12/12/2024

Գյումրիում ժամանակավոր պաշտոնակատարի հարց չէ, որ լուծվում է ․․․

Թեպետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե օրենսդրական անհապաղ քայլերի է գնում՝ Գյումրիում կառավարման ճգնաժամը վերացնելու համար, փոխում է ՏԻՄ օրենքը, որ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար կարողանա նշանակել, որ նա էլ ընտրություն կազմակերպի, սակայն ճգնաժամը հաղթահարելու անվան տակ իրականում իշխանազավթում է իրականացվում՝ Վանաձորի, Ալավերդու եւ բոլոր մյուս համայնքների սցենարով, որոնցում ՔՊ-ն մեծամասնություն չէր գրավել, եւ իշխանական համայնքապետ չէր ընտրվել, բայց ՔՊ-ն որոշ ժամանակ անց քրեաիրավական ճնշումներով զավթեց իշխանությունն այդ համայնքներում։ 

Հրապարակ թերթը գրել է․ Գյումրիում եւս նախնական ընտրություններից կամ, այսպես կոչված, փրայմերիզներից հետո Փաշինյանը կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, որը մինչեւ գարնան վերջ կղեկավարի համայնքը, եւ մոտ 4-5 ամիսը լիովին բավարար է, որ ե՛ւ տեղերում բացառապես յուրայիններ նշանակվեն, ե՛ւ գյումրեցիների աչքը սովորեցնեն իրենց քաղաքապետի թեկնածուին եւ վերջում էլ ադմինիստրատիվ լծակները գործադրելով, ընտրություններում փաստացի զավթեն հանրապետության երկրորդ քաղաքը։

Հակառակ դեպքում, ՏԻՄ օրենքում ԺՊ-ի նշանակման փոփոխություններին զուգահեռ, իշխանությունը կվերանայեր նաեւ ավագանու լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին հոդվածը եւ Գյումրիում օր առաջ ընտրություններ կնշանակեր՝ հերքելով  քաղաքական հակառակորդների պնդումները, թե իշխանությունը մտադիր է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարից «փրգիչ» կերտել, որ ընտրություններում գլխացավանքի մեջ չընկնի։

Այսպիսով՝ անցած ուրբաթ օրը խորհրդարանը հրատապ ռեժիմով քննարկեց ՏԻՄ օրենքը եւ փոփոխություն կատարեց օրենքում, որ մինչեւ համայնքի նորընտիր ղեկավարի պարտականությունների ստանձնումը ՀՀ վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Ավելին, անգամ մտածել են ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում եւս ապահովագրել եւ պաշտոնակատարի նշանակումը վերապահել կառավարությանը․ «Եթե համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր է եւ միաժամանակ թափուր է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, կամ առկա են համայնքի ղեկավարի տեղակալի կողմից իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ, ապա ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը՝ բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար, մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»:

Փոխարենը կարող էր ֆորսմաժորային նման իրավիճակներում, դիցուք՝ ավագանիում քվորումի բացակայության հիմքով կրճատեր ավագանու լիազորությունների դադարեցման ժամկետը եւ օր առաջ նշանակեր ընտրություն։ Մինչդեռ, գործող կարգավորումների համաձայն, Գյումրու ավագանին ազատ կարձակվի մայիսի կեսերից հետո։

Ըստ օրենքի՝ «ՀՀ կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում»։ Դեկտեմբերի վերջին լրանում է Գյումրու ավագանու հերթական նստաշրջանը, վերջին երեք ամսվա ընթացքում, սակայն, ավագանին նիստ է անցկացրել, վերջին նիստը հոկտեմբերի 28-ին էր, այսինքն՝ եռամսյա ժամկետը, երբ նիստեր չանելու հիմքով կառավարությունը վաղաժամ կարող է դադարեցնել ավագանու լիազորությունները, անցնող նստաշրջանի վրա չի կարող գործել եւ հաշվարկվելու է գալիք տարվա փետրվարի կեսերից։ Ըստ ՏԻՄ օրենքի՝  «Ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչեւ հունիսի վերջին չորեքշաբթին եւ սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչեւ դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ»:

Սա նշանակում է, որ հաջորդ տարվա փետրվարի կեսերից սկսած երեք ամիս, եթե Գյումրու ավագանին նիստեր չանցկացնի, կառավարությունը կարող է լուծարել ավագանու լիազորությունները, ի դեպ, սա էլ իմպերատիվ պահանջ չէ, եւ Նիկոլ Փաշինյանը, չի բացառվում, որ մի քանի ամիս ավելի պահի Գյումրին ԺՊ-ի հույսին եւ ավագանու լիազորությունները լուծարի ոչ թե մայիսի վերջերին, այլ՝ աշնանը, որ ընտրություններ չանցկացնի։ Եթե, իհարկե, այդ ընթացքում չզգան, որ իրենց թեկնածուն այնքան ռեյտինգ է հավաքել, որ ունակ է հաղթելու:

Հիշեցնենք, որ ՔՊ-ի Գյումրու քաղաքապետի ԺՊ-ի թեկնածուներն են ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Առուշանյանն ու Կարեն Սարուխանյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ, Նիկոլ Փաշինյանի կնոջ ազգական Վահագն Մկրտչյանը, ՔՊ ավագանու անդամ Շավարշ Արամյանը, ՔՊ երիտթեւի Գյումրու համակարգող Էմմա Բարսեղյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը, Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լեւոն Անանյանը: