Դեկտեմբերի 8-ից մեկնարկած Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրությունները շարունակվում են և կավարտվեն դեկտեմբերի 10-ին: Դրանք, ինչպես հայտնի է, անցկացվում են փրայմերիզի ձևաչափով:
Գործընթացի շրջանակներում քաղաքը բաժանվել է 5 մասի, ձևավորվել է 5 խումբ, որոնք քվեատուփով և քվեաթերթիկներով շրջում են Գյումրու փողոցներում և թաղերում, պատահականության սկզբունքով քաղաքացիներին առաջարկում մասնակցել ընտրությանը:
«Տարածքների փողոցների ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ, իսկ փողոցներում հարցումներն արդեն սոցիոլոգիական մեթոդներով են: Նշեմ, որ հարցումները՝ ամեն տնից մեկ քվե սկզբունքով են անցկացվում»,- դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Եթե նախօրոք բոլորն իմանան, թե մեր շրջիկ խմբերը ուր են գնալու, ում դուռն են թակելու, մենք կարծում ենք՝ այստեղ մենք գործընթացի վստահելիության հետ կապված կարող է խնդիր լինի, թող որևէ մեկը մեզանից չնեղանա, ընտրանքով են մեր շրջիկ խմբերն առաջնորդվում և պատահականության սկզբունքով են դռները թակում»,- ասել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Բոլոր շրջիկ խմբերը կրում են մարմնի տեսախցիկներ, ամբողջ գործընթացը տեսանկարահանվում է։ Այդ խմբերի անդամները ՔՊ-ի երիտթևի ներկայացուցիչներ են և Գյումրիից չեն։
«Ասեմ, որ ընդհանուր պրոցեսը շատ սահուն է ընթանում: Մեկ-երկու աննշան միջադեպեր են տեղի ունեցել՝ խուլիգանական դրսևորումներով, ինչ-որ խումբ փորձել է խոչընդոտել գործընթացը: Ի դեպ, «Անկախ դիտորդ» հասարակական կազմակերպությունը դիտարկում է նախնական ընտրությունների ընթացքը»,- նշել է նա:
Քվեատուփերը կնիքված են և չեն բացվում, պահվում են կուսակցության գրասենյակում, տեսահսկվում են: Բոլոր քվեատուփերը կբացվեն գործընթացի ավարտին:
Դեկտեմբերի 8-ի օրվա ավարտին 313 քվեարկություն է կատարվել: Նախնական պատվիրվել է 2500 քվեաթերթիկ, անհրաժեշտության դեպքում կավելացվի թիվը:
Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնի համար ինքնառաջադրվել և կպայքարի 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը:
Բաց մի թողեք
Խափանումներ Meta-ի աշխատանքում. խնդրին նաև Հայաստանի օգտատերերն են բախվում
Դեկտեմբերի 12-ի աստղագուշակ․ Հնարավոր են գործնական նոր առաջարկներ
Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից