«Մենք պարզապես վետո չենք դնում ոչ մի փաստաթղթի վրա, որովհետև մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, և իրենք ինչ ուզում են որոշեն, մենք չենք մտնում իրենց գործերի արանքը, ասում՝ վա՜յ, մենք այստեղ վետո դնելու իրավունք ունենք, այդ էլ հարգանքով մեր գործընկերների նկատմամբ: Այդ թվում այս իրադրությունների տարբերությունը և դրա հրապարակային փոխադարձ արտահայտումն ավելի ու ավելի դժվարացնում, եթե չասենք՝ անհնար է դարձնում ՀՀ վերադարձը ՀԱՊԿ, և ես կարծում եմ անդառնալիության կետն արդեն անցել ենք», -Հայաստանի խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ թեմային և ՌԴ նախագահ վերջին հայտարարություններին՝ կապված Հայաստանի և ՀԱՊԿ հարաբերություններին:
Պուտինն ասել էր, որ Հայաստանի համար դռները միշտ բաց են: Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանն անցել է անդառնալիության կետը, ապա առաջանում է հարց՝ ինչո՞ւ Հայաստանը չի հայտարարում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին:
Խորհրդարանում Փաշինյանի հայտարարությունը հայտարարություն է ՀԱՊԿ-ից դուրս գալո՞ւ մասին, թե՞ հայտարարություն է քաղաքական իմաստով «ոչ մի բանի» մասին և ունի բացառապես տեղեկատվաքարոզչական իմաստ՝ ուղղված սեփական ընտրազանգվածին, որին պահելու հարցում Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում գործադրում է ինտենսիվ ջանք:
Չէ՞ որ հայտարարել, թե անցել ենք վերադարձի, այսինքն՝ անդառնալիության կետը, բայց չհայտարարել ՀԱՊԿ-ին հրաժեշտ տալու մասին, պատկերը դարձնում է չափազանց անլուրջ: Այդ դեպքում պետք է ուրեմն մանրամասնել, թե ի՞նչն է պահում Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունից ու որոշումից:
Թե՞ այդ որոշման կայացման կենտրոնը Հայաստանում չէ, ըստ այդմ՝ ասել են սառեցնել, բայց քանի դեռ չեն ասել դուրս գալ, Հայաստանը չի ասում դուրս գալու մասին:
Թեև, այդ դեպքում ինչո՞ւ է ասում «անդառնալիության» կետն անցած լինելու մասին: Փաշինյանը կհայտարարե՞ր այդ մասին, եթե Պուտինն օրինակ ՀԱՊԿ գագաթնաժողովի առիթով չաներ Հայաստանի վերաբերյալ հայտնի հայտարարությունները: Նիկոլ Փաշինյանը դրանից հետո՞ է որոշել, որ Հայաստանն անցել է «անդառնալիության» կետը:
Հայաստանը, իհարկե, ունի իր որոշումը կայացնելու ինքնիշխան իրավունք, բայց որոշումները պահանջում են ոչ միայն ինքնիշխանություն, այլ նաև լրջամտություն: Ավելին՝ լրջմտությունն է ինքնիշխան կարողությունների իրական աճի ճանապարհը, այլ ոչ թե հռետորային աճպարարությունը, որը սպառնում է ունենալ միայն սեփական ընտրազանգվածի շրջանում, իսկ աշխարհում առաջացնել ոչ թե պահանջարկ, այլ մեղմ դեպքում՝ տարակուսանք:
Բաց մի թողեք
ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է 4000-րդ պարեկությունը. Լուսանկար
Հայաստանի անվտանգության ճարտարապետության համար կարևոր դետալներից է
ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով