Վերջին օրերին ոստիկանությունը ռեյդեր է իրականացնում` նորից «ասֆալտին փռելու» տեսարաններ բեմադրելով, ինչպես անում էին 2018-19 թվերին, երբ Նիկոլ Փաշինյանը փորձում էր ցուցադրել, որ այս երկրում միակ «ասողն» ինքն է եւ եկել է՝ անպատժելի անձանց կարգի հրավիրելու ու 3 միլիոն վարչապետների իրավունքները պաշտպանելու համար:
Հրապարակ թերթը գրել է․ Այժմ վերադարձել են հին տեսարաններին` ինչ-որ մարդկանց ապօրինի զենք-զինամթերք պահելու անվան տակ բերման են ենթարկում, պահում ոստիկանությունում, մյուսներին` այլ պատրվակներով:
Ռեյդերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանի երկարամյա «թիրախի»` «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «տղերքին» են տարել ոստիկանություն` իջեցնելով մեքենայից, կոշտ մեթոդներով բերման ենթարկելով: Ինքը` Վանեցյանը, այդ օրերին Երեւանում չի եղել:
Մենք մանրամասներ ենք իմացել այս «օպերացիայի» մասին: Պարզվում է` նույն գործողությունը Վանեցյանի թիկնազորի նկատմամբ վերջին օրերին իրականացրել են մի քանի անգամ: Թիկնազորը կազմված է նախկին ՊՊԾ աշխատակիցներից, որոնք Վանեցյանի հրաժարականից հետո լքեցին ԱԱԾ-ն եւ հավաքվեցին իրենց նախկին տնօրենի շուրջ: Ոստիկանները նրանց կանգնեցրել ու բերման են ենթարկել, ավտոմեքենան են առգրավել, որը մինչ օրս չեն վերադարձրել տիրոջը: Ընդ որում, հայտնի չէ անգամ՝ այս մասով վարույթ հարուցվա՞ծ է, թե՞ ոչ: Կատարվածից անակնկալի եկած անձանց միայն ասվել է, որ անօրինական «ախրանայի» դեմ պայքար է գնում, եւ իրենց գործողություններն ուղղված են դրա դեմ:
Բայց ամբողջ բանն այն է, որ Վանեցյանին ուղեկցող անձանց կարգավիճակն օրենքով ամրագրված է: Նրա թիկնազորը ժամանակին ոստիկանությունից համապատասխան լիցենզիա է ստացել, ամսական մոտ 1 միլիոն դրամի օրինական հարկ են վճարում, պահպանվող անձին ուղեկցողների քանակն օրենքի սահմաններում է, եւ մեքենայի վրա էլ հատուկ տարբերանշան է փակցված: Այսինքն՝ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքով թույլատրված գործունեություն են իրականացնում, եւ որեւէ անթույլատրելի արարք` սահմանված արագության գերազանցում կամ վթար, կոնֆլիկտ չի եղել, որի հիման վրա Վանեցյանի թիկնազորին բերման ենթարկեին եւ վարույթ հարուցեին:
Եթե այս ռեյդերին գումարենք նաեւ Արթուր Վանեցյանի եղբոր նկատմամբ անցած տարի հարուցված գործը` ԶՊՄԿ-ի հետ կապված, որը, ճիշտ է` տեղում դոփում է, բայց այդ հիմքով Կարեն Վանեցյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված, եւ կալանքի սանկցիա է սահմանված, ապա պարզ կդառնա, որ Նիկոլ Փաշինյանն անհաղթահարելի բացասական վերաբերմունք ունի ԱԱԾ նախկին տնօրենի նկատմամբ եւ բոլոր հնարավոր, ընդ որում` անօրինական մեթոդներով փորձում է նրան ճնշել, հավասարակշռությունից հանել, նրա կյանքը բարդացնել:
Թվում է, թե «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավարը տեւական ժամանակ բավականին պասիվ է եւ Փաշինյանի իշխանությանը որեւէ կերպ չի սպառնում, բայց գուցե այս գործողություններն ընդամենը պրոֆիլակտիկ նշանակություն ունեն, որ կանխեն «Հայրենիք» կուսակցության հետագա ակտիվացումը: Գուցե Փաշինյանի տնօրինած ինֆորմացիան ավելին է, քան մերը, եւ նա կարծում է, որ Արթուր Վանեցյանն ու ողջ ընդդիմությունը դրսից շուտով աջակցություն եւ ազդակներ են ստանալու ու գործի անցնեն: Գուցե նա իր վարկանիշի գահավիժումը փորձում է կոմպենսացնել հանրության մեջ կշիռ ունեցող տարբեր անձանց դեմ հարձակումներ սկսելով՝ որպես ուժի ցուցադրություն: Դժվար է ասել:
Արեգ Մարգարյան






Բաց մի թողեք
Ով ասես՝ չի առաջադրվել
Պատմության գնահատականները շատ ավելի դաժան են, քան՝ մեր գնահատականները․ Տեր Փառեն
Պաշի տղա Սուրո Լեննականսկի» անունով օրենքով գողը, մյուսներն ազատ են, Սրբազանները կալանավորված