հարավային Կովկասում ռուս-թուրքական սիներգիան այլևս չի՞ գործում: Ֆրանսիան «մտել է» Մերձավոր Արևելք: