Փարիզում Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահների հետ եռակողմ հանդիպման առնչությամբ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ցանկանում է հրադադար, ցանկանում է խաղաղություն:
«Սա նոր բան է: Նա հրադադար է ցանկանում: Նա ցանկանում է խաղաղություն հաստատել: Մենք մանրամասները չենք քննարկել:
Նա կարծում է՝ ժամանակը եկել է և Պուտինը պետք է նույնը մտածի, որովհետև կորցրել է 700,000 մարդ: Այս ամենը չի ավարտվի, քանի դեռ խաղաղություն չկա: Հիմա ձևակերպում եմ հայեցակարգ՝ ինչպես վերջ տալ այս անհեթեթ պատերազմին», – հայտարարել է Թրամփը:
Օրեր առաջ Թրամփի ձգտման հնարավորության աճի մասին հայտարարել էր Հունգարիայի արտգործնախարար Սիյարտոն, որը մեկնել էր Մոսկվա: Մյուս կողմից, Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել հարցը, եթե Կիևը հրաժարվի չորս շրջաններից, ինչպես նաև ՆԱՏՕ անդամության հեռանկարից:
Այլ կերպ ասած, Պուտինը չի պատկերացնում հրադադար, որը կենթադրի նահանջ առնվազն այսօր եղած դիրքերից և իրավիճակից: Այդ դեպքում ստացվում է, որ նահանջողը պետք է լինի Կիևը: Բայց Զելենսկին ինչպե՞ս պետք է հիմնավորի այդ ամենը ուկրաինական հասարակությանը: Դա գործնականում անհնարին է:
Հետևաբար, գրեթե անպատկերացնելի է, թե ի՞նչ հայեցակարգ պետք է մշակի Թրամփը, որ հնարավոր դարձնի հրադադարն Ուկրաինայում: Մյուս կողմից, այստեղ հարկ է ուշադրության արժանացնել այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում:
Լայն հանրության համար Սիրիայում տեղի ունեցածը անպատկերացնելի էր, օրինակ, նոյեմբերի 24-ին, բայց տասը-տասներկու օր անց այլևս գոյություն չունի Ասադի իշխանություն և Սիրիայում լիովին նոր ստատուս-քվո է:
Ընդ որում՝ ակնառու է, որ դա ձեռք է բերվել ոչ թե ծանր մարտերի գնով, այլ, իհարկե, զինված խմբավորումների մասնակցությամբ, սակայն ակնհայտորեն լայն աշխարհաքաղաքական համաձայնության համատեքստում:
Ըստ այդմ՝ երբ այդ համատեքստը կառաջանա Ուկրաինայի հարցում, ապա բոլորովին պետք չէ բացառել, որ այսօր հանրայնորեն անհնարին թվացող հրադադարը կարող է հանկարծ հնարավոր դառնալ հաշված օրերի ընթացքում:
Ավելին, այստեղ գուցե ավելորդ չէ դիտարկել երկու իրավիճակների որոշակի «կապակցվածության» սցենար: Թերևս բոլորի համար է հասկանալի, որ ինչպես Սիրիայում որոշողն Ասադը չէր, այդպես էլ Ուկրաինայում որոշողը Զելենսկին չէ:
Իսկ զիջողը լինում է նա, ով որոշողը չէ: Հետևաբար, գրեթե վստահ հնարավոր է ասել, որ ուկրաինական հրադադարի համաձայնության և իրագործման պարագայում զիջողը լինելու է Կիևը: Մյուս կողմից, իսկ արդյո՞ք Մոսկվան էլ իր բաժին զիջումն արեց Սիրիայում:
Բաց մի թողեք
Ռուսաստանը պարտվում է, այժմ տարածաշրջանի տերն ու տիրականը Թուրքիան է. The Telegraph
Մակրոնի խորհրդավոր զանգը Իվանիշվիլիին
Թեհրանը բացահայտ հասկացնում է Իսրայելին, որ «վառոդամանը չի դատարկվել»