12/12/2024

Իսրայելական տանկերը դուրս են եկել Սիրիայի հետ սահմանի բուֆերային գոտուց և Դամասկոսից 20 կմ հեռու են

Իսրայելական տանկերը դուրս են եկել Սիրիայի հետ սահմանի բուֆերային գոտուց և նկատվել Դամասկոսից մոտ 20 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։

Տանկերը դուրս են եկել բուֆերային գոտուց այն կողմ, որտեղ Իսրայելը զորքեր է տեղակայել այս շաբաթվա սկզբին և տեղակայված են եղել հարավային Կատանա գյուղի մոտ, որը գտնվում է Սիրիայի մայրաքաղաքից 21 կմ հեռավորության վրա։ Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը, նշում է Al Mayadeen-ը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Սիրիայի հետ սահմանի երկայնքով պաշտպանվելու նպատակով հետևակ և զրահատեխնիկա էր տեղակայվել, իսկ դեսանտայինները բուֆերային գոտում էին՝ սպառնալիքները կանխելու համար։

Դեկտեմբերի 8-ի առավոտյան Իսրայելի բանակը հայտարարել է Սիրիայի հետ սահմանին գտնվող բուֆերային գոտում իր ուժերի տեղակայման մասին։

Ինչպես պարզաբանել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, այդ գործողությունները ձեռնարկվել են Արաբական Հանրապետությունում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ, կրում են պաշտպանական բնույթ և ժամանակավոր միջոց են։