12/12/2024

Ազատված 32 վարորդներից 28-ը դիմել են աշխատանքի վերականգնվելու խնդրանքով

Երեւանի ավտոբուսների վարորդների մի մասը գործադուլ էր անում՝ պահանջելով, որ քաղաքապետարանը բարելավի աշխատանքային պայմանները, մասնավորապես՝ զուգարանի խնդիր ունեն, գործից հետո ավտոբուս լվանալու հարցը կա, որն իրենք են անում, բացի դա` աշխատավարձերն են ուզում բարձրացնեն եւ այլն։

Հրապարակ թերթը գրել է․ Մինչ վարորդները բողոքում էին պայմաններից, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարությամբ հանդես եկավ, թե որեւէ կոմպրոմիսի չեն գնալու, շանտաժի չեն տրվելու, դրան հետեւեցին քաղաքապետարանի պատժիչ գործողությունները․  32 վարորդի ազատեցին աշխատանքից, նրանց ազատման հիմքում օրենսդրական այն կետն է, որ աշխատանքային ժամին գործադուլ են արել, եւ դրա մասին, ինչպես օրենքն է պահանջում, չեն տեղեկացրել 14 օր առաջ։

Բացի սրանից, Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ հաղորդում ներկայացրեց գլխավոր դատախազություն՝ քրեաիրավական գնահատական տալու վարորդների գործողություններին։

Գլխավոր դատախազությունից մեզ այսօր փոխանցեցին, որ դիմումը ուսումնասիրվում է, այլ տեղեկություն չտրամադրեցին։

Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք՝ այսօր գործադուլ անող վարորդներ եղե՞լ են, եւ 32 ազատված վարորդներից դիմողներ եղե՞լ են` աշխատանքում վերականգնվելու համար։ Մեզ պատասխանեցին, որ այսօր բողոքի ակցիա անող չի եղել, բոլորն աշխատում են։
Ինչ վերաբերում է ազատված վարորդների` աշխատանքում վերականգնվելուն, նշեցին՝ 32 վարորդները խնդրել են, որ իրենց ազատման դիմումները փոխարինվեն սեփական դիմումով աշխատանքից ազատվելու տարբերակով, որը քաղաքապետարանն ընդունել է․ «Այսինքն՝ 32 հոգի եկել, ասել է՝ իմ սեփական դիմումի համաձայն եմ ազատվում, որոնցից 28-ը նոր դիմում են ներակայացրել, որպեսզի ընդունվեն աշխատանքի։ Փաստացի 32-ից 28-ը ցանկություն է հայտնել, որ վերադառնա աշխատանքի, իսկ մյուս 5-ը առհասարակ չեն ուզում աշխատել։ 28 հոգու մասով, ովքեր ցանկություն են հայտնել վերադառնալու եւ աշխատելու, այս 28 հոգու մասով առանձին-առանձին կքննարկվեն «Ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից եւ վերջարդյունքում՝ համապատասխան որոշումները կկայացվեն»։

Ստացվում է, որ Տիգրան Ավինյանի կոշտ մեթոդներն  իրենց արդյունքը տվեցին, վատ պայմաններից ու աշխատավարձերից բողոքող վարորդները պատրաստ են կրկին նույն տեղում նույն պայմաններով աշխատել, իհարկե, չի բացառվում, որ հետագայում իրավական ինչ-ինչ խնդիրներից խուսափելու, գործազուրկ չդառնալու համար են փոշմանել։