13/12/2024

Հակասական լուրեր Սիրիայի նախագահի լինել – չլինելու մասին, ինքնաթիռը կործանվե՞լ է

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ինքնաթիռն անհետացել է ռադարներից, հայտնում են Reuters-ը և Lenta.ru-ն՝ վկայակոչելով Flightradar 24 ծառայության տվյալները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական կառավարական ինքնաթիռը օդ է բարձրացել Դամասկոսի օդանավակայանից։

Միաժամանակ, ինչպես գրում են ռուսաստանյան լրատվամիջոցները, Սիրիայի նախագահի գրասենյակը վստահեցրել է, որ նա գտնվում է երկրում և չի լքել այն։

Ըստ Al Jazeera-ի, օդանավակայանը թուրքամետ զինյալների հսկողության տակ հայտնվելուց մի քանի րոպե առաջ թռիչքներին հետևող համակարգերը մեկ ինքնաթիռ են հայտնաբերել Սիրիայի օդային տարածքում:

Syrian Air 9218 համարով Իլ-76 ինքնաթիռը վերջին թռիչքն է եղել Դամասկոսից։

Սկզբում ինքնաթիռը ուղղվել է արևելք, հետո թեքվել հյուսիս։ Մի քանի րոպե անց նրա ազդանշանն անհետացել է, երբ նա պտտվել է Հոմսի վրա:

Իր հերթին, CNN-ը, վկայակոչելով թուրքամետ ուժերի իրազեկ աղբյուրին, հայտնում է, որ Բաշար Ասադի ակտիվ որոնումներ են ընթանում, զինյալները հարցաքննում են սիրիական զինվորական սպաներին և հետախուզության աշխատակիցներին, որոնք կարող են տեղյակ լինել նրա տեղաշարժերին։

Նշվում է, որ կիրակի վաղ առավոտյան ապստամբների մայրաքաղաք մտնելուց հետո Սիրիայի նախագահին ոչ ոք ոչ տեսել է, ոչ էլ՝ լսել:

Մեծ է հավանականությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարող էր զոհվել ավիավթարի հետևանքով, Reuters-ին հայտնել են սիրիական աղբյուրները։

Ինքնաթիռը, որը ենթադրաբար տեղափոխում էր Ասադին, ուղեւորվում էր դեպի ափամերձ շրջաններ, որտեղ տեղակայված են ռուսական ռազմակայանները։

Տեղական ժամանակով 5:32-ին ինքնաթիռը կտրուկ շրջվել է և սկսել իջնել, իսկ 5:39-ին անհետացել է ռադարներից մոտ 500 մետր բարձրության վրա: Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։