12/12/2024

Ինչ արժե Ամանորի գիշերը երևանյան ռեստորաններում, ովքեր են երգելու

Շատերի մոտ Ամանորը սպասված տոնից վերածվել է հոգսի՝ ի՞նչ դնել սեղանին, ինչո՞վ զարմացնել հարևան-բարեկամին և այլն:

Սրանով պայմանավորված՝ վերջին տարիներին Հայաստանում նախընտրում են Նոր տարին դիմավորել ռեստորաններում, ժամանցի տարատեսակ վայրերում։

«Հրապարակը» փորձեց ճշտել, թե ինչ արժե Ամանորի գիշերը «Բելաջիո» ռեստորանային համալիրում: Ռեստորանից ասացին, որ մեկ անձի արժեքը 60-70 հազար դրամ է: Նախորդ տարի այստեղ արժեքը սկսվում էր 40 հազար դրամից: Դեկտեմբերի 31-ի գիշերը «Բելաջիո»-ում երգելու են՝ Թաթուլ Ավոյանը, Արաբո Իսպիրյանը, Գայա Արզումանյանը, Մագան և Ռուզաննա Ավետիքյանը: Միջոցառումը վարելու են Մաշա Մատվեյեվան ու Եգոր Գլումովը: Լինելու է Ձմեռ պապ և Ձյունանուշ:

«Դվին մյուզիք հոլ»-ից էլ մեզ հետ զրույցում ասացին, որ մեկ անձի արժեքը սկսվում է 150 հազար դրամից և հասնում է մինչև 180 հազար դրամ: Արժեքի տարբերությունը բեմի հեռավորությամբ է պայմանավորված: Այստեղ երգելու են՝ Սարո Թովմասյանը, Արկադի Դումիկյանը, «Հայաթ» պրոջեքթը: Աշխատակիցը նաև նշեց, որ ազատ տեղեր գրեթե չեն մնացել: