ՔՊ–ն երեկ ամփոփել է փրայմերիզի արդյունքները, որոնց համաձայն անկուսակցականը հաղթել է ՔՊ-ականներին:
Ըստ այդմ՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար կնշանակվի Սարիկ Մինասյանը։ Նա ստացել է 253 ձայն։ Երկրորդ տեղում էր Շիրակի նախկին մարզպետ, ՔՊ–ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը` հավաքելով ընդամենը 143 ձայն։
Այսպիսով, առաջին ուշագրավ արձանագրումը. Գյումրիում ՔՊ-ի վարկանիշը սարսափելի ցածր է, ինչի հետևանքով՝ «չարյաց փոքրագույնի» սկզբունքով, գյումրեցիները կուսակցական փրայմերիզի ժամանակ որոշեցին գերապատվությունը տալ ոչ կուսակցական մեկին, ով նախորդ գումարման խորհրդարանում եղել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ:
Փրայմերիզին մասնակցել է 1000-ից մի փոքր ավելի մարդ, ինչը էլեկտորալ առումով չնչին մի թիվ է Գյումրիի համար:
Սարիկ Մինասյանը համարվում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Արման Սահակյանի թիմակիցը: Արման Սահակյանի բիզնեսները ծաղկել են նախկին իշխանությունների օրոք, սակայն նա հաջողությամբ ինտեգրվել է այսօրվա իրականությանը:
Եթե Փաշինյանն ու ՔՊ-ն Գյումրիի առաջիկա ընտրություններում որոշել են օգտագործել Արման Սահակյանի ռեսուրսը, ապա այդ փաստն ինքնին հուշում է, որ Գյումրիում կառավարող կուսակցության վարկանիշը շատ ցածր է:
Եվ վերջապես, Գյումրիի փրայմերիզը ևս մեկ անգամ փաստեց, որ Փաշինյանը սկսել է սեփական թիմը թիրախավորելու գործընթաց՝ համապետական ընտրությունների շեմին փորձելով հանդես գալ նոր այցեքարտով:
Սուրեն Սուրենյանց
Բաց մի թողեք
Հայտարարում եմ, որ շարունակելու եմ մնալ ՔՊ-ի լիարժեք անդամ. Ասլանյանը մտքափոխվե՞լ է
Ինչ նամակագրություն են ունեցել Հակոբ Ասլանյանն ու ԲՏԱ նախարարը. պարզաբանում
Դավիթ Առուշանյանն անդրադարձել է պատգամավորական մանդատը վայր դնելուն