Բաքվում Եվրամիության դեսպանատունը կազմակերպել է ընդունելություն, որին հրավիրվել են Ադրբեջանի քաղհասարակության և մամուլի ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ և իրավաբաններ: Այդ մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը: Ընդունելությանը ներկա են գտնվել նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի, Միացյալ թագավորության և Շվեյցարիայի դեսպանները:
Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների հարցով Եվրամիության և Միացյալ Նահանգների մտահոգության, իշխանություններին Բրյուսելի և Վաշինգտոնի կողմից արված առաջարկությունների, նրանց հասցեին հնչեցված քննադատության մասին տեղեկատվություն տարածվում է պարբերաբար:
Այդ խնդիրները, մասնավորապես, քննարման առարկա էին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցներում, ինչի մասին հաղորդում էր պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:
Արտառոցն այն է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների հարցով շատ կոշտ ելույթ է ունեցել Բաքվում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆերգյուս Օլդը՝ նշելով, որ բրիտանական կառավարությունը «մարդու հիմնարար իրավունքների և անհատական հարցերով Ադրբեջանի իշխանությունների հետ մշտական շփումների մեջ է»:
Դեսպանը, սակայն, արձանագրել է, որ վերջին տարում իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, ավելի վատթարացել է: «Մեր պարտնյորներ Ալեսկեր Մամեդլին, Ռուդաթ Սաֆարովը, Ուլվի Հասանլին, Հաֆիզ Բաբալին, Նիզամ Բայդեմերլին, Իգբալ Աբիլովը, Էմին Իբրահիմովը և Իլքին Ամրախովը, որ մեկ տարի առաջ համանման միջոցառմանը մեզ հետ էին, այժմ բանտում են»,- ասել է Ֆերգյուս Օլդը և հավելել, որ Բաքվի իշխանությունների հետ բանակցություններ են ընթանում՝ հասնելու դոկտոր Իբադօղլուի դեմ քրեական գործի կարճմանը, որպեսզի նա բուժման նպատակով արտերկիր մեկնի:
Դոկտոր Իդադօղլուն մի քանի տարի դասախոսել է Լոնդոնի Տնտեսագիտական քոլեջում և համարում է, որ իր նկատմամբ քրեական հետապնդման պատճառը բրիտանական մամուլում Ադրբեջանի տնտեսության էներգետիկ ոլորտին վերաբերող հրապարակումներն են:
Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրներն ավելացնում են, որ Իբադօղլուն ադրբեջանական նավթի և գազի արտահանման, «ստացված դրամական եկամուտների բաշխման և այլ ոչ հրապարակային ծախսերում իշխող ընտանիքի ներգրավվածության մասին բացառիկ նյութերի է տիրապետում»:
Փաստացի խոսքը կոռուպցիոն սխեմաների բացահայտման մասին է, որին ադրբեջանցի տնտեսագետը չէր կարող ձեռնամուխ լինել և ինչ-ինչ արդյունքների հասնել, եթե բրիտանական կողմը «տեղեկատվական արտահոսք» չապահովեր. Ադրբեջանի նավթի արդյունահանման և արտահանման գլխավոր օպերատորը BP-ն է, որ գլխավոր գործադիր տնօրենը COP 29-ին ընդառաջ գտնվել է Բաքվում և բանակցություններ վարել Իլհամ Ալիևի հետ:
Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային խորհրդաժողովի ամենաբարձրաստիճան հյուրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերն էր: Նա Բաքվում հրապարակայնացված երկու հանդիպում է ունեցել՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ:
Անհավանական է թվում, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը սոկտոր Իբադօղլուի հարցով դիմած լինի Իլհամ Ալիևին, բայց փաստ է, որ նրա նկատմամբ խափանման միջոց է փոխվել, նրան տնային կալանքի են տեղափոխել COP29-ին ընդառաջ:
Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցում Մեծ Բրիտանիան առանձնակի գործուն քաղաքականություն չի վարում՝ ի տարբերություն, թեկուզ, Ֆրանսիայի կամ Միացյալ Նահանգների: Եվրամիության դեսպանի կազմակերպած ընդունելությանը Ֆերգյուստ Օլդի մասնակցության և կոշտ ելույթի մոտիվացիան, իհարկե, թալիշ արևելագետ Իգբալ Աբիլովին աջակցությունը չէ:
Ըստ երևույթին՝ բրիտանա-ադրբեջանական էներգետիկ ծրագրերում ինչ-որ «տեղապտույտ» է սկսվել: ի՞նչ են «կիսում» Ալիևը և BP-ն:
Բաց մի թողեք
Էրդողանին կհաջողվի՞ քրդամետ ուժերին համախմբել իր և ծայրահեղ ազգայնական Բահչելիի դաշինքի շուրջ
«Կադրային չեկիստը» մատնում է Կրեմլին․ կարծիք` «լավրովավարի», «պեսկովապես»
Պատրուշևը փաստացի գործարք է առաջարկում Թրամփին